Գոռ Երիցյան. «Յուրաքանչյուր հաղթանակ իր գինն ունի»
Օգոստոսի 4-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Գոռը նոկաուտով հաղթեց Անդրեյ Դոլգոդիևին (Բելառուս):
«Անկախի» հետ զրուցում հայ բռնցքամարտիկը պատմում է իր տպավորությունների, սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու պատճառների և առաջիկա ծրագրերի մասին:
- Պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցիք: Շնորհավորում ենք: Ի՞նչ տպավորություններ ունեք:
- Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մենամարտի նախապատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ: Թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեպես պատրաստ էի մենամարտին: Մրցակիցս բավական փորձառու էր, պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մենամարտ էր անցկացրել: Սակայն առաջին ռաունդից պարզ դարձավ, որ մենամարտը ժամանակից շուտ կավարտվի: 4-րդ ռաունդում մրցակիցս վերջնականապես թուլացավ, այլևս չէր կարողանում պաշտպանվել, և մենամարտն ավարտվեց:
Սոչի էի գնացել հաղթելու նպատակով: Հաղթանակն անակնկալ չէր. երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Արդեն վերսկսել եմ մարզումները և պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին: Մրցակիցս առայժմ հայտնի չէ:
- Բավական լուրջ հաջողություններ եք ունեցել սիրողական բռնցքամարտում: Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշումն ինչո՞վ էր պայմանավորված:
- Միջազգային ասպարեզում սիրողական բռնցքամարտում բազմիցս հաջող ելույթներ եմ ունեցել՝ դառնալով մեդալակիր: Բայց և այնպես սիրողական բռնցքամարտում ամեն ինչ անկանխատեսելի է: Ամիսների աշխատանքը հենց առաջին մենամարտում կարող է ապարդյուն անցնել: Այստեղ անարդարությունն ու մրցավարական կողմնակալությունը, կասկածելի որոշումները շատ են, ամեն ինչ առևտրի վրա է հիմնված:
Պրոֆեսիոնալ ռինգում ավելի բարդ է, սակայն ճիշտ և նվիրված աշխատանքի դեպքում արդյունքը չի սպասեցնի: Դրանք տարբեր աշխարհներ են և անհամեմատելի: Թե՛ կազմակերպվածության, թե՛ լրջության առումով այստեղ ամեն ինչ ուրիշ է: Պրոֆեսիոնալ ռինգում եթե ուժեղ ես՝ հաղթում ես, եթե թույլ՝ պարտվում:
- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մրցակցին նախապես ծանոթանալու հնարավորությունը որքանո՞վ է օգտակար:
- Սիրողական բռնցքամարտում մրցակիցդ պատահականության սկզբունքով է որոշվում: Պրոֆեսիոնալում 1 ամիս առաջ իմանում ես հակառակորդին և սկսում պատրաստվել նրա դեմ: Այստեղ, ծանոթ լինելով մրցակցիդ և մարզումների ընթացքում ընտրելով սպարինգ զուգընկերներ, սկսում ես աշխատել ուժեղ և թույլ կողմերի վրա: Ավելորդ լարվածությունը, հոգեբանական ապրումները հաղթահարում ես մինչև մենամարտը՝ ամբողջովին պատրաստ դուրս գալով ռինգ:
Հոգեբանական պատրաստվածությունն անչափ կարևոր է: Չափից շատ հուզմունքն ու լարվածությունը հաստատ խանգարում են: Մենամարտին հարկավոր է թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեպես պատրաստ լինել՝ այդ ամենը հավասարակշռելով, այլապես սխալներ կլինեն:
- Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող մարզիկներն առավել հայտնի են ու ճանաչված երկրպագուների շրջանում: Այս առումով ուշադրությունը կարո՞ղ է խանգարել մարզիկին:
- Սպորտում մշտապես մոտիվացիա է հարկավոր հաղթելու, առաջ շարժվելու համար: Երբ զգում ու տեսնում ես, որ քեզ սիրում և գնահատում են, ավելի նվիրված ես սկսում աշխատել: Սակայն սպորտում կա չգրված օրենք. երբ հաղթում ես՝ բոլորը կողքիդ են, իսկ պարտության դեպքում սկսվում է քննադատությունը: Իհարկե ուրախալի է, երբ հաղթանակովդ ուրախանում են, քեզ ճանաչում:
- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
- Բռնցքամարտով ժամանակին զբաղվել է հայրս: Նրա մարզիչը դինամոյական Մարտին Մելիքյանն է եղել, որի գլխավորությամբ էլ կատարել եմ առաջին քայլերս: Փոքր տարիքում զբաղվում էի կարատեով: Օրերից մի օր հայրս եկավ և ասաց, որ պետք է արդեն բռնցքամարտի խմբակ հաճախեմ: Սկզբնական շրջանում կաշկանդվում էի, սակայն մի քանի պարապմունքից հետո հասկացա, որ բռնցքամարտն իմ մարզաձևն է: Մեկ տարի հետո դարձա Հայաստանի չեմպիոն և դեռահասների Եվրոպայի առաջնության մասնակցեցի: Եվ սկսվեց իմ մարզական ուղին: Հայաստանի առաջնությունների տարբեր տարիքային խմբերի չեմպիոն եմ դարձել, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:
Նշեմ, որ պատասխանատվություն և հպարտություն ես զգում, երբ ներկայացնում ես երկիրդ միջազգային ասպարեզում: Մեծ է լինում ուրախությունն ու ոգևորությունը, երբ գիտակցում ես, որ ինչ-որ արժեքավոր ու պիտանի գործ ես կատարել և երկրիդ անունը բարձր պահել: Երբ հաղթանակովդ ուրախանում են, զգացողություններն անբացատրելի են: Փորձում ես ամեն ինչ անել այդ պահերը նորից վերապրելու համար:
Այժմ եկել է լուրջ և հասուն սպորտի ժամանակաշրջանը: Պրոֆեսիոնալ ռինգում գոտի նվաճելը շատ բարդ է: Մարզիկներն այստեղ պատմություն են կերտում: Բացի այդ, պրոֆեսիոնալ ռինգում ֆինանսական անկախություն ես ձեռք բերում և սկսում մտածել միայն մարզումների մասին:
- Սպորտում հաջողության հասնել կարելի է հմուտ և փորձառու մարզիչների շնորհիվ: Ու՞մ գլխավորությամբ եք այժմ մարզվում:
- Մարզվում եմ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Նա իր գործի գիտակն է, փորձառու և տաղանդավոր մարզիչ: Նրա շնորհիվ մեր տղաները հաջող ելույթներ են ունենում թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական ռինգերում:
Նշեմ նաև, որ պրոֆեսիոնալ ռինգում համագործակցում եմ Punchboxing promotion-ի հետ: Ինձ մեծապես աջակցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու պրոմոտոր Արամ Դավթյանը: Մեր թիմով մեկ ընտանիք ենք դարձել: Մշտապես քաջալերում և ոգևորում ենք մեկս մյուսին, ուրախանում ձեռքբերումներով և հաղթանականերով:
- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը, և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
- Զարմանալի թող չհնչի, բայց առաջին հերթին սպորտն ինձ առողջություն է տվել: Մարզաձևի յուրահատկություններից ելնելով՝ շատերը կարծում են, թե մարզաձևը վտանգավոր է, այնինչ լավ բռնցքամարտիկը կարողանում է խուսափել հարվածներից: Սպորտն ինձ նաև ինքնահաստատում է տվել, քանի որ լավ մարզիկներին հարգում են, փորձում նմանվել: Բռնցքամարտը դարձել է կյանքիս անբաժանելի մասը, իմ առօրյան, որով ես ապրում եմ, որտեղ տեսնում եմ իմ ապագան: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, ինչ-որ բանի հասնելու համար պահանջվում է նաև զոհաբերություն: Մի բան պետք է տալ, մյուսը ստանալու համար: Միայն շուրջօրյա մարզումների, նվիրված աշխատանքի շնորհիվ է հնարավոր ինչ-որ բանի հասնել:
Ընկերներս մեկնում են հանգստի, լավ ժամանակ անցկացնում, ես միայն ու միայն տարված եմ իմ մարզումներով: Երբեմն մտածում եմ, որ չարժի, սակայն հաղթանակից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում, յուրաքանչյուր հաղթանակ իր գինն ունի: Պետք է ձգտել միշտ առաջինը լինել:
Հաջողության հասնելու, առաջ գնալու համար հարկավոր է ունենալ նպատակ: Սակայն այդ նպատակը պետք է իրատեսական լինի, հարկավոր է քայլ առ քայլ առաջ շարժվել: Ես նպատակ ունեմ գոտիներ նվաճել պրոֆեսիոնալ ռինգում՝ ամեն անգամ ձգտելով բարձրացնել կարգը:
Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ