Հայերեն   English   Русский  

Deutsche Welle. Մերկելի կուսակցությունը 2012թ-ին 28 հազար եվրո նվիրատվություն է ստացել Ադրբեջանից


  
դիտումներ: 1043

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։

Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ների կոնսորցիումին, որի մեջ են մտնում հանրային հեռարձակողներ NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը։

Ըստ տեղեկությունների՝ 2012 թվականի փետրվարի վերջին 3000 և 25000 եվրոյի չափով երկու վճարումն իրականացվել է Գերմանիայում SOCAR-ի ներկայացուցչության միջոցով, Ֆրանկֆուրտում կուսակցության շրջանային մասնաճյուղի հաշվեհամարին։

Այս գործը Բունդեսթագի գործերով վարչության հետ չորս տարի տևած իրավական վեճի պատճառ է դարձել, քանի որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է կուսակցություններին նվիրատվություններ ստանալ ԵՄ-ի անդամ չհանդիսացող պետություններից:

Չնայած նրան, որ այս կուսակցության մասնաճյուղն առանց որևէ բան հաշվի առնելու ընդունել է նվիրատվությունները, Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ իրավիճակի մասին Բունդեսթագի վարչությանը, որն էլ արդեն 2013 թվականի աշնանը վճռել է, որ օրենքի համաձայն՝ այդ նվիրատվությունն անթույլատրելի է: Կուսակցությունը հրաժարվել է նվիրատվությունից և ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան:

Չնայած օրենքի խախտմանը՝ կուսակցությունը ստիպված չի լինի տուգանք վճարել, քանի որ վարչական դատարանն այս տարվա ապրիլին վճռել է, որ մեղքերն ընդունել է կարող է ոչ միայն մեղմել պատիժը, այլև թույլ տալ ամբողջովին խուսափել դրանից:

Այս գործը մի շարք հարցերի տեղիք է տալիս՝ ո՞րն է եղել այս նվիրատվության նպատակը։ Բունդեսթագի վարչությունը չի ուսումնասիրել, թե ինչու է ադրբեջանական պետական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակ հազարավոր եվրոներ նվիրաբերել:

SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Անդերս Էգենի Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ շփումները կարևոր է՝ «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»:

«Նաբուկո» գազամուղի վերաբերյալ նախագիծն ընդունվել է 2013 թվականին՝ էներգետիկայի հարցերով ԵՄ այդ ժամանակվա հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ-ի անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ։

Վերջինս նշել է, որ Socar-ը նաև նվիրատվություններ է կատարել սպորտի և մշակութային ասոցիացիաներին։ Նա հրաժարվել է մանրամասնել կամ խոսել Գերմանական այլ կուսակցությունների հնարավոր նվիրատվությունների մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: