Հայերեն   English   Русский  

Արդյո՞ք հիվանդ ընտանիքում մեծացած երեխան կարո՞ղ է ԼՂ հարցը լուծել. փաստաբան


  
դիտումներ: 986

«Ես կողմ եմ նմանատիպ օրենքի ընդունմանը»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Եգանյանը՝ անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին

Վերլուծելով սոցցանցերում և մամուլի միջոցներով հակառակ պնդումները, փաստաբանը օրենքի ընդդիմադիրների երեք փաստարկ է առանձնացրել. «Առաջինն այն է, որ մենք ունենք հազար ու մի պրոբլեմ, ԼՂՀ հարց, արտագաղթի խնդիր, էս էր պակասում, էս էլ բերեցիք, գցեցիք մեջտեղ: Հարց է առաջանում. արդյո՞ք հիվանդ ընտանիքում մեծացած երեխան կարո՞ղ է ԼՂ հարցը լուծել, կարո՞ղ է իր սեփական հողում արարելու ցանկություն ունենալ: Ասում են՝ սա հատուկ ներմուծված օրենք է, այլ ուժերի դավադիր տրամադրություններն են: Ես այդ պնդումներին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ կարո՞ղ եք մատնանշել մի օրենք, որը մաքուր հայկական է: Նախկինից սկսած՝ մովսեսյան օրենքներից, հռոմեա-ասորեական աղբյուրից սկսած մինչև սովետական օրենքները՝ մենք միշտ տեղայնացրել ենք օրենքները: Մենք չունենք մաքուր հայկական օրենքներ, որի աղբյուրը հայկական է: Եթե լավ օրենք է, ինչո՞ւ չտեղայնացնել»:

Երկրորդ փաստարկն այն է, որ սա կերակրատաշտ է ստեղծում «գործ տվողների» և «գործ ուտողների համար»: Փաստաբանի խոսքով՝ նման մեկնաբանություն կարելի է արտահայտել ցանկացած օրենքի մասին. «Առաջարկն այն է, որ դռները փակենք, գնանք տո՞ւն: Սա պետական կառույցների հանդեպ անվստահություն է ընդհանուր առմամբ, բայց չխորանալ օրենքի անհրաժեշտության մեջ՝ սա, մեղմ ասած, անհիմն պնդում է»:

Ըստ երրորդ փաստարկի, Հայաստանը նման խնդիր չունի, հայ ավանդական ընտանիք եք քանդում, մտնում եք ընտանիքներ.«Սա աբսուրդ է: Ես նախ չգիտեմ, թե ինչ ասել է հայ ավանդական ընտանիք: Եթե հիմք ընդունենք վիճակագրությունը, որ բռնությունների 17 տոկոսը տեղի է ունենում ընտանիքներում, որ մանկահասակների նկատմամբ սեքսուալ բռնությունների 47 տոկոսը տեղի է ունենում ընտանիքներում և այդ համատեքստում ասել, որ օրենքի անհրաժեշտությունը չկա, զարմանալի է»:

Ինչ վերաբերում է բուն օրենքին, ըստ Եգանյանի, չկա իդեալական օրենք և մանավանդ նոր փաստաթուղթը կարող է ունենալ բազմաթիվ բացթողումներ. օրինակ, սուտ մատնության դեպքերի հետ կապված կանոնակարգում չկա, պարզ չէ, թե պաշտպանության համար ովքեր կարող են դիմել: Սակայն դրանք կարելի է քննարկել և փոփոխել:

«Գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք մեզ պետք է նման օրենք, թե՝ ոչ: Այս օրենքն առողջ ընտանիք, առողջ հասարակություն ստեղծելու համար մեկ քայլ առաջ է»,- եզրափակեց Հայկ Եգանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: