Հայերեն   English   Русский  

Նախագահների հանդիպումը հույսի մի փոքրիկ նշույլ տվեց, բայց դեռ վաղ է ոգևորվել


  
դիտումներ: 6433

Հոկտեմբերի 16-ին, մեկուկես տարվա ընդմիջումից հետո, Ժնևում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչպես տեղեկացանք, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Որովհետև արդեն տևական ժամանակ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բուն թեմայի վերաբերյալ որևէ բանակցություն չի ընթանում, և առաջին հերթին՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Այդ հանդիպումից համենայն դեպս հայկական կողմն առանձնապես մեծ սպասելիքներ չուներ՝ հատկապես հաշվի առնելով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների ստանձնած հանձնառությունները, որոնք Ադրբեջանն այդպես էլ չկատարեց։ Եվ այդ նախադեպից հետո խաղաղության ու կայունության ամրապնդման վերաբերյալ որևէ հայտարարություն հայ հանրության շրջանում հավատ չի ներշնչում։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների արդյունքների մասին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով հանդիպումը բնորոշեցին որպես կառուցողական և հայտնեցին, որ երկու երկրների նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար։ Հենց սա էր թերևս այս հանդիպման արդյունքով ձևակերպված գլխավոր ուղերձն ու ասելիքը։

Միջազգային միջնորդները հույս ունեին, որ այս հանդիպումից հետո կվերականգնվի ղարաբաղյան բանակցությունների բնականոն ընթացքը, թեև վերլուծաբան հանրությունը չունի այդ լավատեսությունը։ Թե ինչ կարող էր հայկական կողմն առավելագույնս ակնկալել այս հանդիպումից, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է, որ եթե իրականում լարվածությունը թուլացնելու հանձնառություն կա, ապա դա եթե ոչ առավելագույնը, ապա գլխավորներից մեկն էր, որ կարելի էր այս բանակցություններից ստանալ: «Հենց Ադրբեջանը չի ուզում վստահության մեխանիզմների մասին խոսել, քանի որ այդ դեպքում կզրկվի թե՛ քարոզչական, թե՛ հոգեբանական լծակներից, որ փորձում է բանեցնել և՛ հայկական կողմերի վրա, և՛ միջնորդների»,- ասաց քաղաքագետը։

Եվ այս տեսանկյունից, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, բանակցությունների վերսկսման առումով միայն մի բանն է «բռնելու տեղ» թողնում, որ այնուամենայնիվ, ամփոփիչ ձևակերպումը կողմերի համար դառնում է ուղղակի միջազգային պարտավորություն։ «Բայց պետք է հասկանանք, որ Ադրբեջանին երբեմն դա էլ չի կաշկանդում: Այսինքն՝ եթե կողմերը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու պարտավորություն են ստանձնել, ապա հայտարարությունն էլ երաշխիք չէ, որ դա կյանքի կկոչվի»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Ավելին, եթե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների դեպքում կային նաև նշված ուղիներ, թե ինչպես պետք է հասնել այդ պայմանավորվածությունների կատարմանը, մասնավորապես խոսվում էր սահմանին ու շփման գծում մոնիթորինգի, միջադեպերի քննման, վստահության մեխանիզմների մասին, ապա այս դեպքում որևէ հստակ գործիք, լծակ նախատեսված չէ։

Ինչևէ, հանդիպումից հետո՝ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն այդ հանդիպումից որոշակի մանրամասներ բացեց:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց: Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշում է, որ վերջին երկու-երեք տարիներին կարևոր տեղաշարժեր են եղել թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի, թե՛ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: «Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քաղաքական պահը շատ հարմար է ղարաբաղյան հարցում գրոհի անցնելու համար: Հայաստանը նախ և առաջ պետք է ամրապնդի կապերը Եվրոպայի, ԵՏՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, իսկ Ղարաբաղյան հակամարտության պարագայում պետք է այս բարենպաստ շրջանում փոխի խնդրի աղճատված պատկերը»,- ասում է Մանասյանը:

Իհարկե, հանդիպումից անմիջապես հետո փորձագիտական հանրությանն ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ կեցվածք է ընդունելու պաշտոնական Բաքուն Ալիևի Ադրբեջան վերադառնալուց հետո։ Ու հենց այդ կեցվածքով էլ հնարավոր կլիներ հասկանալ, թե ինչքանով է Ադրբեջանը պատրաստակամ կատարելու իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Եվ Բաքվի արձագանքը չուշացավ: Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ որոշվել է, բացի համաձայնեցված պահերից, առայժմ հայտարարություններ չանել: Չնայած դրան՝ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը: «Գոնե ամաչեր համանախագահներից»,- գրել է նա:

Մամեդովը հավանաբար նկատի ունի շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Մամեդովի հայտարարությանն արձագանքեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Բայց Բաքվից եկած այդ արձագանքը կարծես հուշում է, որ Ադրբեջանն այս անգամ էլ չի հարգելու պայմանավորվածությունն ու հիմա ինչ-ինչ պատճառաբանություններ է փնտրում դրա համար։

Պաշտոնական Բաքուն իրեն պահում է այնպես, ինչպես և սպասվում էր։ Ու որքան էլ նշվի, թե Հայաստանի համար հիմա բերենպաստ ժամանակներ են, թե գրոհելու ժամանակն է, պարզ է մի բան՝ Ադրբեջանը ձգձգվող կիսաբանակցային վիճակն օգտագործում է ու մեծացնում իր ռազմական պոտենցիալը, մշտապես նորանոր սպառազինություններ է ձեռք բերում, սահմանին ու շփման գծում դիմում է սադրանքների, անգամ լայնածավալ պատերազմի փորձ արեց 2016 թվականի ապրիլին։

«Ես համոզված եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնև էր գնացել հենց Հայաստանի դիրքորոշումները խստացնելու մտայնությամբ և ասելու, որ նախկին դիրքորոշումներով, նախկին մոտեցումներով, նախկին գնահատականներով, փոխզիջումային տրամաբանությամբ մենք այլևս չենք առաջնորդվելու: Ու եթե փորձենք ուշադրություն դարձնել Սերժ Սարգսյանի հետհանդիպումյան գնահատականներին, ապա առաջինը, որ աչքի է զարնում, այն է, որ պետք է գնալ ու տնտեսությունն ամրապնդել, իսկ դա երկարատև գործընթաց է: Այսինքն՝ ակնհայտ է, Երևանը հասկանում է, որ դիրքորոշումը խստացնելը բավական լուրջ ու երկարատև գործընթաց է, և ըստ էության՝ մենք մտնում ենք մի փուլ, որտեղ հեռանկարները դեռ շատ հստակ չեն, բայց նաև այլընտրանք չկա, քանի որ Հայաստանի նախկին դիրքորոշումն ու մոտեցումներն Ադրբեջանին առիթ էին տալիս ենթադրելու, թե կարող է իրավիճակ թելադրել կամ պատերազմ սկսելու սպառնալիքներ անել»,- այս կապակցությամբ նշում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Այո, Հայաստանն այլընտրանք չունի, բացի միշտ վատթարագույնին պատրաստ լինելուց, քանի որ անգամ թշնամիների հարցում բախտներս չի բերել ու մեզ Ադրբեջանի պես հարևան է բաժին հասել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: