Ինչ է տնտեսական բռնությունը. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկում ԱԺ-ում
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Նա նշեց, որ օրենքում սահմանումները գործածել են նպատակ ունենալով հասնել որոշակիության:
«Շատ դեպքերում մեր գործընկերները հարցնում են՝ եթե երեխայիս պաղպաղակ չառնեմ, կամ փոզ չտամ գնա խաղատուն, արդյո՞ք դա տնտեսական կամ հոգեբանական բռնություն է: Իհարկե՝ ոչ: Հստակ ամրագրված է, թե ինչ է տնտեսական բռնությունը: Տնտեսական բռնությունը անձին բնակարանից, սննդից և կյանքի, առողջության համար անհրաժեշտ այլ պարագաներից զրկումն է, որոնց նկատմամբ նա ունի օրենքով սահմանված իրավունքներ»,- ասաց Քոչարյանը:
Նիստի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց. «Եթե սոցիալական պայմաններից ելնելով՝ ծնողը չկարողանա ապահովել սնունդը և մնացած պահանջները: Այս առումով մեղավոր է ոչ թե ծնողը, այլ իշխանությունները, կառավարությունը: Այդ ընտանիքին պե՞տք է մեղադրանք ուղղել, որ նա տնտեսական կամ հոգեբանական բռնության ենթարկում երեխային»:
Փոխնախարարը պատասխանեց, որ օրինագծում կոնկրետ ձևակերպում կա և խոսքն այն դեպքերին է վերաբերում, երբ երեխային դիտավորությամբ են զրկել բնակության վայրից, սննդից պայմաններից, այսինքն՝ դրանք կան, բայց մարդուն զրկում են դրանից: