Հայերեն   English   Русский  

Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման հեռանկարները


  
դիտումներ: 1075

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի
Գործընկերներ
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում: Ավանդաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անշեղորեն աճում է: Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Մեր գործընկերների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած միջգերատեսչական մակարդակով հանդիպումները հենց այդ մասին են վկայում: Այսօր համատեղ ուսումնասիրվում են բավական հեռանկարային առաջարկություններ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ մեր օրակարգային հարցերը և հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Այսօր արդեն ստորագրման են պատրաստ մի շարք փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք կարծում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ոչ միայն պահպանելու մեր հարաբերություններում նկատվող միտումը, այլև արագացնելու այն: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Ուրախ ենք Ձեզ տեսնել»:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի
Հարգելի գործընկերներ, բարեկամներ
Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել: Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են: Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին ինչպես ավանդական, այնպես էլ նոր հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են դեպի երրորդ երկրներ արտահանումը խթանելուն և համապատասխան ներուժ ունեցող ոլորտներում ներմուծման փոխարինումը զարգացնելուն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակելու վերաբերյալ հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:
Երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է մինչ օրս տեղի ունեցած 17 նիստերի արդյունքներով իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Նա ներկայացրել է առևտրատնտեսական և բիզնես կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, շինարարության, շրջակա միջավայրի պահպանության, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և այլ ոլորտներում համագործակցության ընթացքը: Մ. Սոկոլովը նշել է, որ բիզնես երկխոսության ամրապնդման և ներդրումային համագործակցության զարգացմանը կնպաստի Հայաստան-Իրան սահմանին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, և Ռուսաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ պոտենցիալ հետաքրքրվածություն են հայտնել ԱՏԳ-ում մասնակցություն ունենալու կապակցությամբ: Իսկ այս տարվա մարտին ստորագրված համատեղ հուշագրի հիման վրա Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը ևս կխթանի հայ-ռուսական համատեղ փոխշահավետ ծրագրերի նախաձեռնումը, որի շրջանակում ներդրումների իրականացման համար առավել հետաքրքիր և արդյունավետ ոլորտներ են համարվում գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները և բարձր տեխնոլոգիաները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական սահմանին՝ Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու հնարավորություններին և քննարկել այնտեղ ռուսաստանյան ընկերությունների ներգրավման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: