Հայերեն   English   Русский  

Դաստիարակչական նպատակ ունեցող ներազդեցությունները բռնություն չեն համարվի. փոխնախարար


  
դիտումներ: 1407

Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ մեկնարկել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Պատասխանելով ներկաներից մեկի հարցի ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց՝ դաստիարակչական ներազդեցությունները, այդ թվում՝ «ապտակի ինստիտուտը», չեն կարող դիտարկվել որպես բռնության դրսևորում:

Նա ընդգծեց, որ օրենքում եղած բոլոր սահմանումները հստակ են և մատչելի ընթերցողին: Սակայն եթե պետք է նոր պարզաբանումներ անել, փոխնախարարը դեմ չէ քննարկումներ անել:

Փոխնախարարի խոսքով՝ այն գործողությունները, որոնք արվում են դաստիարակչական նպատակով, չեն կարող համարվել բռնություն: Սակայն ընդգծեց՝ որևէ անձ մյուսին դիտավորությամբ տառապանք չպետք է պատճառի:

«Հոգեբանական բռնության դրսևորումները բոլորն էլ առանձին-առանձին իրավական շրջանակներում հստակեցված են։ Որոշ մարդիկ ասում են, թե երեխային ապտակելը ևս կարող է դիտարկվել հոգեբանական բռնություն, բայց դրանք մեր իրավական շրջանակներում մեկնաբանված և լուծված են: Օրինակ՝ սպառնալիքի առումով վաղուց ունենք կարգավորումներ քրեական օրենսդրության մեջ: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումների, կիրառման ու մեկնաբանման մասին, չպետք է ելնել ինչ-ինչ անհեթեթությունների կանխավարկածից: Օրենքը հստակորեն ամրագրում է բոլոր սկզբունքները»,-ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: