Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ԱԺ-ում «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյան


  
դիտումներ: 1018

Մայիսի 16-ին տեղի ունեցած «ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյան

Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջևանում:

1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:

Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը:

1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել:

2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նույն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ:

2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար:

Գևորգ Սամվելի Գորգիսյան

Displaying 16995962_387371588307092_3059216711947717345_n.jpg

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։

Կրթություն

2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։

2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ

2007–2009թթ․ շարունակել է աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։

2009-2010թթ․ աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։

2010թ․ փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

2010-2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

2015թ․-ից աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

Սոցիալական ներգրավվածություն

2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին, որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։

2007- 2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 3 երեխա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: