Հայերեն   English   Русский  

​Թրամփի իմփիչմենթը ժամանակի հարց է. փորձագետներ


  
դիտումներ: 5298

Ամերիկյան տասը քաղաքների իշխանությունները հանդես են եկել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի նախաձեռնությամբ: Գործընթացը մայիսի սկզբին մեկնարկել են Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները: Արդեն նախաձեռնությանը միացել են տասը քաղաքներ. Լոս Անջելեսից բացի, նաև Քեմբրիջը, Ամհերստան, Փելհեման, Լևերտան, Ռիչմոնդը, Ալամեդան, Բերկլին, Բրուկլինը և Չիկագոն: Նրանք պահանջում են Կոնգրեսից սկսել Թրամփի իմփիչմենթի գործընթացը:

Նախաձեռնությունը, սակայն, որևէ իրավական հիմք չունի, բայց այն կարող է դիտարկվել որպես հասարակական ճնշում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վրա` համապատասխան գործընթացը նախաձեռնելու համար:

ՍիԷնԷն-ի հաղորդմամբ` սպիտակ տան փաստաբաններն արդեն իսկ սկսել են ուսումնասիրել գործընթացի նրբությունները` դեպքերի հնարավոր զարգացմանը պատրաստ լինելու նպատակով: Միաժամանակ ըստ լրատվամիջոցի` Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Թրամփի ադմինիստրացիայում քիչ հավանական են համարում իմփիչմենթի հնարավորությունը: Նրանք վստահ են` Թրամփը Կոնգրեսում Հանրապետականների բավականաչափ աջակցություն ունի իմփիչմենթի գործընթացից խուսափելու համար:

Իսկ Իմփիչմենթի մասին խոսակցությունները հատկապես ակտիվացել են օրերս Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Գեյմս Կոմին աշխատանքից ազատելուց հետո: Ըստ ԶԼՄ-ների` Թրամփը Կոմից պահանջել է բյուրոյի նախկին տնօրեն Ֆլինի գործի քննության մեջ շատ չխորանալ: Հիշեցնենք, որ Ֆլինը ստիպված հրաժարական էր տվել, երբ պարզվել էր, որ նա պարբերաբար զանգահարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին: Նրա գործով հետաքննություն էր ընթանում:

Բրիտանական The Guardian պարբերականի համաձայն` Թրամփի իրարահաջորդ սկանդալային քայլերի ֆոնին նրա իմփիչմենթն այլևս ժամանակի հարց է: Իսկ ահա ռուս փորձագետ Անդրեյ Պիատնովսկին կարծում է, որ կգա մի պահ, երբ Հանրապետականներն իրենք դեմ չեն լինի Թրամփի իմփիչմենթին: Նա նշում է, որ ներկայումս Կոնգրեսում մեծամասնություն կազմող Հանրապետականների համար Թրամփի նախագահ լինելը ձեռնտու է: Հենց վրա հասնի այն պահը, երբ Թրամփն իր գործունեությամբ բացասաբար կազդի կուսակցության վարկանիշի վրա` նվազեցնելով 2018-ի ընտրություններում հաղթելու հնարավորությունները, կուսակցությունը կհրաժարվի Թրամփից` չխոչընդոտելով նրա իմփիչմենթը:

Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության ընթացքում Կոնգրեսը քննարկել է երկու նախագահի իմփիչմենթի հարցը՝ 1868-ին Էնդրյու Ջոնսոնի և 1999-ին` Բիլ Քլինթոնի: Երկու նախագահներն էլ արդարացվել են: Իսկ 1974-ին Ռիչարդ Նիքսոնն ինքն է հրաժարական տվել` չսպասելով Սենատում իմփիչմենթի վերաբերյալ քննարկմանը:

Նշենք, որ իմփիչմենթի նախաձեռնության իրավունքը պատկանում է Ներկայացուցիչների պալատին, իսկ հարցի քննարկումն ու որոշման իրավունքը` Սենատին: Իմփիչմենթի համար հարկավոր է սենատորների երկու երրորդի կողմ քվեարկությունը: Ընդ որում, իմփիչմենթը ենթադրում է միայն պաշտոնից հեռացում և դրա հետագա արգելք: Նախագահի գործողությունների և արարքների օրինականության քննության գործը պատկանում է դատարաններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: