Հայերեն   English   Русский  

​Պաթոսով գրանտակերներին հիշելիս՝ մի՛ մոռացեք ամենամեծ գրանտակերին


  
դիտումներ: 6231

Առօրյայում շատ ենք լսում, թե այսինչ կազմակերպությունը կամ այնինչ անհատը գրանտակեր է, այս մեկը սնվում է Արևմուտքից, մյուսը՝ Մոսկվայից ստացած գրանտներով, թե գրանտակերները անհայրենիք, հանուն գրանտի ամեն ինչ տրորող մարդիկ են, հակազգային՝ ազգ ու պետություն կործանող զանգված:

Այս որակումներն իրենց խոսքի զինանոցում օգտագործում են թե՛ արևմտամետները ռուսական դրամաշնորհերից օգտվողների, թե՛ հատկապես ռուսամետները արևմտյան դրամաշնորհային ծրագրերից օգտվողների մասին արտահայտվելիս: Ընդ որում, «գրանտակեր» պիտակը հնչում է նրանց խոսքի վերջում՝ որպես ամենավերջին ճշմարտություն, աքսիոմա, անհերքելի ու անբեկանելի ճշմարտություն ու ամենաահեղ հաղթաթուղթ: Եթե այսինչը գրանտակեր է, էլ ի՞նչ ունես նրա հետ խոսելու կամ քննարկելու: Չասենք արդեն, որ «գրանտակեր» ախտորոշումն ամենից շատ կիրառում են իշխանության կամ իշխանամետ ներկայացուցիչները և հատկապես այն մարդկանց ու կազմակերպությունների հասցեին, որոնք իրական խնդիրներ են բարձրացնում կամ զգայուն թեմա են շոշափում, որոնց դեպքում ակնհայտորեն պետությունն անելիք ուներ, բայց չի արել կամ թերի է արել:

Մի խոսքով, «գրանտակերը» իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու լավ գործիք է դարձել: Բայց ուշագրավ է, որ իրականում ամենամեծ գրանտակերը, թե՛ ենթադրաբար, թե՛ փաստացի՝ մեր պետությունն է: Բավական է հպանցիկ հայացք նետել պաշտոնական տվյալներին ու միանգամից պարզ կդառնա, որ բազմամիլիոնանոց դրամաշնորհներով ապահովված բազմաթիվ ծրագրեր իրականացնում են պետական կառույցները պետական հաստատություններին կից հիմնադրամների, արտաբյուջետային հաշիվների ու ծրագրերի, ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու բազմատեսակ միությունների միջոցով:

Հեռու չգնանք. միայն հունիսի 30-հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը ստացել է երկու խոշոր դրամաշնորհ:

Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային համաձայնագրեր ստորագրվեցին:

Մեկը՝ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով 3.5 մլն եվրո արժողությամբ, մյուսը՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ, ի լրումն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրում է 5.5 մլն եվրո վարկային միջոցներ: Ընդհանուր՝ 11 մլն եվրո: Այս գրանտային ծրագրերով նախատեսվում է թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղեր), թափոնների հավաքման նոր կետերի արդիականացում, նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, փոխանցման կայանների շինարարություն և այլն: Մնում է միայն սպասել ու տեսնել՝ այս դրամաշնորհը ստանալուց ու ծախսելուց հետո Կոտայքի մարզում, օրինակ, «տարերային աղբավայրերի» համախտանիշը վերանո՞ւմ է, թե՞ ոչ:

Հուլիսի 7-ին էլ ՀՀ բնապահպանության նախարարությունում ստորագրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր-Կանաչ կլիմայի հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթուղթը, որով ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար է շնորհվում այդ ծրագրի իրականացման համար:

Փաստորեն, միայն հուլիսի առաջին տասնօրյակում մեր պետական մարմինները 20 մլն դոլար և 5.5 մլն եվրո դրամաշնորհ են ստացել: Հնարավո՞ր է,, արդյոք թեկուզ այս երկու դրամաշնորհները համեմատել Հայաստանի ամբողջ ՀԿ սեկտորի կողմից վերջին մեկ տարում ստացած բոլոր դրամաշնորհների հետ: Իհա՛րկե ոչ: ՀԿ-ները, նույնիսկ ամենահաջողակները, առավելագույնը 20-30-50, երբեմն նույնիսկ կարող են 100 հազար դոլար դրամաշնորհ ստանալ որևիցե ծրագիր իրականացնելու համար ու ինչքան էլ փորձեն, չեն կարող մրցել ամենամեծ գրանտակերի հետ:

Բայց վերջին երկու դրամաշնորհներն էլ մի կողմ: Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով խոստանում էր սեփական եկամուտների բավական հավակնոտ աճ և հաստատուն ծախսերի շատ կոշտ կառավարում, պաշտոնական տվյալներից պարզ դարձավ, որ միայն 2017 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մտել 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31.6 տոկոսը: Փաստորեն, նախատեսված բյուջետային մուտքերի մեկ երրորդը դրամաշնորհ է: Համեմատելու և ավելի հետաքրքիր պատկեր ստանալու համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն են:

Մենք հաշվել ենք, թե որքան պաշտոնական դրամաշնորհ է ստացել Հայաստանը, օրինակ, 2014 թվականին. 34.8 մլն դոլար, 213 մլն եվրո և 60 մլն յուան: Կրկնում ենք, միայն 2014 թվականին: Մեկ այլ պերճախոս օրինակ էլ կարող ենք բերել: Երբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրեց ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների տվյալները, պարզվեց, որ Հայաստանում ամենախնդրահարույց ոլորտներից մեկը՝ արդարադատության համակարգը, ի դեմս արդարադատության նախարարության, 2007-2015 թթ. ստացել է ավելի քան 32,6 մլն ԱՄՆ դոլարի օտարերկրյա դրամաշնորհ: Այդ դրամաշնորհների շնորհիվ արդարադատության համակարգի խնդիրները վերացե՞լ են, ավելի կատարյալ արդարադատությո՞ւն ունենք, մարդիկ գո՞հ են արդարադատության համակարգից:

Մի խոսքով, միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են հոսում Հայաստան, և դրանց առյուծի բաժինը ստանում են պետական կառույցները, որոնց ներկայացուցիչներն ամենից բարձր են ճչում, թե այսինչ կամ այնինչ մարդը, կազմակերպությունը, միությունը գրանտակեր է: Մինչդեռ հասարակական կազմակերպությունը ստանում է, օրինակ, 30-40 հազար դոլար դրամաշնորհ (լավագույն դեպքում), նրա աշխատանքի արդյունքն անմիջապես երևում է: Իսկ թե ինչ արդյունք է երևում պետության ստացած դրամաշնորհներից՝ դժվար է ասել: Իհարկե, մեկ-երկու «հաջողված» օրինակ կարելի է նշել, ասենք՝ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումները հնարավոր էր տեսնել ու շոշափել: Այդ տեխնիկական միջոցները ձեռք էին բերվել հենց դրամաշնորհների հաշվին: Որոշ համայքներում էլ երևում են, օրինակ, նոր ջրագծեր, արոտավայրերի կառավարման ծրագրեր, դաշտերում անասունների խմոցներ և այլն: Իսկ ավելի՞ն… Երբ փորձում ենք մտաբերել ավելին, հիշում ենք նախորդ տարեվերջին ՀՀ քննչական կոմիտեի աղմկոտ և սկանդալային բացահայտումը ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակությունների վերաբերյալ, հիշում ենք էլի մի քանի բացահայտումներ պետական որոշ պաշտոնյաների մասին, որոնք, մեղմ ասած, անբարեխիղճ էին վերաբերվել դրամաշնորհներին:

Ուրեմն, եթե համոզված ենք, որ գրանտակերները ապազգային, պետականության դեմ աշխատող, անհայրենիք արարածներ են, երբեք չպետք է մոռանանք, թե ով է ամենամեծ գրանտակերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: