Հայերեն   English   Русский  

ՊԵԿ-ը կշարունակի արտոնյալ պայմաններով նոր սերնդի ՀԴՄ-երի տրամադրումը


  
դիտումներ: 987

Կառավարության որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով գումար կհատկացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին:

Դա կապահովի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե քանի ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ազատականեցնելով ՀՀ-ում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գործընթացը: Որոշմամբ նախատեսվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումն կիրականացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սահմանվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանում գրանցման, գրանցումից հանման, ինչպես նաև այդ գրանցամատյանի վարման կարգը: Ամրագրվում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել ՀՀ կառավարության 2012թ. համապատասխան որոշմամբ հաստատված գների համապատասխան չափերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: