Հայերեն   English   Русский  

​Ներքին Կարմիրում գիտեն ինչպես խլացնել հակառակորդի կրակահերթի ձայնը


  
դիտումներ: 1185

Օլիմպիական չեմպիոնների գյուղն ամեն օր սեփական մաշկի վրա է զգում թիկունքից հակառակորդի հարվածները: 2012 թ. օլիմպիական չեմպիոն, ձյուդոյիստ Արսեն Գալստյանի լուսանկարով վահանակը սահմանապահ համայնքի կենտրոնական հատվածում է: Նրա հաղթանակն է նաև, որ ոգևորում է սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակիչներին, գյուղով լրացուցիչ հպարտանալու առիթ տալիս:

Ներքինկարմիրցի երեխաներից շատերն են ցանկանում մարզական աշխարհում Արսենի նման հաջողությունների հասնել: Մինչև այդ, սակայն, հասկանում են, որ պետք է լավ սովորեն, շատ պարապեն: Գյուղի միակ կրթօջախը հակառակորդի դիպուկահարների թիրախներից է, բայց, բարեբախտաբար լավ վիճակում է:

Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի շենքը բարերարների հատկացրած միջոցներով այս պահին վերանորոգվում է: Մոտ մեկ ամիս առաջ գյուղի մանկապարտեզի համար հենապատ է կառուցվել, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պաշտպանել հակառակորդի արձակած կրակահերթերից: Նախադպրոցական այս հաստատությունը նախատեսված է մոտ 50 երեխայի համար, 25 երեխա արդեն հաճախում է մանկապարտեզ, որի բակում ստեղծվել է նաև խաղահրապարակ:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով` մինչև նոր համայնքային կենտրոնի կառուցումը գյուղապետարանը ևս տեղակայված էր մանկապարտեզի շենքում: «Հակառակորդը բազմիցս կրակել է մանկապարտեզի, երեխաների ուղղությամբ: Այդ պատճառով մենք պատնեշ ենք կառուցել, մանկապարտեզի նորոգումն էլ ընթացքի մեջ է: Այս մանկապարտեզը մեր գյուղի նախկին դպրոցի շենքն է եղել, որտեղ ավարտել են Ներքին Կարմիրի առաջին շրջանավարտները»,- ասաց Մանվել Կամենդատյանը:

1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հրետակոծվել և հրկիզվել է համայնքային կենտրոնը, որտեղից գյուղացիները հրաշքով փրկել են գրադարանը` մոտ 5 հազար կտոր գրականություն: Գյուղի գրական հարստությունն այնուհետև ի պահ է տրվել մանկապարտեզին, որտեղից էլ այն տեղափոխվել է վերջերս բացված նոր համայնքային կենտրոն: «Ներքինկարմիրցիները նախընտրում են կարդալ մեծ մասամբ պատմական գրքեր, շատ են սիրում Րաֆֆի, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան, Ստեփան Զորյան, Վախթանգ Անանյան, Վահանգն Դավթյան, Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Շահան Շահնուր: Պատմական գրականության ընթերցումը որոշակիորեն ազդում է երեխաների կերպարի ձևավորման վրա: Համոզված եմ, որ սահմանին ապրող երեխայի մեջ հայրենասիրական զգացումներն ավելի ընդգծված են: Դպրոցականները վերցնում են առավելապես ծրագրային գրականություն: Մեր ամենատարեց ընթերցողը 70 տարեկան է, շատ է սիրում պատմական երկեր»,- ասում է գրադարանի ղեկավար Հասմիկ Դարբինյանը: Նրա խոսքով` գրքերը հիմնականում խորհրդային շրջանի են, դրանք համարում է թանգարանային նմուշներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազիվ են փրկել ադրբեջանական գնդակոծությունից:

Ներքին Կարմիրաղբյուր

Գյուղի գրադարանավարը շատ կցանկանար համալրել գրադարանը ժամանակակից գրականությամբ, բայց այս պահին որևէ ծրագիր որևէ հրատարակչության կամ անհատի հետ չկա: Վերջին համալրումը եղել է վերջերս, գրադարանը նվեր է ստացել տավուշցի Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն:

6-րդ դասարանցի Մերի Շառյանը գրադարանի ակտիվ ընթերցողներից է, հիմա ձեռքին «Չարաճճի մկնիկի արկածներն» են: «Մոխրոտիկը» շատ եմ սիրում և կցանկանայի, որ բոլոր պատմությունները նման ավարտ ունենային: Չեմ ուզում, որ կռիվ լինի, մեր գյուղի վրա կրակեն: Մեր տանը մեկ սենյակն է մի քիչ ապահով տեղում, երբ սկսվում են կրակոցները, տեղափոխվում ենք այնտեղ, մյուս սենյակները նայում են հակառակորդի դիրքին»,- ասում է փոքրիկ Մերին: Ներքինկարմիրցի փոքրիկի երազանքն է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և դասավանդել հայրենի կրթօջախում: «Մեր դպրոցի ուսուցիչները շատ լավն են, լավ են սովորեցնում, մենք լավ հասկանում ենք, դրա համար էլ ուզում եմ նրանց նման լավ մասնագետ դառնամ»:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը հպարտ է դպրոցի բոլոր աշակերտներով: Կյանքի ու մահվան սահմանագծին ապրող համայնքի դպրոցահասակները մշտապես իրենց լավագույն ձևով են դրսևորում: Թեև դպրոցը ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 600-700 մետր, և երբեմն դասերն ընդհատվում են հանկարծակի կրակոցների վերսկսման պատճառով, ներքինկարմիրցի աշակերտները սովորում են բարձր առաջադիմությամբ: «Մեր շրջանավարտները այս տարվա բուհական ընդունելության քննություններին հավաքել են բարձր միավորներ, այդ փաստը չափազանց ոգևորող է: Երեխաներ, որոնց օրն անցնում է տուն-դպրոց-ապաստարան ճանապարհին, ամենաբարձրն են ստացել, դա մեզ համար մեծագույն հպարտություն է: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը պետք է մեր հանրապետությանը», - անթաքույց հպարտությամբ ընդգծում է գյուղապետը:

Մանվել Կամենդատյանն ասաց, որ այս պահին գյուղում բնակվում է 1150 մարդ: Որպես սահմանամերձ բնակավայր` Ներքին Կարմիրաղբյուրն ունի որոշակի արտոնություններ, գյուղացիներն ազատված են հողի հարկից, ոռոգման ջրի օգտագործման համար էլ գործում է 50 տոկոս զեղչ: «Հավատացեք, դա որոշակիորեն ամրացնում է գյուղացու բազուկները, հողի հարկը կազմում է 4 մլն դրամ, կառավարությունը հատկացնում է դոտացիա: Հողի հարկի հետ կապված արտոնությունը սահմանված է կառավարության որոշմամբ, այն տրամադրվեց հանրապետության նախագահի մեր մարզ կատարած այցից հետո»:

Մանվել Կամենդատյանը նաև նշում է, որ ոչ միայն մշակովի այգետարածքները, այլև ամբողջ գյուղն է հակառակորդի նշանառության տակ, հետևաբար ոչ միայն հողի մշակումն է ռիսկային, այլև անգամ ապրելն այս սահմանագծին: Գրեթե օր չկա, որ սահմանին կրակոցներ չհնչեն: «Կրակոցներ են հնչում օրվա տարբեր ժամերին: Վնասները, լինեն տանիքի թիթեղներ, պատեր ու դարպասներ, այնքան շատ են, բայց և ոչ կարևոր: Խնդիրը հոգեբանական ազդեցությունն է, որ ունենում է հակառակորդի` հայկական կողմին ուղղված յուրաքանչյուր փամփուշտ»:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հակառակորդի կողմից նկատելի են զինտեխնիկայի կուտակումներ, Մանվել Կամենդատյանը նշեց, որ սահմանին ապրողի համար դա նորություն չէ: «Պարբերաբար թե՛ մեր, թե՛ նրանց կողմից լինում են զորավարժություններ, դա նաև այդ նպատակով է: Այդ փաստը չէ, որ մեզ անհանգստացնում է, այլ այն, որ դիպուկահարները շարունակում են գտնվել շփման գծում»:

Ադրբեջանական դիպուկահարների ու դիրքապահների արձակած կրակահերթերի ձայները ավագ ու կրտսեր հայ սահմանապահները խլացնում են` ընթերցելով, հող մշակելով, պարզապես ապրելով պատերազմի ու խաղաղության միջև…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: