Հայերեն   English   Русский  

​Էլեկտրաէներգիան կվաճառվի այնպես, ինչպես կարտոֆիլը՝ ազատ շուկայական սկզբունքով


  
դիտումներ: 4362

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում մի բավական ուշագրավ հարց էր ներառված, որը, սակայն, անհրաժեշտ ուշադրության չարժանացավ: Խոսքը վերաբերում է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այս փաթեթով, ըստ էության, էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում է կատարվում նոր՝ ազատական մոդելի:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին, որով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է միայն վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, շուկան ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը: Իսկ առաջարկվող նոր մոդելը պետք է հենվի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի շուկայի մասնակիցների պահանջարկի և առաջարկի հայտերի հիման վրա և կսահմանի անհատական պատասխանատվություն շուկայի յուրաքանչյուր մասնակցի համար:

Կառավարությունը որպես հիմնավորում նշում է, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ: Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալու մրցակցության որոշակի տարրեր: Որպես հիմնավորում բերվում է նաև այն փաստարկը, որ զարգացած և զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և գործում են լիարժեք մրցակցության պայմաններում:

Հասկանալի լեզվով ասած՝ ներկայումս էլետրաէներգիա արտադրող կայանները՝ ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը, հողմակայանները, ատոմակայանը, ապագայում նաև արևային կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա, որը երաշխավորված՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված սակագնով, բարձրավոլտ էլեկտրացանցերի միջոցով հասնում է ՀԷՑ-ին, որն էլ արդեն իրականացնում է այդ էլեկտրաէներգիայի բաշխումը բաժանորդներին: Իսկ առաջարկվող նոր մոդելով ենթադրենք՝ մի որևէ գործարան կարող է դիմել մի որևէ, օրինակ, փոքր ՀԷԿ-ի, և ուղղակիորեն հենց նրանից, ըստ պայմանավորված սակագնի, ձեռք բերել իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ կառանձնացվեն բաշխման և մատակարարման գործառույթները, դրա շնորհիվ շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ իր հերթին կավելացնի գանձվող պետական տուրքերը: Միաժամանակ շուկայում կգործի երաշխավորված մատակարարը, որը ծառայություններ կմատուցի կարգավորվող գներով, ինչը սպառողներին հնարավորություն կտա ընտրություն կատարելու ինչպես մատակարարների միջև, այնպես էլ շուկայի կարգավորվող ու չկարգավորվող հատվածում էլեկտրաէներգիա գնելու հարցում: Ընդ որում, որակավորված սպառողներն իրավունք կստանան էլեկտրաէներգիա գնելու էլեկտրաէներգիա արտադրողներից անմիջական պայմանագրերի միջոցով:

Այս նախագիծը առաջին հայացքից բավականին առաջադիմական է: Որովհետև բաժանորդը, գոնե տեսականորեն, հնարավորություն ունի շուկայում բանակցությունների միջոցով ձեռք բերելու ավելի էժան էներգիա, շուկան ինքնիրեն կկարգավորվի, սակագներն արդեն սուբյեկտիվ չեն սահմանվի և այլն: Արտադրող կայանների տեսանկյունից կարծես նույնպես շահավետ է, իրենք էլ կփորձեն ավելի բարձր սակագնով վաճառել իրենց արտադրանքը, քան կարող էր սահմանել ՀԾԿՀ-ն: Բայց մեր տեղեկությունների համաձայն՝ հատկապես ՓՀԷԿ-երի ներկայացուցիչները խիստ դեմ են եղել նման մոդելին, քանի որ այդ դեպքում ամենաառաջին բացասական հետևանքը, որ ունենալու են, կայուն ու երաշխավորված շուկան կորցնելն է՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

Այսինքն՝ էլեկտրաէներգիան դառնում է նույնպիսի ապրանք, ինչպիսին, օրինակ, կարտոֆիլն է, կացինը, կամ համակարգիչը: Բացի այդ, անհասկանալի է դառնում, թե ինչ ուղիներով է, օրինակ, Իջևանում գտնվող ՀԷԿ-ը իր էլեկտրաէներգիան հասցնելու Մեղրիում գտնվող իր սպառողին, եթե նման պայմանագիր լինի: Իհարկե, ենթադրվում է, որ ԲԷՑ-ՀԷՑ սխեման կգործի, գոնե սկզբնական շրջանում, ու տեղափոխման խնդիրներ չեն առաջանա, քանի որ բացի այս երկու համակարգերից, այլ ենթակառուցվածքներ չկան: Իսկ եթե արտադրող կայանն ու բաժանորդը փորձեն ինքնուրույն ենթակառուցվածք ստեղծել, էականորեն կթանկանա էլեկտրաէներգիայի գինը, նաև մի խառնիճաղանջ, խառը իրավիճակ կստեղծվի: Իհարկե, եթե հարցը հասնի դրան, քանի որ ԲԷՑ-ՀԷՑ օղակները շրջանցել հնարավոր չի լինի:

Սկզբում դա անհրաժեշտ էլ չի լինի, որովհետև համաձայն նախագծի՝ իրար զուգահեռ կգործեն հին ու նոր մոդելները, որպեսզի բաժանորդներին անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը չխաթարվի: Եվ թերևս ժամանակի ընթացքում շատ հանգամանքներ ու մանրամասներ կհստակեցվեն: Ամեն դեպքում՝ հետաքրքիր նորույթներ են սպասում մեզ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: