Հայերեն   English   Русский  

«Լիդիանը» Հայաստանը վերածում է փորձադաշտի՝ շահագործելով Ամուլսարի հանքը. բնապահպան


  
դիտումներ: 1596

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը շարունակում է մնալ բնապահպանների և հասարակության ուշադրության կենտրոնում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց՝ որպես տնտեսագետ գնահատելով իրավիճակը՝ տեսնում է, որ ոչ միայն վնասները բավականին աղաղակող են, այլև կան ակնհայտ ապօրինի գործողություններ.« Այն կազմակերպությունը, որը տվել է եզրակացությունը Ամուլսարի վերաբերյալ. նաև պետք է ներկայացներ մասնագիտական հետազոտություններ: «Samuel Engineering» ընկերության հաշվետվությունը ստորագրել է 7 փորձագետ: Ես ակնկալում էի, որ կլինեն գիտական ուսումնասիրությունների արդյունքներ: Վերջին մասում՝ առաջարկների մասում, ջրի հետ կապված, հատկապես բիոքիմիական ուսումնասիրությունների առումով, մարդիկ ազնվորեն խոստովանում են, որ իրենք ոչինչ չեն արել: Հիմա նոր նրանք փորձում են ջրի բալանսի վերաբերյալ հետազոտությունները կատարելու համար 405 հազար ԱՄՆ դոլար ստանալ »,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ հանքի շահագործման թույլտվություն ստացել են առանց այս ուսումնասիրությունը կատարելու: Ի դեպ, ստորագրած փորձագետներից ոչ մեկը համապատասխան գիտական կոչում չունի:

Ըստ պարոն Մանասերյանի՝ Գնդեվազ, Կեչուտ, Գորայք գյուղերը, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, մեծ վնասներ են կրելու: Բացի այդ, Ջերմուկը այլևս առողջարան չի դիտարկվելու և կրելու է միլիոնավոր դոլարների վնաս:

Վտանգի տակ է հայտվում նաև Սևանը, որը ոչ միայն համարվում է ՀՀ գլխավոր ազգային հարստությունը, այլև տարածաշրջանի միակ քաղցրահամ ջրի պահոցն է:

Ըստ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի՝ Lydian International Limited օֆշորային ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ 2005-ից ի վեր, առնվազն 5 անգամ փոխել է նախագիծը, բազմաթիվ անգամ վերագնահատել է հանքարդյունահանվող պաշարների ծավալները. «Սկզբից ոսկու պաշարը 16,5 տոննա էր, հետո դարձավ 54 տ, այնուհետեւ 73, հիմա էլ խոսքը գնում է 100 տ-ի մասին»:

Ընկերությունը փորձառություն չունի նման ծրագրեր իրականացնելու և փաստորեն իրենց միակ ծրագիրը Ամուլսարի հանքի շահագործումն է. ստացվում է, որ Հայաստանն իրենց համար փորձադաշտ է. «Եթե Հայաստանը էկոլոգիական վնասի գնահատման մեխանիզմներով իրականացնի ուսումնասիրություններ, ապա բացի Քաջարանի հանքավայրից, մնացած բոլոր հանքերը չեն շահագործվի, որովհետև կապացուցվի, որ դրանք տնտեսապես շահավետ չեն, քանի որ դրանց էկոլոգիական վնասն ավելի շատ է»:

Լևոն Գալստյանը շեշտեց, որ 6 երկրում աղքատ ոսկու հանքավայրերից ցիանիդով ոսկու կորզման եղանակով արդյունահանումն արգելվել է. «Այն հանքերը, որտեղ 1 տոննայում 2 գրամից պակաս է ոսկու պարունակությունը, ցիանիդով արդյունահանումն արգելվում է , որովհետև էկոլոգիական հետևանքներն գերազանցում են օգուտը: Իսկ Ամուլսարում ունենք միջին պարունակությունը 0,78 գրամ 1 տոննայում, սակայն շահագործման թույլտվություն տրվել է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: