Լոնդոնում 23 հազար պոտենցիալ ջիհադական կա, որոնք պատրաստ են ահաբեկչություն իրականացնել. արաբագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Մերձավոր Արևելքում նոր իրողություններ են, նոր վերադասավորություններ են կատարվում: Մասնավորապես դա վերաբերում է «Իսլամական պետությանը», որը կանգնած էր ահաբեկչությունների հետևում: Կարելի է ասել, որ ահաբեկչությունները խմբավորման նոր մարտավարության արդյունքում են կատարվում: Ահաբեկչությունն իր ձևով և իր բովանդակաությամբ փոխվում է: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ հրահանգները չեն գալիս Իպ-ի կենտրոնական շրջաններից, որոշումները կատարվում են անհատական մակարդակում: Ընդհանուր գաղափարական հենքը «Իսլամական պետությունն» է, սակայն տեղը ժամանակը և մնացած մանրամասները որոշում են տեղում գործող իսլամականները: Նման ահաբեկչությունները անկանխատեսելի են և հնարավոր չէ չեզոքացնել»,- ասաց արաբագետը
Լոնդոնում կա լուրջ իսլամականների ցանց, որոնք անցել են Սիրիայի գործընթացները: Դա ևս մեկ հանգամանք է:
«Լոնդոնը կարևոր տեղ է մուսուլմանների համար. Այն անգամ կոչում են Լոնդոնիստան, քանի որ այնտեղ մահմեդականների մեծ բնակչություն կա: Անգամ «Ալ Քաիդային» հարող խմբավորում կա: Սա հնարավորություն է տալիս մեծ թվով մարդկանց ներգրավել իրենց գործողույթունների մեջ»,- ասաց պարոն Գրիգորյանը::
Պարոն Գրիգորյանը գտնում է, որ այս իրավիճակում պետք է խուսափել հակաիսլամական ելույթներ ունենալուց. «Հավատացեք, որ իսլամիստները հենց սա էլ ուզում են, որ մարդիկ դժգոհեն իրենցից ու առիթ տան ավելի մեծ ահաբեկչությունների: Ամենակարևոր առիթներից մեկն այն է, որ մենք պետք է աշխատենք մուսուլմանական հանրույթի հետ, այն պետք է լինի շատ լուրջ ու տքնաջան աշխատանք: Ու սա ոչ միայն իսլամական պետություններում, այլ նաեւ այդ երկրներից դուրս, օրինակ՝ Եվրոպայում»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր հերթին նկատեց, որ ահաբեկչությունների իրադարձային գործոնն այն է, որ մուսուլմանների մոտ «սուրբ ամսվա»՝ Ռամադանի շրջանն է: Այդ ժամանակ մուսուլմանները դառնում են ավելի ագրեսիվ.«Մյուս գործոնը՝ գործընթացայինը, Մերձավոր Արևելքում ավելի սրված ու ակտիվ գործողություներն են՝ ուղղված ԻՊ-ի դեմ, ինչն էլ կառույցին մղում է պատասխան գործողությունների «խաչակիրների» դեմ իրենց իսկ բնօրրանում»:
Այն հարցին, թե ինչու հենց Լոնդոնւմ կատարվեցին ահաբեկչություններն, Արմեն Պետրոսյանը նշեց. «Մանչեսթերից հետո պետք է ընտրվեր մի տեղ, որտեղի անվտանգությունը կաղում է: Լոնդոնի անվտանգությունը թույլ է: Լոնդոնում 23 հազար պոտենցիալ ջիհադական կա, և պատրաստ են ահաբեկչական գործողություն իրականացնել Մեծ Բրիտանիայում: Երկրի անվտանգությունը դրանցից միայն 3000–ին կարող է վերահսկել: Այս ընթացքում 850 ջիհադական գործունեություն է ծավալել Մերձավոր Արևելքում, որոնցից միայն 50-ին են կարողացել վերահսկել հատուկ ուժայինները: Բացի այդ հոգեբանական գործոն ևս կա: Երբ մի երկրում հաջողվում է ահաբեկչություն իրականացնել, այլ ծայրահեղական ուժերը նույնպես ակտիվանում են»: