Հայերեն   English   Русский  

Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևում


  
դիտումներ: 621

Հայաստանի ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձեւում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու եւ սուսերամարտ.

«Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձեւերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաեւ ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Բոլորը տվյալ մարզաձեւերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաեւ մարզական բախտը ժպտա:

Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին եւ լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ եւ մարզիչ կմեկնի մրցավայր:

Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո, ամենամեծ մարզական միջոցառումն է:

Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի եւ մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ եւ մրցանակակիրներ»,- ասաց Ռազմիկ Ստեփանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: