Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների «լիրիկական» վերլուծություն. Արմեն Պետրոսյան


Ֆեյսբուքյան գրառում


  
դիտումներ: 977

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին.

«Այնպես է ստացվել, որ Ֆրանսիայի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ դեռ մանկությունից ունեցել եմ առանձնահատուկ վերաբերմունք, իսկ ներկայում էլ մեծ հետաքրքրությամբ, անհանգստությամբ հետևում եմ այդ երկրում ծավալվող կամ նրա հետ կապված քաղաքական գործընթացներին:

Նախագահական ընտրություններին նախորդած ներքաղաքական, ներկուսակցական զարգացումների արդյունքում արդեն ընտրությունների առաջին փուլից հետո Ֆրանսիայում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ երկիրը կանգնել էր թեկնածուներից հնարավոր «վատի» և «վատագույնի» միջև ընտրության առջև. արդյունքում գոնե ֆրանսիացիների մեծամասնության ընտրությունը կանգնեց «վատի» օգտին («վատագույնի» հետ կապված հոգեբանական-քարոզչական միֆերն այլ վերլուծության թեմա են):

39-ամյա Էմանուել Մակրոնի՝ որպես Ֆրանսիայի նորագույն պատմության ամենաերիտասարդ առաջնորդի հասցեին ուղղված ամենահիմնարար քննադատություններից մեկը նրա՝ գերտերություն ղեկավարելու համար չափազանց երիտասարդ տարքին ու քաղաքական փորձի պակասն են, ինչի հետ դժվար է չհամաձայնել:

Բայց քանի որ վերլուծության հիմքում ի սկզբանե դրվել է լիրիկական բաղադրիչը և լավատեսական ուղղվածությունը, ապա նշեմ մի քանի կարևոր առանձնահատկություն, որոնք կարող են դրական ակնկալիքներ ապահովել Ֆրանսիայի կանխատեսելի ապագայի հետ կապված՝

1.Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ կապված ուշագրավ իրողություններից մեկն էլ կապված է նրա անձնական կյանքի հետ. Մակրոնն ամուսնացել է իր ֆրանսերենի ուսուցչուհու հետ, ով նաև մեծ ավանդ է ունեցել ամուսնու անձնական ձեռքբերումներում և մեծ է նրանից 24 տարով: Այս փաստի հոգեբանական վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Մակրոնը գիտի սիրել, նպատակասլաց է և ամուր արժեքների տեր:

2.Վերոնշյալի համատեքստում, ունենալով խելացի, նվիրված կողակից, սիրառատ և կայացած ընտանիք, ասել է թե՝ հաջող անձնական կյանք, նաև մեծապես դրա և որակյալ կրթության շնորհիվ բավական երիտասարդ տարիքի համար Մակրոնը հասել է շատ լուրջ ձեռքբերումների բիզնես գործունեության, պետական ծառայության, փաստորեն, նաև քաղաքական բնագավառներում:

3.Սիրելու(նաև հայրենիքը), ձգտելու և հասնելու անձնական հատկանիշները, դրան գումարած, նաև հաջողակ լինելու, օրինակելի ընտանիք ունենալու գործոնները կարող են մեծապես նպաստել Ֆրանսիայի երիտասարդ նախագահի բավական արդյունավետ գործունեությանը նաև երկրի ամենաբարձր քաղաքական պաշտոնում:

Այսպիսով, հերթական անգամ ամրապնդվում է այն համոզմունքս, որ բավական հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Հատկապես գլոբալիզացիայի ազդեցության գագաթնակետին գտնվող մերօրյա աշխարհի առաջնորդների բավական ուշագրավ ներկապնակը համալրվեց ևս մեկ ոչ պակաս յուրահատուկ օրինակով, ինչն, անշուշտ, ավելի հետաքրիր կդարձնի արդի համաշխարհային քաղաքականությունը:

Հ.Գ.1. Ի համեմատություն առնվազն վերջին 2 իրավանախորդների՝ Ն.Սարկոզիի և Ֆ.Օլանդի հետ, ում անձնական կյանքը և քաղաքական կարիերան այնքան էլ հաջող ընթացք չեն ունեցել, առնվազն առաջին ուղղությամբ Մակրոնն արդեն լուրջ առավելություն ունի:

Հ.Գ.2. Թերևս, ճիշտ էր Մակրոնի մրցակից ազգայնական Մարին Լը Պենը՝ նախընտրական ելույթներից մեկում հնչեցնելով հետևյալ միտքը՝ անկախ ընտրությունների արդյունքներից, Ֆրանսիայում իշխողը կին է լինելու. Լը Պենն ի նկատի ուներ իրեն կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Փոքր-ինչ շտկելով Լը Պենին՝ Ֆրանսիայում իշխողը,այո, կին է լինելու, բայց ոչ նրա նշածները, այլ՝Բրիջիտ Տրոնյեն, կամ որ նույնն է՝ տիկին Մակրոնը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: