Հայերեն   English   Русский  

​Ուխտ Վանական Վարդապետի շիրիմին, ադրբեջանական կրակոցների տակ


  
դիտումներ: 4003

Վանական Վարդապետի գերեզմանը ադրբեջանցիներից թաքցրել ու այսքան ժամանակ պահպանել է Տավուշի հարուստ բնությունը: Այն գտնվում է Տավուշի մարզի Չինարի գյուղի տարածքում, միջնադարյան հոյակերտ եկեղեցուն՝ Խորանաշատին մոտ։ Վարդապետի շիրիմի քարե խաչը խոնարհվել է, բայց շիրիմը կա: Վանական Վարդապետն ինքն է խնդրել գրել կտակում, որ հուղարկավորեն իրեն բարձունքում՝ աղքատների գերեզմանատանը:

Միջնադարի երևելի գործչի մահից ավելի քան յոթուկես դար է անցել: Մինչև սահմանային բախումները Վարդապետի շիրիմն ուխտատեղի էր: Տասնամյակները, սակայն, մամուռով ծածկել են ճերմակ խաչը: Ազատագրական առաջին պատերազմից հետո առաջին անգամ հոգևորականները՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, այցելել են Վարդապետի շիրիմին, մաքրել խոնարհված խաչը տարիների մամուռից, աղոթք հնչեցրել, հոգեհանգստյան կարգ մատուցել:

1990-ականներից ի վեր շիրիմն էլ, մատուռն էլ, Վանական Վարդապետի հիմնած կոթողը՝ Խորանաշատն էլ վտանգի տակ են: Ադրբեջանական հենակետերը գտնվում են 50 մետր հեռավորության վրա: Գրեթե ամենօրյա սահմանային կրակոցները չեն խանգարել, որ կայանա ուխտագնացությունը։ Դեռևս հոգևոր կրթության տարիներին Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ցանկությունն է եղել այցելել Խորանաշատ, նաև Վանական Վարդապետի շիրիմին։ «Խորը ապրումի, զգացումով պահ է, գրեթե գերության մեջ է մեր եռամեծար վարդապետի շիրիմը»,- ասում է Բագրատ սրբազանը: Կիրակոս Գանձակեցին իր գրքում գրել է, որ Վանական Վարդապետի թաղման օրը սգո թափորի ծայրը չէր երևում, ներկա էր նույնիսկ Աղվանից կաթողիկոսը:

Վանական Վարդապետի շիրիմին հոգևորականները ուխտեցին լքված չթողնել թե՛ վարդապետի շիրիմը, թե՛ քիչ վար գտնվող Խորանաշատը: Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ իրենց հորդորը, աղոթքն ու ցանկությունն է, որ ինչքան հնարավոր է շուտ բացվի ճանապարհը, որպեսզի կարողանան ազատ ուխտի գնալ՝ ընծայելու հարգանքը Վարդապետին:

Չինարիի վանքում Վանական Վարդապետ Տավուշեցու հիմնած ձեռագրատունը այնքան հարուստ էր, որքան Ալեքսանդրիայի գրադարանը: Այդ պատճառով հայ հոգևոր գործչին Պտղոմեոսի հետ են համեմատել: Բագրատ Սրբազանն ասում է, որ Վանական Վարդապետը մեծ ներդրում է ունեցել յուրաքանչյուր հոգևորականի հոգևոր ճամփորդության մեջ։ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքով էլ անհնար է պատկերացնել միջնադարի պատմագիտական միտքը՝ առանց Վանական Վարդապետի: Մովսես Խորենացուց հետո Վանական Վարդապետն է գրել Հայոց պատմությունը հայ ժողովրդի ծագումից մինչև իր ապրած օրերը: Վանական Վարդապետի շիրիմին այցից հետո ուխտագնացները այցելեցին նաև Խորանաշատ, գերեվարված եկեղեցում ծնկաչոք աղոթեցին հանուն խաղաղության, հույսով, որ խաղաղության կանչը կհասնի հարևան ռազմատենչ երկրի ականջին:

Չինարիի բարձունքում գտնվող հայկական հոգևոր մշակութային հարուստ պատմական ժառանգությունն այժմ գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Հայ ուխտավորը միայն զինվորականի ուղեկցությամբ, գաղտնի է այցելում Չինարիի սրբավայր՝ դիմելով ռիսկի, բայց աղոթքը շուրթին, որ վերջնականապես լռեն հակառակորդի զենքերը և բացվի ուխտավայրի ճանապարհը, որը դեռ կհսկեն զինվորականները։

Մայա Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: