Հայերեն   English   Русский  

Բախումնազերծ շրջանների ստեղծումն ազդեցության գոտիների բաժանման գործընթացի մեկնարկն է Սիրիայում. արաբագետ


  
դիտումներ: 1356

Սիրիայի հակամարտությունում այս փուլում կարևոր են երեք կետեր՝ հակաահաբեկչական պայքարը, բախումնազերծ շրջանների ստեղծումը և ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբերի միջև:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցենք, որ ռուսական կողմը հանդես է եկել բախումնազերծ գոտիների ստեղծման առաջարկով՝ Սիրիայում գործող հարաբերական հրադադարի ռեժիմը զարգացնելու և այդպիսով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու համար:

Պարոն Պետրոսյանը խոսքով՝ ռուսական կողմը հասկանալով, որ գործող դերակատարաների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում մի ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակ՝ ապահովելով նաև նրանց շահերը , տրամադրելով ազդեցության գոտիներ: Ըստ էության՝ դա ազդեցության գոտիների բաժանման գործընթացի մեկնարկ է Սիրիայի տարածքում:

«Ըստ դրա՝ հյուսիսում հիմնականում հնարավոր է Թուրքիայի , նաև Իրանի և ՌԴ մասնակցությունը, Հալեպում Իրանի մասնակցությունը, Իդլիբում ամբողջապես Թուրքիայի մասնակցություն կլինի, քանի որ այն վերահսկվում է ընդդիմադիրների կողմից, լաթաքիայում Ռուսաստանի մասնակցությունը, Հոմսում՝ ռուսական կողմի մասնակցությունը, Դամասկոսում դարձյալ հնարավոր է Ռուսաստանի և Պարսից ծոցի որոշ երկրների մասնկացությունը: Հարավում ռուսական կողմը ցանկանում է ներգրավել Պարսից ծոցի երկրներին և Միացյալ Նահանգներին»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Իսկ թե ինչ արդյունքներ կլինեն, ըստ արաբագետի, դժվար է նշել: Դա ցույց կտա ամերիկյան և ռուսական կողմերի միջև, Ռուսաստան-արաբական երկրներ բանակցությունները: «Իմաստն այն է, որ այն արտաքին դերակատարները, որոնք խոչընդոտեցին հրադադարի ռեժիմի պահպանումը, ներգրավվածություն ունենան Սիրիայի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Թե ինչպիսի արդյունքներ կլինեն, պարզ կդառնա առաջիկա ամսվա ընթացքում: Գոտիների ստեղծման մասին հայտարարվել է մայիսի 6-ին, սակայն այդ ուղղությամբ ուղղակի գործողությունը սկսվելու է հունիսի սկզբից»:

Արմեն Պետրոսյանը նշեց, որ բախումնազերծ գոտիների ստեղծումը հետապնդում է մի քանի նպատակ. «Այդ գոտիների ամենագլխավոր նպատակը մարդասիրական իրավիճակի բարելավումն է նշված շրջաններում: Այդ 4 շրջանները Սիրիայի փոքր հատվածն են, սակայն խիտ են բնակեցված: Խոսքը մոտ 3 միլիոն և ավելի բնակչության մասին է»:

Բացի այդ, այդ բաժանման շնորհիվ հնարավոր կլինի ընդդիմադիր կողմերի միջև տարանջատում կատարել, քանի որ դրանց շարքերում կան միջազգային կազմակերպությունների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներ, օրինակ, «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչը Սիրիայում՝ «Ջաբաթ Ան-Նուսրան».« Ընդդիմադիրների միջև տարանջատում կատարելուց հետո բանակցություներն ավելի արդյունավետ կդառնան»:

«Շուտով Ժնևում վերսկսվելու են ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների հերթական շրջափուլը: Եթե այս ծրագիրը հաջողվի, քաղաքական գործընթացն ավելի դյուրին կլինի»,- նշեց Արմեն Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: