Հայերեն   English   Русский  

​Եթե հուսահատվեին՝ ոչինչ չէր ստացվի. իսկ հիմա սեփական «մեղրոտ» բիզնեսն ունեն


  
դիտումներ: 11486

Փոքր ու միջին բիզնեսի ոլորտին առնչվելիս ամենուրախալի ու ոգևորիչ երևույթներից մեկը զրոյից, բացառապես սեփական ուժերով, կամաց-կամաց ոտքի կանգնած ու կայացած մարդկանց պատմությունները լսելն է։

Էլ ավելի ոգևորիչ են այդ պատմությունները, երբ զգում ես այն համառությունը, աշխատասիրությունը, եռանդը, երբեք չհանձնվելու և չնահանջելու հաստատակամությունը, որոնցով զրուցակիցդ, հազար ու մի խոչընդոտ ու խնդիր հաղթահարելով, միշտ սեփական ուժերի ու հնարավորությունների վրա հույսը դնելով, սկսել ու հասել է արդյունքի։ Բայց ավելի ես ոգևորվում, եթե նա գյուղում, սեփական տնտեսությունը բիզնեսի կանոններով վարելով է հասել այդ արդյունքին: Ոչ թե տրտնջացել է, երբ իր բերքը չի վաճառվել, այլ մտածել է այլընտրանքային ուղիներ փնտրել, բնության անբարեհաճությունը փորձել է սեփական աշխատասիրությամբ, համառությամբ, համբերությամբ ու յուրօրինակ մտահղացումներով մեղմել։

Այդպիսի մի օրինակ էլ Լոռու մարզի Սարալանջ գյուղում կա՝ «Մեղրատուն» անունով ու ապրանքանիշով, որը հիմնադրել է մեղվաբույծ Հարություն Զաքարյանը։ Նա իր ընտանիքի անդամների՝ կնոջ, հոր ու մոր հետ զբաղվում է մեղրի և մեղրից պատրաստված այլ ապրանքների արտադրությամբ։ Մեղրից բացի, նրանք արտադրում են խիստ յուրահատուկ մեղրի մաճառ, մեղրի գինի, օղի, ակնամոմի բալզամ, որոնք, բացի սնունդ և խմիչք լինելուց, բավական բուժիչ և առողջարար հատկություններ ունեն։

«2007 թվականին մի իրավիճակ ստեղծվեց, երբ մեր արտադրած մեղրի քանակն ավելացավ ու սպառման խնդիրներ առաջացան. մեր արտադրած մեղրը չէինք կարողանում վաճառել: Դա լուրջ խնդիր էր դարձել մեզ համար։ Հենց այդ ժամանակ էլ մտածեցինք, թե էլ ինչ կարող ենք անել, ու որոշեցինք մեղրից այլ ապրանքների արտադրություն էլ փորձել ու մեղրից այսպիսի հետաքրքիր ապրանքներ ստանալ։ Դա արդեն հնարավորություն տվեց, որ մեր մեղրն իրացնենք»,- «Անկախին» պատմեց «Մեղրատուն» ընկերության հիմնադիր Հարություն Զաքարյանը։

Սկզբում միայն մեղրի մաճառ էին արտադրում, որը պահելը բավականին դժվար էր, ուստի որոշեցին ու սկսեցին արդեն մեղրի գինի էլ արտադրել, որը պահելն արդեն այնքան էլ խնդրահարույց չէր, հետո՝ օղի։ Սկսեցին՝ իրենց ունեցած միջոցներն ու համեստ հնարավորությունները ճիշտ գնահատելով ու արդյունավետ օգտագործելով, նվազագույն պայմաններով, որոնք հիմնականում սեփական տնտեսությունից էին գոյանում։ Անգամ գումար էլ պետք չի եղել Զաքարյանին, աշխատուժ էլ, ընտանիքի անդամներով էին գործի լծվել։ Կարևորը հումքն էր, որը գոյանում էր տնից, մեղրը սեփական արտադրության էր։

«Փոքրից սկսեցինք։ Սկզբում ծանոթ-հարազատ-բարեկամներին էինք հյուրասիրում։ Հետո արդեն պահանջարկ առաջացավ, մարդիկ ասում էին՝ արտադրե՛ք, մենք կգնենք: Այսպես կամաց-կամաց սկսեցինք արտադրել նաև վաճառելու համար, հետո սկսեցինք փաթեթավորել, հետո՝ շշալցնել, դիզայնի խնդիրները լուծեցինք և այդպես շարունակելով՝ հասանք այն վիճակին, որ այսօր ունենք՝ սեփական փոքրիկ արտադրության»,- պատմեց Հարություն Զաքարյանը։

Հիմա էլ են ընտանիքի անդամներով ընտանեկան փոքրիկ բիզնեսը վարում: Սկզբում շատ չնչին քանակությամբ էին արտադրում, հիմնականում՝ ցուցահանդեսներում վաճառելու և հյուրասիրության համար։ Հետո կամաց-կամաց ավելացրին ծավալները։ Հիմա էլ այդ ծավալները հսկայական չեն, բայց խանութներին մատակարարել կարող են։ Դժվարություններն էլ սկզբում շատ էին, իրենց ընտանիքից ոչ ոք գինու կամ օղու մասնագետ չէր, ինչը սկզբում լուրջ խնդիրներ էր առաջացնում։ Բացը Հարություն Զաքարյանը փորձում էր լրացնել՝ տարբեր մասնագետների հետ շփվելով, նրանց խորհուրդները լսելով, նրանց փորձը յուրացնելով։

«Մեզ օգնեց մարդկային բնավորության մի պարզ գիծ՝ ինչ-որ բան անելու մեծ ցանկությունը, ամենակարևոր հանգամանքը՝ աշխատասիրությունը։ Պատկերացրեք, սկզբում ապագան չէր երևում, չգիտեինք՝ կվաճառվի՞ մեր ապրանքը, թե՞ ոչ, մարդիկ կընդունե՞ն, թե՞ ոչ, բայց փորձեցինք, համառորեն առաջ տարանք մեր գաղափարը, շատ աշխատեցինք, տքնեցինք, ու ստացվեց։ Դա մեծ ռիսկ էր, մենք ընդհանրապես չգիտեինք, թե ինչ է մեզ սպասում։ Բայց սեփական արտադրություն սկսելու, ուրիշի մոտ չաշխատելու շատ մեծ ցանկություն կար, ուզում էինք ազատ աշխատանքային գրաֆիկով ինքներս մեզ համար աշխատել։ Ազատ ժամանակ ունեինք ու զբաղվում էինք մեղվաբուծությամբ, դրանով էլ ապահովում էինք մեր կեցության համար անհրաժեշտ գումարը։ Այդ եկամուտների մի մասն ու մեր ազատ ժամանակն էլ ծախսում էինք մեր գաղափարը՝ մեղրի գինու արտադրությունը կյանքի կոչելու վրա։ Ու ստացվեց, փառք Աստծո»,- նշեց «Մեղրատան» հիմնադիրը։

Հիմա «Մեղրատուն» գինիներն ու օղիները սպառվում են միայն Հայաստանում, բայց արդեն փորձում են նաև արտահանել։ Նրանց արտադրած գինիները շուկայում հարգանք վայելող նորմալ ու որակյալ գինիներից ավելի թանկ չեն։ Իսկ եթե հաշվի առնենք յուրօրինակությունը, ապա առավել ևս թանկ չեն։

Մեղրատուն

Բայց այդ հանգամանքը՝ ապրանքի եզակիությունը, երկսայրի սուր է: Այդ յուրահատկությունն առանձնացնում է տվյալ ապրանքը շուկայում, ուստի ուշադրություն գրավելը հեշտացնում է, բայց մյուս կողմից՝ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում. գնորդը ծանոթ չի լինում ապրանքին, ու ժամանակ է պահանջվում, որ սովորի դրան։ Դա նաև Զաքարյանների գլխավոր խնդիրներից է եղել։ Բայց այդ խնդրից ոչ թե հիասթափվել ու իրենց գաղափարից հետ են քաշվել, այլ հարցին մոտեցել են դրական տեսանկյունից նայելով՝ հավատացել են, որ իրենց ապրանքի եզակիությունն ու յուրահատուկ լինելը վաղ թե ուշ իր գործը կանի։ Իսկ մինչ այդ գիտակցել են, որ հեշտ չի լինելու, և համբերությամբ զինված՝ իրենց արտադրանքը փորձել են ճանաչելի դարձնել հիմնականում ցուցահանդեսների, էքսպոների միջոցով։

«Երբ ցուցահանդեսի ժամանակ մարդը համտես է անում, զգում է համը, սկսում է ճանաչել, նոր միայն հետաքրքրվում է մեր արտադրանքով ու գնում մեր ապրանքներից։ Իսկ եթե չճանաչի՝ խանութից չի գնի։ Հենց այդ երկու կարևոր հատկանիշները՝ աշխատասիրությունն ու հույսը չկորցնելը մեզ օգնեցին, որ չնահանջենք ու կամաց-կամաց մեր տեղը հարթենք»,- ասաց Հարություն Զաքարյանը։

Ու հիմա զգում են, որ պահանջարկը շատ է աճել, հետաքրքրությունն իրենց գինիների, օղիների հանդեպ մեծացել է ու դեռ մեծանում է։ Որոշել են նաև պոտենցիալ գնորդների հետ շփումն ապահովելու համար հյուրատուն էլ հիմնել իրենց տնտեսությունում, որպեսզի մարդիկ գան, հաճելի օր անցկացնեն, հանգստանան, համտեսեն, անձամբ մասնակցեն մեղրի մաճառի, գինու, օղու արտադրության պրոցեսին ու եթե հավանեն՝ նաև գնեն։ Պոտենցիալ գնորդի հետ ինտերակտիվ շփման այս տարբերակն են որդեգրել։

Հարություն Զաքարյանը մեզ հետ զրույցում ժպտալով խոստովանում էր, որ շուկայում անծանոթ արտադրանքը ներկայացնելու համար շատ կարևոր է շփվող, ասող-խոսող լինել, կարողանալ նաև գովել սեփական ապրանքը, բայց ինքն այդ շնորհքը չունի, և դա երբեմն խանգարում է։ Բայց նաև հավելում էր՝ ընտանիքի անդամներն են փորձում նման գործերով զբաղվել։ Ամեն դեպքում՝ նրանք մտադիր են արդեն ընդլայնել իրենց արտադրությունը, քանի որ գիտեն՝ հարցին ստեղծագործաբար մոտենալն է իրենց հաջողության գրավականը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: