Հայերեն   English   Русский  

Ասֆալտապատում հանուն Պուտինի


  
դիտումներ: 1430

Երևանի կենտրոնի ասֆալտապատման մասին շատ է խոսվել, քննարկվել, քննադատության ենթարկվել: Հազվագյուտ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք չդժգոհեն Երևանի` միայն Կենտրոնի փողոցների ասֆալտապատումից, իսկ այնուհետև վերաասֆալտապատումից` կրկին ու կրկին:

Ասֆալտապատ Երևանը թանկ է նստում պետության վրա

Հիմա էլ Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ընդ որում` այդպիսի աշխատանքներ ընթանում են այն փողոցներում, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ էին հերթական անգամ ասֆալտապատվել: Ու արդարացված են մայրաքաղաքի բնակիչների, հատկապես ծայրամասերի բնակիչների դժգոհություններն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի համար Կենտրոնն է համարվում գերակա նպատակ, իսկ իրենց փողոցները տարիներով, որոշ դեպքերում անգամ տասնամյակներով մնում են ավերակ ու քանդուքարափ վիճակում:

Զայրույթն էլ ավելի է ուժգնանում, երբ հասկանում ենք` այն ժամանակներում, երբ կառավարությունն ամեն քայլափոխի բողոքում էր, թե երկիրը միջոցներ չունի այս կամ այն կարևոր հարցի հրատապ լուծումն ապահովելու համար, որքան գումարներ են հատկացվում այն փողոցների վերաասֆալտապատմանը, որոնց երթևեկելիությանն, այսպես ասած, ոչինչ չի խանգարում. ո՛չ քանդված ու ավերակ են, ո՛չ ասֆալտն է փչացած:

Առավել ևս, որ Հայաստանի կառավարությունը միայն մեկ որոշմաբ վճռում է 7 մլրդ 485 մլն դրամ հատկացնել քաղաքապետարանին` Կենտրոնի փողոցների ասֆալտապատման համար:

Իսկ ընդհանուր առմամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքների համար 2009 թ. հատկացվել է 4 մլրդ 61 մլն դրամ, 2010-ին` 4 մլրդ 208 մլն դրամ, 2011-ին` 4 մլրդ 805 մլն դրամ, 2012-ին` 5 մլրդ 550 մլն դրամ, իսկ 2013-ին արդեն երկու անգամ է գումար հատկացվում` մի անգամ 5 մլրդ 955 մլն դրամ, իսկ հետո էլ` համարյա տարեվերջին` 7 մլրդ 485 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երևանի փողոցների ասֆալտապատման համար կառավարությունը չի զլանում ծախսել 32 մլրդ 64 մլն դրամ գումար:

Սա դեռ մի կողմ: Նայենք Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար Երևանի քաղաքապետարանին տրամադրված վերջին` 7 մլրդ 485 մլն դրամ հատկացումին: Այս որոշումը կառավարությունը կայացրեց աշնանը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա 2013 թ. չորրորդ եռամսյակում ասֆալտապատում իրականացնել: Քաղաքապետարանն էլ գործի անցավ` քանդելով ու վերստին ասֆալտապատման աշխատանքներ սկսելով այդ փողոցներում: Նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ փողոցները վերջին տարիներին ասֆալտապատվել էին, ու այժմ լիովին պիտանի էին շահագործման համար: Այստեղ մի հանգամանք էլ կա:

«Դա պրիմիտիվ հարց է, ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն սկսում աշնանը: Որովհետև նախ` աշունը կարող է անձրևառատ լինել, իսկ այդ դեպքում անձրևաջրերը վնասելու են նոր փռված ասֆալտի շերտը: Հետո` դիմացը ձմեռ է, ու ձյունն էլ նույն ազդեցությունը կունենա, դեռ չասենք, որ նոր արված ասֆալտը ձմռան եղանակային պայմաններում ցածր ջերմաստիճանի, ջրերի սառցակալման ու հալման ազդեցությամբ ևս քայքայվում է: Բացի այդ, ձմռանը Երևանում սովորաբար սառած փողոցներում տեխնիկական աղ ու ավազ են են շաղ տալիս, իսկ տեխնիկական աղը քայքայիչ ազդեցություն ունի, և ոչ միայն ասֆալտի վրա»,- պարզաբանեց ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանը: Փաստորեն, նման ասֆալտապատումների համար պետք է ընտրվեին տարվա ավելի տաք ու չոր եղանակները:

Պուտինը Երևանում

Ձմեռնամուտի ասֆալտապատումը Պուտինով է պայմանավորված

Ու ահա հարց է ծագում` մի՞թե քաղաքապետարանում չկար մի մտածող գլուխ, որ այս հանգամանքները հաշվի առներ ու աշնանը` ձմռանն ընդառաջ, չսկսեր երկրի առանց այն էլ սուղ միջոցներից մոտ 7,5 մլրդ դրամը քամուն տալ: Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչու է հենց այս եղանակն ընտրվել ասֆալտապատման համար, հաշվի առնվե՞լ է արդյոք վերոհիշյալ խնդիրների հավանականությունը, թե ոչ, ու ինչ կարծիք ունի քաղաքապետարանն այս կապակցությամբ: Մինչ օրս պատասխան չենք ստացել:

Բայց մեր աղբյուրներն «ակնարկեցին», թե ինչու են Երևանն ասֆալտապատողները «ձմռան բերան» ձեռուոտ ընկել: Երևի բոլորն են հիշում, թե ինչ նախապատրաստական միջոցներ էին ձեռնարկվել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած նախորդ այցից առաջ: Այդ ժամանակ եռակցվել էին ոչ միայն այն փողոցների դիտահորերի կափարիչները, որոնցով պետք է անցներ Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունը, այլև հարակից: Դա, ինչպես հիշում ենք, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում: Ու հիմա էլ պարզ է, որ Պուտինը շուտով կգա Հայաստան: Դե նախորդ փորձն ու «վրիպումներն» էլ հաշվի առնելով` մերոնք որոշել են այս անգամ ավելի հետաքրքիր ձև հորինել Պուտինի անվտանգ երթևեկությունը Երևանում ապահովելու համար: Ռուսաստանի պես երկրի ղեկավարի այցելությանը, բնականաբար, երկար են նախապատրաստվում: Ու հիմա, քանի որ դեռ ժամանակ կա, քաղաքապետարանը ձեռնարկել է ասֆալտապատման այս աշխատանքները, որոնց ընթացքում նաև Պուտինի նախորդ այցի ժամանակ կիրառված «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն» են կատարվում:

Թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տեսակետը, վիճելը դժվար է, քանի որ ո՛չ քաղաքապետարանն է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնում, և ո՛չ էլ կառավարությունը:

Եթե իրոք շրջանառվող տեսակետը ճիշտ է, միգուցե Պուտինից խնդրենք այցելել Երևանի ծայրամասային համայնքները նույնպես, որպեսզի այդ շրջանների փողոցներն էլ ասֆալտապատվեն, կամ միգուցե Պուտինը, ի սեր եղբայրական հայ ժողովրդի ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այցելի մարզերի հեռավոր գյուղե՞ր` Հայաստանի որդեգրած տարածքների համաչափ զարգացման ծրագրի նկատառումներից ելնելով, կամ էլ միգուցե Պուտինից խնդրենք` հաջորդ այցի համար ընտրի ավելի տաք ու չո՞ր սեզոնները, որպեսզի մերոնց վրա նրա այցելությունները ծանր չնստեն` ասֆալտի համար նախատեսված 7,5 միլիարդի չափով:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: