Հայերեն   English   Русский  

Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը ապտակ է մեզ համար. թուրք հանդիսատես


  
դիտումներ: 2277

Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Հատում» («The Cut») ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած մարդինցի Նազարեթ Մանուկյանի մասին (Նազարեթին մարմնավորել է ծագումով արաբ դերասան Թահան Ռահիմը), այս տարվա օգոստոսի 31-ին առաջին անգամ ներկայացվեց Վենետիկի 71–րդ կինոփառտոնում:

Հետաքրքրական է, որ եվրոպական մի շարք երկրների թվում ֆիլմը վերջերս սկսվեց ցուցադրվել նաև Թուրքիայում: Այս օրերին Ստամբուլի մի քանի կինոթատրոններում արդեն կարելի է դիտել ֆիլմը: Դատելով լեցուն սրահներից` ակնհայտ է, որ ֆիլմը հետաքրքրել է թուրք հանդիսատեսին: Բաց չթողնելով առիթը` որոշեցի դիտել ֆիլմը, այնուհետև զրուցեցի ներկաների հետ` փորձելով իմանալ նրանց կարծիքն ու մոտեցումը ռեժիսորի աշխատանքի մասին:

«Հատում» ֆիլմում ներկայացված է Մարդինում ապրող հայ դարբին Նազարեթ Մանուկյանի կյանքի պատմությունը: 1915 թվականին նրան, ինչպես նաև տեղի բոլոր հայ տղամարդկանց քշում են դեպի սիրիական անապատներ: Նա ստիպված է լինում թողնել կնոջը և երկվորյակ աղջիկներին` գնալով դեպի անհայտություն: Գաղթի ճանապարհին բոլորը սպանվում են թուրք ժանդարմների կողմից: Նազարեթին հաջողվում է ողջ մնալ, սակայն նա կորցնում է խոսելու ունակությունը կոկորդի շրջանում ստացած կտրվածքի պատճառով: Ապա մի արաբ օճառագործի օգնությամբ կարողանում է ապաքինվել և վերագտնել իրեն: Այնուհետև սկսվում է Նազարեթի որոնումների երկար ճանապարհը: Դուստրերին գտնելու հույսով նա շրջում է տարբեր քաղաքներով` հասնելով մինչև Կուբա և ԱՄՆ:

Ֆիլմում տեղ են գտել մի քանի ուշագրավ և ազդեցիկ տեսարաններ: Ողջ ֆիլմի ընթացքում կարելի է նկատել, որ գլխավոր հերոսը` Նազարեթը բարկացած է Աստծո վրա: Իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածի համար նա մեղադրում է երկնավորին` կորցնելով հավատը: Սակայն Նազարեթը երբեք չի կորցնում դուստրերին գտնելու հույսը: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ` նրան հաջողվում է աշխարհի մյուս ծայրում գտնել դուստրերից մեկին: Ֆիլմի կենտրոնական կերպարներից է թուրք Մեհմեդը, որը չի սպանում Նազարեթին, այլ կտրում է նրա կոկորդը, որի պատճառով էլ նա կորցնում է ձայնը: Աակայն Մեհմեդը ի վերջո փրկում է Նազարեթին: Հրաժեշտի պահին նա ներողություն է խնդրում Նազարեթից, իսկ վերջինս էլ ներում է նրան: Իրականում ռեժիսոր Ֆաթիհ Աքընը Մեհմեդի կերպարում ինքն իրեն է տեսել, այդ պատճառով էլ նա Մեհմեդին ֆիլմի գլխավոր հերոսն է համարում: Մեկ այլ հետաքրքիր կերպար էլ Նազարեթին օգնած արաբ Օմերը, որի մեջ մարմնավորված են այն բոլոր մարդիկ, ովքեր ցեղասպանության տարիներին այս կամ այն կերպ աջակցել են ողջ մնացած հայերին:

Այս ֆիլմի հրապարակումից հետո մի շարք քննադատություններ հնչեցին, թե այն ամբողջական չէ, խորապես չի անդրադառնում ցեղասպանությանը և մի շարք բաց հարցեր է թողնում: Ֆիլմը դիտելուց հետո կարելի է նշել, որ այն ոչ թե թերի է, այլ պարզապես ուրիշ հայացք է խնդրի նկատմամբ: Նկատելի է, որ ռեժիսորը շատ նուրբ է մոտեցել թեմային: Նա չի անդրադարձել ցեղասպանության ծրագրին, դրա հեղինակներին, բուն ընթացքին, այլ մեծապես շեշտը դրել է մարդկային այդ ողբերգության բարոյահոգեբանական հետևանքների վրա: Նազարեթի` տարիներ տևած որոնումների ճամփան իր մեջ միավորում է աշխարհասփյուռ հայության ճակատագիրը` ճշմարտության և արդարության հարյուրամյա փնտրտուքների ուղին: Նազարեթի անլեզու կերպարը կարծես խորհրդանշում է ցեղասպանությունը վերապրածների լռությունն ու կորուստի ցավը:

Իրարամերժ զգացողություններով և հուզմունքով դուրս գալով կինոթատրոնի դահլիճից` թուրք հանդիսատեսին խնդրեցի կարծիք հայտնել ֆիլմից ստացած տպավորությունների և ցեղասպանության շուրջ իրենց ընկալումների մասին:

-Գիտեմ, որ հայերի մոտ նուռը մի խորհրդանիշ է: Այս ֆիլմը ինձ ցույց տվեց, թե հայերի համար նուռը ինչ իմաստ ունի: Նռան հատիկները աշխարհով մեկ սփռված հայերն են: Նազարեթը, ծնվելով Մարդինում, աշխահի մյուս ծայրում է հայտնվում: Ես միշտ իմացել եմ Հայոց ցեղասպանության մասին, տարբեր գրքեր եմ կարդացել: Թուրքիայում փոքրամասնությունների նկատմամբ եղած անարդարությունները դեռ շարունկավում են: Սակայն նման մի ֆիլմի ցուցադրումը Թուրքիայում որոշակի առաջընթացի մասին է խոսում: Իմ կարծիքով` Թուրքիայում մարդիկ քայլ առ քայլ են մոտենալու ճշմարտությանը և այս գործընթացում ֆիլմն էլ է կարևոր և ազդեցիկ: Մարդկանց գիտակցության մեջ հարցականներ կառաջանան և այն, որ շատերը կսկսեն մտածել այս խնդրի շուրջ, արդեն մեծ նվաճում է,-նշեց Մյուգե Բիլգենը:

-Երբ էկրանին տեսնում ես քո իմացած բաները, դրանք ավելի ազդեցիկ են դառնում: Այս մասին շատ եմ կարդացել, սակայն երբ այդ ամենը պատկերավոր է ներկայացվում, կարծես մի ապտակ ես ստանում: Ֆիլմը շատ հավանեցի, շատ ազդեցիկ էր: Հայերը իսկապես նռան հատիկների են նման,-իր տպավորություններով կիսվեց Դևրիմ Բիլգենը:

-Ես Մուսան եմ, Ստամբուլում ուսանող եմ: Այս ֆիլմը Թուրքիայում լայն քննարկումների առիթ դարձավ, քանի որ առաջին անգամ ազգությամբ թուրք ռեժիսորը անդրադարձ կատարեց թեմային: Այս տեսանկյունից սա մեծ առաջընթաց է: Կարծում եմ` Աքընը հարցին շատ ճիշտ է մոտեցել, նա չի անդրադարձել ասենք զոհվածների թվերին և նման այլ մանրամասներին: Նա ներկայացրել է եղածը, որը Թուրքիայում շատերի կողմից է ընդունելի: Շատ հաջողված ֆիլմ է, սակայն ես ավելին էի սպասում:

Իսկապես, ֆիլմը աշխարհում, Թուրքիայում և հայության կողմից ընդունվեց ոչ միանշանակ: Ֆաթիհ Աքընի երկար տարիների արդյունքը հանդիսացող «Հատում» ֆիլմը մի հերթական անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը` այս անգամ բոլորովին այլ տեսանկյունից: Չկարևորելով ֆիլմում առկա հնարավոր բացթողումները` պետք է ընդգծել, որ ամեն դեպքում այն կծառայի իր նպատակին, որը մեկն է` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ աշխահի ուշադրությունը հրավիրել մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկի վրա: Եվ վստահաբար ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում կարելի է գնահատել որպես ևս մի փոքր քայլ առաջ:

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: