Հայերեն   English   Русский  

Սրճարաններում ծխախոտի օգտագործման համար տուգանքների կիրառումը լուրջ հակազդեցության ալիք է ստեղծելու. տնտեսագետ


  
դիտումներ: 3587

Ծխախոտի դեմ սկսված պայքարը կարելի է դիտարկել առաջին հերթին որպես PR քայլ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հատնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Այս արշավը սկսվեց՝ պարզելու համար, թե հասարակությունն ինչպիսի վերաբերմունք ունի նման օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, այսինքն` հասարակության կողմից եկող ազդակները հավաքելու համար նշվում է, օրինակ, տնտեսության վրա ազդեցության փաստ, գների թանկացում, 10 000 դոլար արժողությամբ տուգանքներ և այլն»,- ասաց Խաչատրյանը:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա այս օրենսդրական նախաձեռնությունը տնտեսության վրա, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե համարենք, որ դա մեր այն վերջին մնացած խնդիրն էր, որի լուծմամբ տնտեսության մեջ պետք է ունենայինք կարգավորումներ, ես հակված չեմ այդ մտքին: Եթե մեր հասարակության մեջ հարցում անցկացնեինք՝ որ գործոններն են տնտեսության վրա ազդեցություն թողնում, կարծում եմ՝ ծխախոտների վերաբերյալ պատասխանը կգտնվեր ամենավերջին կետերից մեկում: Սա նշանակում է, որ վերջինիս տնտեսական ազդեցությունը գրեթե բացակայում է»:

Ծխախոտի գների թանկացման դեպքում, բնականաբար, քաղաքացիները որոշակի առումով կրճատելու են դրա սպառման ծավալները:

Ինչ վերաբերում է տուգանքների միջոցով տնտեսության մեջ ինչ-որ փոփոխությունների հասնել փորձերին, ապա դա, ըստ, տնտեսագետի, լուրջ հակազդեցության ալիք է ստեղծելու, որովհետև սանդղակները, մեխանզիմները, անգամ իրավական հիմքերը պարզ չեն:

Վիլեն Խաչատրյանը նկատեց՝ թեև տրանսպորտային միջոցի սրահում ծխելն արգելող նշաններ կան, բայց վարորդները նույն ձևով շարունակում եմ օգտվել ծխախոտից: «Եթե մեխանիզմ լինի, որ քաղաքացին իրավունք ունենա չվճարել նման վարորդին անորակ ծառայություն մատուցելու համար, միանգամից հասարակական վերահսկողության միջոցով կարելի է կանխել այդ գործընթացը: Սա բյուջեի խնդիր չի լուծում: Բողոք կարող է լինել գծատերերի կողմից, որոնք կզրկվեն 100 դրամներից»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ ճիշտ չէ այն, որ պատասխանատվությունն ընկնի նրա վրա, ով ծխողներին տրամադրել է որոշակի տարածք, որպեսզի օգտվեն իր ծառայությունից. «Նման սրահների ներսում կարելի է տեղադրել սենսորային ազդակներ, երկու անգամ կանչելով հրշեջներին, որպեսզի կրակի ազդանշանի պարագայում գան, երրորդ անգամից նոր կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: հաջորդ անգամ նման դեպք չի կրկնվի»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: