«Տավուշ աշխարհը՝ իր մշակով և զինվորով, ազգ-բանակ գաղափարախոսության լավագույն օրինակն է»
Հարցազրույց Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հետ
- Ինչպես գիտեք, մեր Եկեղեցում Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության շրջանին այցելում ենք մեր հավատացյալներին և տների օրհնության կարգ կատարում: Այս իմաստով դեռևս 2016 թվականին ծրագրել էինք Զատկական շրջանին այցելել Տավուշ աշխարհի ողջ սահմանգծով ձգվող առաջնագծի մեր հենակետերը՝ շնորհավորելու մեր սպաներին և զինվորներին, շնորհակալություն հայտնելու նրանց և օրհնելու նրանց կացարանները, ինչպես կես կատակ ասել ենք, «բլինդաժօրհնեք» կատարելու: Ցավոք, անցյալ տարի ապրիլյան քառօրյա պատերազմը խանգարեց, և ծրագիրն իրագործում ենք այս տարի: Ինչպես այցելության ընթացքին էլ պարզվեց, տղաների գերակշիռ մասը Սուրբ Հարության տոնին գտնվել է առաջնագծում և չի նշել իր ընտանիքի հետ: Այդ պատճառով պատրաստել էինք զատկական սեղաններ, որպեսզի նաև մի տեսակ իրենց ընտանեկան սեղանները տեղափոխվեն զինվորական կացարաններ, որը նրանք բառիս ամենաիսկական իմաստով տուն են դարձրել՝ մեր մեծ տան՝ մեր Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելով:
- Ի՞նչ խորհրդով կազմակերպեցիք այդ այցերը, սրբազան, Տավուշի ո՞ր հատվածներ եք այցելել:
- Հատկանշական է, որ սկիզբը տրվեց Հայոց հայրապետի օրհնությամբ Հաղարծնի վանքում, ապա սկսեցինք Ապրիլ 24-ին՝ մեր Մեծ ցեղասպանության հիշատակի օրը՝ որպես այցելության խորագիր ունենալով «Հաղթանակած Քրիստոսի հաղթանակած զինվոր» արտահայտությունը, քանի որ Հարության տոնը մեծագույն հաղթանակի տոնն է և մեր ազգային կյանքում այն լավագույնս արտահայտվում է նաև մեր բանակի միջոցով: Քրիստոսի Հարության հաղթանակի իրականությունը սոսկ տոնական միջոցառում չէ, այլ այն պետք է դառնա յուրաքանչյուրիս գիտակցությունը, ապրելու կերպը՝ որպես հիմքը մեր վարքագծի և դրանից բխող բոլոր գործողությունների:
Այս ընթացքում այցելել ենք Շամշադինի և Իջևանի շրջանի ողջ առաջնագիծը և ծրագրել ենք Մայիս 28-ին ավարտել Նոյեմբերյանի առաջնագծով: Այցելել և հանդիպել ենք բոլոր զինվորներին՝ յուրաքանչյուրին անխտիր, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեին:
- Սահմանային իրավիճակն ինչպիսի՞ն էր, հավատը, քրիստոնեական դաստիարակությունը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կունենան զինվորների, նրանց ծառայության ընթացքի վրա:
- Նախ ասեմ, որ արդեն իսկ բանակում մեծ ծավալի հոգևոր մշակություն են անում մեր զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեցները, ովքեր թե՛ հոգևոր հայր են, թե՛ եղբայր ու կարեկից, խնամակալ ընկեր մեր զինվորների և սպաների համար: Բնականաբար, նաև մեր թեմի հոգևորականներն են անխուսափելիորեն ներգրավված մեր բանակին հոգևոր խնամակալություն տածելու առաքելության մեջ:
Իսկ ամենակարևորը՝ ողջ առաջնագծի երկայնքով բոլոր հենակետերում վեր են խոյանում զինվորների ձեռքով իսկ կառուցված մատուռները, խաչերն ու խաչքարերը, որոնք լավագույնս արտահայտում են մեր զինվորների և սպաների՝ Աստծո նկատմամբ հավատքի խորությունը, բնական ապրումը և մաքրությունը: Կարող եմ ասել՝ մեր առաջնագծում յուրահատուկ հոգևոր մշակույթ է զարգանում, որին իսկապես արժե անդրադարձ ունենալ: Յուրաքանչյուր վայրում՝ քարի, թփի վրա այգիների մեջ կամ դռների ճակատներին, քեզ դիմավորում է «Աստված պահապան մեզ» գրությունը:
- Այդ այցերը կլինե՞ն շարունակական:
- Այցերը մշտապես եղել են և շարունակվելու են: Այս ծավալը պարզապես բացառիկ ու աննախադեպ էր իր տարողությամբ: Մեզ համար նաև այս այցելությունները հայրենաճանաչության նոր դաս եղան: Թե՛ զուտ մեր ամբողջ սահմանագծի երկայնքով ձգվող գյուղերն ու շեները ավելի այլ աչքով տեսնելու և պատկերացումն ունենալու, և թե՛ հասկանալու, թե որքան մեծ աշխատանք է տարված մեր երկրի անվտանգությունն ապահովելու իմաստով: Եվ կարծում եմ նաև, որ Տավուշ աշխարհը՝ իր մշակով և զինվորով, որ գրեթե միախառնված կյանքով է ապրում, լավագույն և բնական օրինակը, մոդելը կարող է ծառայել ազգ-բանակ գաղափարախոսության:
Ամփոփելով ցանկանում եմ իմ ամենախոնարհ շնորհակալությունը հայտնել Վեափառ հայրապետին, որի օրհնությամբ և քաջալերանքով սկիզբ առավ այս ծրագիրը, մեր պաշտպանության նախարարությանը՝ հատկապես մեր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմին և զինվորներին, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը՝ Վրթանես սրբազանին և գնդերեցներին, մեր թեմի ողջ հոգևոր դասին՝ բացառիկ նվիրումով այս ծրագիրն իրագործելու համար և մեր ծրագրի հովանավոր մոսկվաբնակ մովսեսցի պարոն Կարո Առաքելյանին, որ ոչ միայն նյութական մասնակցություն ունեցավ, այլև անձնապես օրեր շարունակ մեզ հետ միասին այցելեց բոլոր հենակետերն ու դիտակետերը, ինչպես նաև բազմաթիվ նվիրաբերութուններ կատարեց մեր զորամասերին՝ ըստ կարիքների:
Խորապես շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին և ամենափոքր իսկ չափով մասնակից են այս առաքելությանը: Հատկապես նաև Ձեզ և բոլոր լրատվական գործակալություններին:
Աստված թող օրհնի մեր Հայոց բանակը, մեր Հայաստան երկիրը՝ ապահով և անվտանգ ծառայություն պարգևելով մեր տղաներին՝ «Հաղթանակած Քրիստոսի հաղթանակած զինվորին»:
Մայա Խաչատրյան