Հայերեն   English   Русский  

Նախարար Գագիկ Բեգլարյանը տեղում ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքներին


  
դիտումներ: 882

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան - Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր - Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։


Առաջին կանգառը Մ4 Երևան - Իջևան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2 – կմ 83.12 հատվածում էր, որը հիմնանորոգվել է 2014թ. ՀՀ պետական բյուջեի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման» ծրագրով։
Մինչև հիմնանորոգումը ճանապարհի նշված հատվածը գտնվում էր ծայրահեղ քայքայված վիճակում՝ մակերևույթի ընթացիկ վերանորոգումների համար յուրաքանչյուր տարի պահանջելով զգալի գումարներ։

Հիմնանորոգման ընթացքում կառուցվել է նոր ճանապարհային հագուստ, իրականացվել է ճանապարհային ծածկի մշակում «սառը վերաօգտագործման» (Recikling) եղանակով (ցեմենտի և խճի ավելացմամբ)։ Ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի հաստությունը կազմում է 6 սմ, վերին շերտինը՝ 4 սմ։ Վերականգնվել են իջատեղերը, ջրահեռացման համակարգը, հենապատերն ու կամուրջները։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են նոր մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում։

Նշված ճանապարհահատվածը հիմնանորոգումից հետո 3 տարի գտնվելու է երաշխիքային ժամկետի մեջ։ Հիմնանորոգման ընթացքում կատարված աշխատանքների որակը նկատի առնելով՝ այն հաշվարկված է անխափան ծառայելու շուրջ 12 տարի։
• Պայմանագրային արժեքը՝ 1 179 583 824 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
• Կապալառու՝ «Ճանապարհ» ՍՊԸ:

Նախարարի հաջորդ կանգառը Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ ճանապարհահատվածում էր։
Տավուշի մարզում Հ37, Մ4 – Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:
Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612.8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519.7 մլն դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքները կատարելու համար սահմանված ժամկետը խախտելու հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել: Այսօր այդ աշխատանքներն իրականացնում է «Խաչհար» ՍՊ ընկերությունը՝ 2014թ. սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն։

Կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված են նաև ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։ Սկսվել են նաև ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։
Կապալի պայմանագրի արժեքը 356 341 937 ՀՀ դրամ է:
Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին։

Այս պահին ճանապարհի 1,5 կմ հատվածում ասֆալտապատումն ավարտված է, սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, առատ տեղումները թույլ չեն տալիս աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէ որակյալ ասֆալտապատում կատարել:
Եթե որոշակի ժամանակ տեղումներ չլինեն, կարճ ժամանակում ասֆալտապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն։ Հակառակ դեպքում կապալառուն պարտավորվում է կնքած պայմանագրի գումարի շրջանակներում գարնանն ամբողջությամբ ավարտել աշխատանքները:

Չնայած դրան՝ չասֆալտապատված հատվածում ներկայում կատարվում են խճային ամրացման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, այնուհետև ճանապարհն անվտանգ երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։

Նախարարն այցելեց նաև Բերդ – Նավուր - Իծաքար 11.1 կմ երկարությամբ վերականգնված ճանապարհահատված։ Այն սկիզբ է առնում Բերդ քաղաքից (Հ-36 ա/ճ-ի և Տ-10-12, Հ-36-Վերին Կարմիրաղբյուր ա/ճ-ի հատման տեղից), անցնում է Նավուր գյուղով և ավարտվում Իծաքար գյուղի վերջնամասում։
Ճանապարհը կարևոր ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ այս տարածքի բնակավայրերի կենսական կարիքները բավարարելու առումով, ապահովելով Բերդի տարածաշրջանի Այգեձոր, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր գյուղերի և Բերդ քաղաքի երաշխավորված և հարմար տրանսպորտային կապը հանրապետության մյուս շրջանների և մայրաքաղաքի հետ։

Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի հողային պաստառը գտնվում էր շատ վատ վիճակում։ Ասֆալտբետոնե ծածկը խիստ քայքայված էր, տարբեր խորությամբ և մեծ մակերեսներով փոսերով, լայնական, երկայնական, ցանցաձև ճաքերի առկայությամբ։ Անմխիթար վիճակում էին նաև ջրահեռացման համակարգերը, արհեստական կառուցվածքները, երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը: Դրա հետևանքով խիստ դժվարացել էր տրանսպորտային հաղորդակցությունն այդ հատվածում:
Ճանապարհի նորոգման ընթացքում կատարվել են հողային պաստառի վերականգնման աշխատանքներ, տեղադրվել է նոր ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, բարեկարգվել են իջատեղերն ու մուտքերը, անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում:

Ճանապարհահատվածի վերականգնումը «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ կողմից, համաձայն ծրագրի, կատարվել է 2012թ. ապրիլ-օգոստոս ամիսներին: Շահագործման ընթացքում Բերդ - Նավուր 8.9 կմ երկարությամբ հատվածում, գերբեռնված բեռնատար մեքենաների երթևեկության հետևանքով, ճանապարհային պատվածքի որոշ տեղամասերում ասֆալտբետոնե ծածկի վրա ի հայտ են եկել թերություններ: Երաշխիքային ժամկետում, կապալառուն սեփական միջոցների հաշվին վերանորոգել է ծածկը, սակայն քանի որ թերությունները ամբողջովին չեն վերացվել, երաշխիքային ժամկետը երկարաձգվել է, և կապալառուն պարտավորվել է սեփական միջոցներով և պատշաճ որակով մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը վերացնել ի հայտ եկած բոլոր թերությունները:

Կատարվել են հիմքերի ամրացման անհրաժեշտ աշխատանքները, որից հետո 9 կմ երկարությամբ ճանապարհահատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ՝ ապահովելով ներկայացված պահանջները:
Բերդ – Նավուր - Իծաքար Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմել է 982 880 409 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):
Ճանապարհաշինական բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի անմիջական վերահսկողության ներքո։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: