Հայերեն   English   Русский  

Մինչև ռեժիմը չտապալվի, ազատամարտիկների դեմ կատարված հարձակումները չեն բացահայտվի. Նախախորհրարանի անդամ ազատամարտիկներ


  
դիտումներ: 1219

«Իր նպատակին հասնելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Մի կողմից նա փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հաշտվելու այս վիճակի հետ: Մյուս կողմից նա ձգտում է թուլացնել հայկական բանակը, որպեսզի կարողանա իր սև գործն անել առանց լուրջ դիմադրության», - գրում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Նուբարաշենի բանտից: Նրա հայտարարությունը տարածել է Նախախորհրդարանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:

Ավետիսյանի խոսքով` զարմանալի կլիներ, եթե Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին, Հայ Կյուրեղյանին կամ իրեն չբանտարկեին. «Չէ՞ որ մենք թեկուզ տարբեր ձևերով, բայց կոնկրետ քայլերով դեմ ենք դուրս եկել ռեժիմին»:

«Սիրելի մարտական ընկերներ և հայ ժողովուրդ: Մենք ժամանակ չունենք: 2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Մեծ Եղեռնի 100-ամյակը: Սակայն պատմությունը կարծես թե կրկնվում է: Եթե մենք չկանխենք այսօրվա սպիտակ ցեղասպանությունը, վաղը նաև կարմիր ցեղասպանության կենթարկվենք: Մենք պարտավոր ենք ստեղծել այն Հայաստանը, որի համար զոհվել են Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը և մեր մյուս հերոսները», - այս կոչով է դիմում ազատամարտիկը բանտից:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա ազատամարտիկները խոսեցին վերջերս ազատամարտիկների նկատմամբ կատարված հարձակումներից. խոսքը Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանին նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերի մասին է:

«Տարիներ առաջ ես ասել էի` մի ազգ, որ կուրանա իր զինվորին, իր ձեռքով կփորի իր գերեզմանը: Սա խայտառակություն է: Շատ տխուր է տեսնել, թե ինչպես է նվաստացվում հայ զինվորը, հաղթական հայ զինվորը», - ասաց ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

«Թող ներեն ինձ իմ արտաշատցի ընկերները, բայց ժողովրդական մի խոսք մեջբերեմ: Ժողովուրդն ասում է. «Արտաշատցու հաց ուտողը բալա չի բերուm»: Հիմա ես ասում եմ. իշխանության կուտ ուտողը բալա չի բերի», - հավելեց Պավել Մանուկյանը:

Ըստ Արա Խուդավերդյանի` ազատամարտիկներին ծեծողները ուժային կառույցների ներկայացուցիչներ են. «Նրանք փորձում են ազատամարտիկներին լռեցնել յուրովի ձևով: Հանրության կողմից ճանաչված «Արաբոյի» հեղինակավոր զինվորը ծեծվում է ինչ-որ բաշիբոզուկների կողմից: Եվ ի՞նչ պետք է զգա այն զինվորը, որ այսօր գտնվում է սահմանին», -իր հերթին ասաց ազատամարտիկ Արա Խուդավերդյանը:

Ըստ նրա` ձեռագիրը չի փոխվում, դեպքերը կազմակերպում են նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել են Մարտի 1-ը

Ազատամարտիկները միաբերան նշեցին, որ «մինչև ռեժիմը չտապալվի, այս դեպքերը չեն բացահայտվի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: