Հայերեն   English   Русский  

Ֆինանսների նախարարությունում ներկայացվել են պետական գնումների ոլորտում վերջին բարեփոխումները


  
դիտումներ: 3583

Հունիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի «Գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունները» թեմայով մամուլի ասուլիսը:

Ներկայացվել են գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության վերաբերյալ կատարված հիմնական փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են ավելի մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու գնման գործընթացները մանր, միջին և սկսնակ բիզնեսի համար: Վարչության պետի խոսքով՝ պետական գնումների ոլորտում կատարված փոփոխություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքները:
«Պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է և պետք է նկատել, որ մրցակցությունը զգալիորենավելացելէ: Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը մեկմրցույթիհամարեղել է 3.4, ապա 2016 թվականին այն եղել է 6.4:Նույնը վերաբերում է նաև պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է 3.3, իսկ 2016-ին` 1.5: Այսինքն` մրցակցության աճ կա, ինչը ոգևորիչ է: Մրցակցությունը պայմանավորված է նաև կիրառվող գնման ընթացակարգերի նվազեցմամբ. այս տարվա ապրիլ ամսից սկսած նոր օրենքով նախկին 7-ի փոխարեն սահմանված է 4 ընթացակարգ, ինչն էլ միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսավարող սուբյեկտների համար», - նշել է Շահնազարյանը:
Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանն ընդգծել է, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության և բյուջեներն ավելի ճիշտ կարգավորելու մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,- վստահեցրել է վարչության պետը:
Կարևոր բարեփոխումներից է նաև գնումների բողոքարկման խորհրդի ստեղծումը, որը միտված է վերացնել հնարավոր արտադատական խնդիրները, ինչպես նաև գործում է (010) 28 93 27 հեռախոսահամարով թեժ գիծը՝ գնման ընթացակարգերին մասնակցելու վերաբերյալ սուբյեկտների հարցերին արագ արձագանքելու, էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու, հայտեր ներկայացնելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:
Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ նոր փոփոխություններով մինչև 5 մլն. դրամ գնումների կատարման դեպքում այլևս չեն կիրառվում որակավորման չափանիշներ,և արդյունքում նոր ստեղծված կամ փոքր և միջին բիզնեսին հնարավորություն է ընձեռվում ազատ մասնակցելու գնման գործընթացներին:
«Անկախ մրցույթի գնից, եթե մասնակիցը պետական բյուջեի նկատմամբ ունի ժամկետանց հարկային պարտավորություններ, որոնց չափը չի գերազանցում ներկայացվելիք գնային առաջարկի 1%-ը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը, ապա այդ մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին»,-ասել է Շահնազարյանը:
Հնարավորինս նվազեցվել և պարզեցվել են գնման գործընթացների շրջանակում մասնակիցների կողմից հայտով ներկայացվող փաստաթղթերի քանակը և բովանդակությունը:
Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը անդրադարձել է նաև էլեկտրոնային աճուրդի ծրագրային ապահովման մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնց շնորհիվ առավել դյուրին կդառնան հիմնական սպառման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընթացակարգերի կազմակերպումն ու դրանց` տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը: Այդ ծրագիրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ. ավարտը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների գործընթացի հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, գնումների մասին նոր օրենսդրության կիրարկման շրջանակում՝ նախաձեռնել է շուրջ 1000 գնումների համակարգողների համար վերապատրաստման ծրագրեր:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: