Հայերեն   English   Русский  

Կարծես թերթում տրված հայտարարության միջոցով նախարարներ են եկել ու աշխատում են. Արմեն Բադալյան


  
դիտումներ: 1362

Նախագահն աշնանը կամ մինչև մյուս տարվա ապրիլը կհստակեցնի վարչապետ դառնալու իր հարցը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Եթե որևէ պատճառով որոշեց չդառնալ վարչապետ, նա կարող է նաև բավականի մեծ լիազորություններով օժտված՝ Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալ և դրա միջոցով վերահսկել կառավարության գործունեությունը, վարչապետին: Վերջինիսի վերահսկելու մեկ այլ միջոց էլ կա. ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան»,-ասաց փորձագետը:

Այն հարցին, թե արդյոք ներկայիս վարչապետը կկարողանա Ղարաբաղյան հարցի առումով մեզ համար շահավետ պայմաններ ստեղծել, պարոն Բադալյանն ասաց. «Իսկ ո՞վ ասաց,թե Ղարաբաղի հարցն անպայման անցնելու է վարչապետին: Դա կարող է անցնել ապագա նախագահին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, որը կարող է շատ լիազորություններ ունենալ և ինքը անմիջապես բանակցություններին մասնակցել, որովհետև ամեն հարց քննարկվելու է Անվտանգության խորհրդում: Վարչապետին նույնիսկ կարող են պահել զուտ մենեջերի կարգավիճակում, ինչ կարգավիճակում, որ նա այսօր է»:

Ըստ փորձագետի՝ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման 9 ամսվա ընթացքում այդպես էլ որպես քաղաքական գործիչ հանդես չեկավ և նման գործունեություն չծավալեց. «Օրինակ, մենաշնորհներ վերացնելը քաղաքականություն է: Նա չիրականացրեց դա. Մենաշնորհները մնացին: Դա է խնդիրը. Հայաստանում տնտեսության զարգացման հարցը քաղաքականության մեջ է: Այստեղ իրավական փաստաթղթերի մեջ չէ հարցը: Տնտեսությունը զարգացնելը քաղաքականություն է: Իսկ դուք նայու՞մ եք վարչապատեի քաղաքականությանը: Դա այնպիսի քաղաքականություն է, որ կարծես «Գիդ» թերթում տրված հայտարարության միջոցով նախարարներ են եկել ու աշխատում են: Չկա ընդհանուր գաղափար, թե ուր է գնում այդ թիմը, չկա պլան, թե Հայաստանը 7-10 տարի հետո ինչպիսի երկիր է լինելու: Վարչապետի ասած՝« բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելը» տնտեսության զարգացման մի կետն է: Առանց վեկտորի ոչ մի միջոց արդյունք չի ունենա: Այդ պատճառով չի բացառվում, որ հետագայում չնայած դե յուրե լիազորություններ ունենալուն, կարող է դառնոլ զուտ կառավարության, տնտեսության հարցերը լուծող վարչապետ և ոչ ավելին: Իսկ Արցախի , պաշտպանության ընդհանուր համակարգի և այլ հարցերը կարող են դնել ուրիշ մարմնի վրա, որը կդառնա կառավարության փաստացի վերահսկող»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ եթե վարչապետի լիազորությունները կրճատվեն, Սերժ Սարգսյանը իմաստ չի տեսնի զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ եթե, ի վերջո, դառնա վարչապետ, այդ պաշտոնի լիազորությունները կտրուկ կաճեն. «Այսինքն՝ դեռևս հստակություն չկա: Հասարակությունն այլևս ազդեցություն չունի իշխանությունների ձևավորման հարցում ապրիլի 2-ից հետո: Ընդդիմադիր ուժեր գնացել են քաղաքական արձակուրդ և անհայտ է , թե երբ կվերադառնան կամ կվերադառնան, թե ոչ: Հասարակությունն էլ իր մեղքի բաժինը ունի և կարող էր ավելի զորեղ ընդդիմություն բերեր: Արտաքին միջամտություն ևս չի լինի»,- եզրափակեց փորձագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: