«Փորձում եմ չկրկնվող և ոչ ստանդարտ զարդեր ստեղծել». նկարիչ-մոդելավորող Ազնիվ Մուրադյան
Ազնիվ Մուրադյանը մոդելավորում և կարում է հարսանյաց և երեկոյան զգեստներ, պատրաստում է ձեռագործ զարդեր` թագեր, ականջօղեր, վզնոցներ, հարսանեկան ծաղկեփնջեր: Հարսանեկան աքսեսուարները պատրաստում է բնական, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերով և ծաղիկներով, որոնք հավաքվում են բնական կաշվե հենքի վրա:
«Փոքր հասակից տեսնում էի, թե ինչպես է մայրս իր աշակերտներին ձեռագործություն սովորեցնում: Այդ
տարիքից էլ իմ մեջ ձեռագործության սեր առաջացավ: Փոքր հասակից մասնակցել եմ ցուցահանդես-վաճառքների, բազմաթիվ ձեռքի աշխատանքներ եմ վաճառել: Հետո եղել եմ ֆլորիստ-դիզայներ ծաղկի սրահում, ապա աշխատել եմ ատելյեում, հարսանյաց սրահում: Հարսանեկան պարագաների աշխատանքն ինձ շատ գրավեց, սկսեցի ավելի խորությամբ հետաքրքրվել այդ բնագավառով, աշխատանքային փորձառության ընթացքում ավելի լավ հասկացա ժամանակի պահանջարկը և սկսեցի ստեղծել այն, ինչի պահանջարկը մեծ է, բայց չկա հայկական շուկայում: Ես անընդհատ աշխատում եմ կատարելագործել աշխատանքներս, նոր բաներ ստեղծել, չեմ ուզում, որ կրկնություններ լինեն: Կյանքում էլ եմ այդպիսին»,- ասում է Ազնիվ Մուրադյանը:
Նկարիչ-մոդելավորողի խոսքով` ցանկացած գործ ստեղծելիս նախ պատկերացնում է, թե ինչպիսի կազմվածք կամ արտաքին տվյալներ պետք է ունենա այն կրողը:
«Սովորաբար փորձում եմ այնպիսի աշխատանքներ ստեղծել, որոնք կհամապատասխանեն հայ կանանց ստանդարտներին: Գոյություն ունեն հարսանյաց զգեստ, թագ, վզնոց, ականջօղեր և ծաղկեփունջ կրելու որոշակի չափանիշներ: Հայաստանում նորաձև է դարձել մեծ հարսանյաց թագեր և ականջօղեր կրելը: Մեծ թագ և մեծ օղեր նախընտրող հարսնացուներին, օրինակ, ես սովորաբար խորհուրդ չեմ տալիս վզնոց կրել: Իսկ փոքր թագի դեպքում կարելի է կրել փոքր ականջօղեր և վզնոց: Մեծ նշանակություն ունի նաև հարսնացուի դեմքի կառուցվածքը»,- ասում է Ազնիվը:
Ազատ ժամանակ նկարիչ-մոդելավորողը էսքիզներ է անում, իսկ ստեղծած մոդելները յուրօրինակ տեսքով, ոչ ստանդարտ մարդու դեմքով ու մարմնով են, մոդելների ձեռքերն ու ոտքերը զսպանակներից են: Ահա թե ինչու ուսանողական տարիներին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում նրան անվանում էին զսպանակից ոտքեր նկարող աղջիկ:
«Փոքր հասակում, երբ տիկնիկներիս համար զգեստներ էի կարում, չէի երազում այս մասնագիտության մասին, պարզապես հոգու խորքում գիտեի, որ սա է լինելու իմ մասնագիտությունը: Եթե ավելի անկեղծ ասեմ, ապա սա իմ մասնագիտությունը չէ, սա իմ ապրելակերպն է, իմ առօրյան»,- ասում է Ազնիվ Մուրադյանը:
Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ