Հայերեն   English   Русский  

«Քրդստանն այլ ճանապարհ չունի, քան նահանջելը». Վարդան Ոսկանյան


  
դիտումներ: 1276

«Մերձավոր Արևելքում միանգամից մի քանի կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Դրանք վերաբերում են Իրաքում անկախություն հռչակած քրդերին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում թագաժառանգի հայտարարությանը, ըստ որի՝ նրանքի անցում են կատարելու ավելի չափավոր իսլամի, ինչը շատ կարևոր է ՝ հաշվի առնելով երկրի ազդեցությունը տարածաշրջանում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Քրդստանի անկախությանը՝ պարոն Ոսկանյանն ընդգծեց՝ ակնհայտ էր, որ տեղի է ունեցել սխալ հաշվարկ: Դրանով է բացատրվում այն, որ քրդերը հայտարարեցին հանրաքվեի արդյունքները սառեցնելու մասին՝ Բաղդադի հետ բանակցելու համար.«Բարզանիները տարաշրջանի և միջազգային իրավիճակի սխալ հաշվարկ են կատարել: Քրդստանի անկախությանը աջակցություն չբերեց ոչ մի երկիր, բացառությամբ Իսրայելի, որը սահմանափակվեց միայն հայտարարություններով»:

Այնուամենայնիվ, Քրդստանում 8 ամսից տեղի կունենան ընտրություններ, իսկ Բարզանին չկարողացավ իր վարկանիշը բարձրացնել, ընդհակառակը՝ հետընթաց ունեցավ: Իրաքի կառավարական ուժերի գործողությունների շնորհիվ Քիրքուք քաղաքը գրավելուց հետո քրդերը նաև տնտեսական վնաս կրեցին:

«Սրվեցին նաև ներքրդական տարաձայնությունները: Պարզ դարձավ, որ այս պահին քրդերը դեռ պատրաստ չեն մի կողմ դնել ներկլանային հակասությունները հանուն ինչ-որ գաղափարի, անգամ եթե դա Քրդստանի անկախությունն է: Այժմ ուժերը գրեթե հավասարապես բաշխված են Բարզանիների և Թալաբանիների միջև: Այսօր կարելի է ասում վճռվում է Բարզանիի ճակատագիրը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ Իրանը Թուրքիային և ԱՄՆ-ին ցույց տվեց, թե Իրաքում ում է պատկանում իրական վերահսկողությունը: Հենց իրանամետ ուժերը կարողացան խաղաղ ճանապարհով Քիրքուկը վերադարձնել Բաղդադին: Բացի այդ,նրանք դա արեցին խաղաղ ճանապարհով:

Վ. Ոսկանյանը գտնում է, որ, տարածաշրջանային իրավիճակը հաշվի առնելով, Քրդստանը այլ ճանապարհ չունի, քան նահանջելը: Քրդերն առաջին հերթին պետք է փոխեն իրենց մոտեցումը սեփական պետության հանդեպ.«Քրդստանը մեծամասամբ մնում է հստակ կլանային համակարգ ունեցող տարածաշրջան։ Եվ եթե ցանկություն կա այդ տարածաշրջանում պետություն կառուցել, պետք է առաջին հերթին պայքար մղել կլանայնության դեմ։ Էրբիլի քաղաքական վերնախավը Բարզանիներն են՝ Մասուդ Բարզանին, նրա հարազատ որդին, որ զբաղեցնում է ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը:

«Բարզանիները սերում են սուֆիական եղբայրակցության շեյխերի տոհմից: Մեկ այլ սուֆիական եղբայրակցության շեյխերի տոհմից են սերում Թալաբանիները։ Այս ընտանիքների պայքարը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի։ Այսօր այսկրոնական ճյուղերի պայքարը ստացել է քաղաքական ձևակերպում»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Էրբիլի ամենամեծ սխալն Իսրայելի հետ սիրախաղն էր, քանի որ Իրանի նման գերտերության հետ հարևան ցանկացած երկիր, որը սիրախաղ է ունենում Իսրայելի հետ, միանշանակորեն տուժում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: