Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ
Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017թ. օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի և տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերի ապօրինի հատումների և այդ տարածքների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ թույլ տրված անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը: