Հայերեն   English   Русский  

Նոր քաղաքական իրողություն


ՀՀԿ-ն մնաց հպարտ միայնության մեջ


  
դիտումներ: 1120

Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այդպես արագ հրաժեշտ կտանք նախկին վարչապետին, որ նոր վարչապետի աթոռին կտեսնենք Հովիկ Աբրահամյանին ու դեռ ավելին` ԱԺ ամբիոնի կենտրոնական աթոռին էլ կբազմի Գալուստ Սահակյանը: Եթե սրան էլ գումարենք «տարած-հետ բերած» ընդդիմադիրի` ՕԵԿ-ի նոր կարգավիճակը, ապա համապատկերն առավել գունագեղ ու հետաքրքիր է դառնում…

Մեր միշտ հին ու նոր կառավարությունը

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո որոշակիորեն ակտիվացան այն տեսակետները, թե նոր վարչապետն իր անձնական որակների` ամենատարբեր մարդկանց և քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» կարողության շնորհիվ դրական փոփոխություններ կմտցնի ներքաղաքական միապաղաղ կյանքում, նույնիսկ աշխույժ շրջանառվում էին տարբեր ձևերով ու դասավորություններով կոալիցիաների կազմման կանխատեսումներ: Բայց արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ոչ միայն նոր կոալիցիոն գործընկեր ձեռք չբերեց, այլև կորցրեց իր կոալիցիոն միակ դաշնակցին` ՕԵԿ-ին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ ապրիլի 28-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրելով, տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմադիր ուժ է: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին անգամ իբրև ընդդիմադիր հանդես գալով` նշեց, որ իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը:

Բայց առավել ուշագրավ էր ՕԵԿ պատգամավորի մեկ այլ հայտարարություն: Անդրադառնալով ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատություններին` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ժողովուրդը կտա ամեն ինչի արժանի գնահատականը, քանի որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը` արդար դատավոր:
«Երկիրը փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ հանդես գան ոմանք որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ, միևնույն է, տեսանելի է, որ բորենին երբեք աղավնի չի դառնում»,- ասաց նա:

Իսկ նոր կառավարությունն էլ, պարզվեց, այնքան էլ նոր չէ: Կառավարության 18 նախարարներից ու աշխատակազմի ղեկավար-նախարարից 9-ը վերանշանակվեցին: Ընդ որում, եթե ուշադիր նայենք, վերանշանակվեցին, պայմանականորեն ասած, առավել ծանրակշիռ դիրք ունեցող նախկին ու արդեն իսկ նոր նախարարները: Այսինքն` պարզ է, որ կառավարության ծրագրերի, ռազմավարության ու մարտավարության մեջ էական փոփոխություններ չեն լինի: Նոր նշանակված չորս նախարարների ու աշխատակազմի ղեկավար-նախարարի անունները նույնպես ամենևին էլ թարմություն չեն խոստանում: Մասնավորապես, նոր կառավարության կազմում նոր պաշտոններ ստացան ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը կբռնի ֆինանսների նախարարի պորտֆելը և կառավարությունում նոր մարդ չէ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որին Երևանը «քաղաքաշինելուց» հետո հիմա էլ վստահեցին ամբողջ Հայաստանի քաղաքաշինության գործը, նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի նոր պորտֆելն էլ վերցրեց Կարեն Ճշմարիտյանը` նախկին նախարար, մինչև նշանակումն էլ նույն «հին» ՀՀԿ-ի անդամ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր: «Միշտ հին ու նոր» կառավարության կազմում միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է հայտնություն: Մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին էլ մամուլում նշվում են անուններ, որոնք, մեղմ ասած, նոր ոչինչ չեն ասում, բացի հին վերքերը բորբոքելուց;

Մի խոսքով, կառավարությունը թարմացնել չհաջողվեց, կամ ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Հայաստանի ներքին քաղաքականությունը նման է թատերական ներկայացման, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են նրանց դերերը»: Մեսրոբյանը հավելեց նաև, որ Հայաստանում ձևավորված է օլիգարխիկ պետական համակարգ, որն ամբողջ աշխարհում համարվում է հետամնաց համակարգ, հետևաբար անիմաստ է սպասել որևէ առաջընթացի, այս պայմաններում Հայաստանը ապագա չունի:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը վարչապետի փոփոխությունից հետո կառավարության ձևավորման գործընթացում կարևորում է ընդդիմության և իշխանության դերակատարումները: Քաղաքագետն օրերս կայացած մամլո ասուլիսում առանձնացրեց վարչապետի հրաժարականից հետո երեք սցենար, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն և ընդդիմությունը: Ըստ նրա` առաջին սցենարը հիմնական դերակատարների` ՀՀԿ-ի ու ընդդիմության շրջանակներում կառավարություն ձևավորելն էր, երկրորդ սցենարը` գտնել տարբերակ նվազագույն կոալիցիայի պահպանման համար և երրորդ սցենարը` եթե օրակարգում եղել է լայն կոալիցիայի ձևավորման հարց` փորձել ձևավորել այդ լայն կոալիցիան: Այս իրադարձություններին ընդդիմադիր դաշտի արձագանքը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ նրանք պատրաստ չէին նման զարգացումների: «Փաստորեն, ըստ էության կատարվեց առաջին սցենարը, այսինքն` մեկ քաղաքական ուժի պայմաններում ստեղծել կառավարություն»,- ասաց նա:

Այսպիսով, մենք ունենք նոր վարչապետ, նոր կառավարություն, և բացառությամբ տնտեսական բլոկի մի մասի, մնացած բոլոր նախարարները շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Ապրիլի 29-ին քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այդ փաստը բացատրեց այն հանգամանքով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ քաղաքական ապագայում` առնվազն մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկիզբը, նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել: Նա կարծում է, որ այդ պատճառով նպատակ էր դրված նոր վարչապետի շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերի, սակայն դա չստացվեց: Այս կառավարությունը, ըստ Մարգարովի, ցույց տվեց այն, ինչի մասին խոսվում էր անցյալ տարի. շատ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, որը կարող է մտնել բարձր էշելոնի կազմ և հանդես գալ որպես նոր ղեկավարների սերունդ:

Ո՞վ Գրիգորիչի համար ապահովեց երկրի երկրորդ դեմքը լինելու տիտղոսը

Ինչ վերաբերում է կադրերի հարցին, ապա արժե անդրադառնալ նաև ԱԺ նոր նախագահի ընտրության թեմային: Ապրիլի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Դեռ շատերն են հիշում Գալուստ Գրիգորիչի «շուլուխները», տարբեր ուշագրավ արտահայտություններն ու հայտարարությունները, բայց նա ԱԺ նախագահ ընտրվեց 101 կողմ ձայներով: Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը, որը ստացավ 3 ձայն: Քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 106-ը, գրանցվել է 2 անվավեր թերթիկ: Այդ նիստից բացակայում էր 10 պատգամավոր, ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտել էր 15 պատգամավոր. «Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Հիշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է ընդամենը 70 պատգամավոր, 2 պատգամավոր, ինչպես գիտենք, ազատ են համարվում, որոնցից մեկը` Էդմոն Մարուքյանը, բացակայում էր նիստից, բայց Գալուստ Սահակյանը ստացավ 101 քվե:

Ստացվում է, որ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի նախագահ ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՕԵԿ և այլընտրանք համարվող ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների շնորհիվ: Թեև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, փաստորեն, այն պատգամավորները, որոնք նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին: Իսկ իրենց պատգամավորներին «ազատություն» տալու մասին ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի խոսքերը վաղուց հայտնի են քաղտեխնոլոգիային: Այդպես վարվում են այն ուժերը, որոնք վախենում են իրենց իրական դիրքորոշումն ուղիղ հայտնելուց և դա անում են անհատներին «ազատություն» տալով:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նշել էին, որ քվեարկել են հօգուտ Բագրատյանի: Բագրատյանի ստացած 3-րդ կողմը, ըստ ամենայնի, քվեարկել է ինքը` պատգամավորը:

Անդրադառնալով Աժ խոսնակի առաջադրմանը` Մարգարովը նկատեց, որ ընդդիմադիր ուժերը կրկին չկարողացան պատրաստ ու համախմբված գործել և առաջարկել միասնական թեկնածու: Խորհրդարանական չորս ուժերը, ինչպես ասաց քաղաքագետը, կորցրին ԱԺ նախագահի հարցում միասնաբար հանդես գալու հնարավորությունը: «Ընդդիմադիր դաշտն այսօր ուներ հնարավորություն` փորձել հանդես գալ միասնական ճակատով, գուցե հայտնի արդյունքով, բայց փորձել հանդես գալ մեկ միասնական ճակատով: Եվ մենք տեսնում ենք, որ դա կա՛մ չհաջողվեց, կա՛մ ցանկություն չեղավ»,- ասաց բանախոսը:

Իսկ արդյունքներ, ըստ նրա, այդ քայլը կունենար. մի կողմից` կարող էր ցույց տալ նրանց համախմբվածության աստիճանը, մյուս կողմից` նրանց որպես ուժ հանդես գալու ունակությունը, որը կարող է պայմանավորվել իր ներսում, իր համար ավելի նպատակահարմար թեկնածուի շուրջ, ինչն ի ցույց կդներ քառյակի բանակցային ներուժը:
Իսկ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, նշեց քաղաքագետը, անակնկալ եղավ որոշ ուժերի համար, քանի որ ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում արդեն պառակտում կա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: