Հայերեն   English   Русский  

Թուրքիան ազատ շունչ կքաշի, եթե իրեն չընդունեն ԵՄ շարքերում․ Էրդողան


  
դիտումներ: 1342

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունը հրաժարվի Թուրիքային ընդունել իր շարքերում, ապա Անկարան «ազատ շունչ կքաշի»։

«Ներկայումս մեզ ոչ միայն չեն հրավիրում Եվրոպական միության առաջնորդների գագաթնաժողովներին, այլև անտեղի մեզանից ժամանակ են խլում։ Դա է ստեղծված իրավիճակը․․․Եթե ԵՄ-ն ասի, որ Թուրքիային իրենց շարքերում չեն ընդունի, ապա ազատ շունչ կքաշենք և կսկսենք այլընտրանքային ծրագրեր իրականացնել»,- ասել է Էրդողանը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում միանալ ԵՄ-ին և ոչ անկեղծ է համարում Եվրոպական միության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկիրը ԵՄ-ի հետ դեռևս սերտ կապեր կպահպանի՝ հետևելով հարաբերությունների զարգացման ընթացքին։

Թուրքիան 1963 թ-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, իսկ 1987 թ-ին միության անդամակցության հայտ է ներկայացրել։ Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թ-ին, ընդ որում՝ տարաձայնությունների պատճառով բազմիցս դադարեցվել են։ Նախորդ տարվա մարտին Բրյուսելը ակտիվացրել է բանակցությունները՝ Եվրոպա փախստականների հոսքը նվազեցնելուն օգնություն ցուցաբերելու Թուրքիայի համաձայնության դիմաց։

Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունները վատացել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո․ ԵՄ-ն քննադատել էր թուրքական իշխանությունների արձագանքը, զանգվածային ձերբակալությունները և Անկարայի այլ միջոցառումները՝ կասեցնելով Եվրոպական միությունում Թուրքիայի անդամակցության բանակցային փաստաթղթում նոր գլուխ բացելու աշխատանքները։

Հուլիսի 6-ին Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Եվրոպական միության երկրներին և Եվրոպական հանձնաժողովին անհապաղ կասեցնել ԵՄ անդամակցելու շուրջ Անկարայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայի իշխանությունները համապատասխան սահմանադրական փոփոխություններ չիրականացնեն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: