Երբ ճանապարհի կեսից հետ կանգնես, այդպես էլ չես իմանա՝ վերջը լա՞վ կլիներ, թե՞ վատ
Դա հեռավոր թվացող 1997 թվականն էր: Փորձելով իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում աշխատել ու Հայաստանի պայմաններում զարգանալ՝ Էքսարջյանների կողմից հիմնված արտադրամասը՝ «ԷքսՓաք» ՍՊԸ-ն (EksPack) նույնանուն ապրանքանիշով արտադրական հաստոց-հոսքագծեր ու տարբեր սարքավորումներ է արտադրում կաթնամթերքի, սուրճի, գազավորված ու ոչ գազավորված ըմպելիքների, ջրի, գինու, օղու, պահածոների արտադրության համար:
«Առաջին արտադրանքը վաճառել ենք. այն ժամանակ «Ջոնսոնս» կաթնամթերք կար, այդ ընկերությանը: Մեր առաջին հաճախորդը նրանք են եղել: Ես այն ժամանակ փոքր էի, հայրս էր հիմնականում զբաղվում այս գործով: Հետո տոմատ արտադրող մի ընկերության համար տարավորելու հաստոց է պատրաստվել ու այդպես գործը շարունակվել է, կամաց-կամաց դարձել է գործող բիզնես: Սկզբում խնդիր էր դրված ոչ թե հաստոց արտադրել, այլ տարաներ, որովհետև 90-ականների վերջերին տարաները բերվում էին Պարսկաստանից: Մեկ կարողանում էին այդ տարաները ներկրել, մեկ չէին կարողանում, ֆիրմաները դրա հետևանքով մեկ կարողանում էին իրենց ապրանքը խանութներին նորմալ մատակարարել, մեկ չէին կարողանում զուտ տարաների խնդրի պատճառով: Այդպես հայրս փորձեց թթվասերի բաժակներ արտադրել՝ ուղղանկյուն: Ու երբ տեսան, որ այդպիսի բարդ բան արտադրելը ստացվում է, արդեն մեզ սկսեցին դիմել, որ այդ տարաների վրա նրբաթիթեղ փակցնող հաստոց պատրաստենք: Հետո ասացին՝ ուզում ենք նաև մի այնպիսի հանգույց պատրաստեք, որ թթվասերն էլ լցնի տարաների մեջ: Այդ հանգույցն էլ պատրաստեցինք, ու այդպես կամաց-կամաց ամենահասարակ մոդելից հասանք ամենաբարդ՝ բարձր արտադրողականությամբ մոդելներին»,- «Անկախին» պատմեց ընտանեկան բիզնեսը շարունակող Սարգիս Էքսարջյանը՝ այս արտադրամասի հիմնադիր Խաչատուր Էքսարջյանի որդին:
Հիմա արդեն նրանց EksPack ընկերությունը մոտ 10-15 տեսակի հաստոց-հոսքագծեր է արտադրում: Այս գործը հիմնվել է որպես ընտանեկան բիզնես, մինչև հիմա էլ գործում է որպես այդպիսին: Իհարկե, կան խառատներ, փականագործներ, որոնց մոտ արտապատվիրում են որոշ դետալների պատրաստումը, բայց հիմնական արտադրությունը հենց իրենց մոտ է կազմակերպվում:
Մի քանի տարի առաջ, երբ երկրի ֆինանսատնտեսական վիճակը լավ էր, գործերն ավելի լավ էին առաջ գնում, շատերը փորձում էին արտադրություն դնել, բանկերը նորմալ ֆինանսավորում էին, հաճախորդները շատ էին, նրանցից մի մասի բիզնեսը ստացվել է, մյուսներինը՝ ոչ:
«Նա, ով որ վարկ էր վերցնում բիզնեսի համար ու այն ամբողջությամբ, նպատակային օգտագործում, նրան ամեն ինչ հաջողվում էր, իսկ ով հենց այնպես՝ «կլինի-կլինի, չի լինի՝ թող չլինի» մոտեցմամբ է սկսել, չի ստացվել: Եթե բիզնեսը չի ստացվում, բացի գործարարից, նախաձեռնողից, ուրիշ ոչ ոք մեղք չունի. մարդու մտքին տեղ լինի»,- նշում է մեր զրուցակիցն ու շարունակում:- Այսօր մենք հաճախորդ ունենք, որ եկել ամենասկզբնական՝ ամենահասարակ հաստոցն է գնել իր խնայած ամենավերջին կոպեկներով, բայց խելամիտ ու նպատակասլաց աշխատել է ու մեծ հաջողությունների է հասել: Հիմա արդեն պատվիրել է ամենակատարելագործված հաստոցները, ընդլայնվում է, լուրջ հաջողություններ ունի»:
Իսկ անձամբ ինքը վստահ է՝ բիզնեսի մեջ ամենակարևոր նախապայմաններից մեկը ճիշտ հաշվարկն է, երկրորդը՝ քրտնաջան աշխատանքը: Միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել, այլ գրավական չկա: Պիտի աշխատել-աշխատել ու միայն աշխատել, նաև չպետք է առաջին իսկ ձախողումից հիասթափվել, այլ պետք է գիտակցել, որ սկիզբը միշտ էլ շատ դժվար է լինում: Նա հավատացնում է, որ Երբեք հնարավոր չէ արտադրել մի այնպիսի արտադրանք, որ կատարյալ լինի ու բոլորին դուր գա. մեկին դուր կգա, երկրորդին՝ ոչ: Չպետք է հիասթափվել, հանձնվել, ձախողումն անձնական ողբերգություն դարձնել ու պետք է արած գործի, ստեղծած արդյունքի որակը միշտ բարձր պահել:
«Այսօր տարածված կարծիք կա, որ եթե շուկա ինչ-որ նոր ապրանք է մտնում, եթե նոր է, ուրեմն լավն է, սկսում են օգտվել: Երբ սկսում են օգտվել, արտադրողի արտադրական ծավալները մի քիչ մեծանում են, մեկ էլ տեսնում ես՝ արդեն զգոնությունն ընկել է, մտածում է՝ վաճառք ունի, ամեն ինչ իր ընթացքով գնալու է: Ու այդպես սկսում է որակին չհետևել կամ վստահել մեկ ուրիշի: Այդտեղից գործն արդեն սկսում է գնալ դեպի ձախողում: Իսկ երբ որակը միշտ պահում ես ու դեռ սկսում ես աշխատել, որ ավելի բարելավվի, չես կարող շուկայում հետ ընկնել, այլ միայն առաջ ես քայլում, ընդ որում՝ բավականին վստահ քայլերով: Այս ամենը վստահ եմ ասում, քանի որ արդեն 15 տարի է՝ աշխատում եմ մեր բիզնեսում, այս ընթացքում շփվել եմ հարյուրավոր գործարարների հետ, կարողացել եմ հասկանալ, թե ինչ է մարքեթինգը, ինչ է մենեջմենթը, շփվել, խոսել, բազմաթիվ դասեր եմ քաղել գործարարներից, տեսել եմ, թե ով է ավելի առաջ գնացել, հասել գագաթնակետին ու ինչպես է հետո անդունդը գլորվել: Այդ ամենը ես տեսել եմ, ու բիզնեսում այդ ամենը բնական է»,- իր կենսափորձը ներկայացրեց Սարգիս Էքսարջյանը:
Մինչև բիզնես սկսելը, ինչպես նշում է նա, մարդ դեռ պետք է հասկանա, թե ինքն իրականում ինչ է ուզում, հստակ հասկանա ու պատկերացնի, հետո՝ հետագա քայլերը որոնք են լինելու: Այնուհետև պետք է այդ ամենը իրատեսորեն դիտարկի ու հաշվարկները ճիշտ անի: Իսկ երբ արդեն կայացրել ես բիզնես սկսելու որոշումը՝ պետք է պատրաստ լինել նրան, որ իր գործն ինչ-որ մի ժամանակահատվածում կարող է նաև ձախողվել, կարող են շատ բաներ չստացվեն, պետք է պատրաստ լինել, որ խնդիրներ են առաջանալու, դրանք անխուսափելի են, ընդհանրապես ամեն ինչի պետք է պատրաստ լինել:
«Բայց շատերն այսօր նստում ու մտածում են՝ ըհը, 20 ծանոթ խանութ ես ունեմ, 10 ծանոթ խանութ ընկերս ունի, 5 հատ այսինչն ունի և այլն. Մի 30 ծանոթ խանութներ կան, եթե յուրաքանչյուրում օրական իմ ապրանքներից 50 հատ վաճառվի՝ օրական 1500 հատ իմ արտադրանքից կվաճառեմ: Շատ լավ է: Բայց երբ սկսում է, հանկարծ տեսնում է, որ այդ 30 ենթադրյալ խանութներից ռեալ մնացել են 10-ը, դրանցից ամեն մեկը չի վաճառում օրական 50 հատ, այլ, ենթադրենք, առավելագույնը 10 հատ... Այսինքն՝ օրական 100 հատ հազիվ է վաճառում, ու պարզվում է, որ այդ ծավալով աշխատելով՝ ոչ միայն եկամուտ չի ստանում, այլև անգամ ծախսերը չի կարողանում փակել: Ու այս ամենը այն պատճառով, որ հաշվարկները սխալ է արել, ավելի մեծ ներդրումներ է արել, ընթացքում բազմաթիվ չնախատեսված ծախսեր են առաջացել, և այսպես շարունակ: Մի խոսքով, երբեք չպետք է հիմնվել ենթադրությունների վրա, այլ պետք է հաշվարկել այն, ինչը ռեալ է, ինչը կա: Դրա համար եմ ասում՝ իրատեսական հաշվարկներն ամենակարևորն են, որ նախաձեռնությունդ չձախողվի»,- նշեց մեր զրուցակիցը:
Իհարկե հնարավոր է, որ իրատեսական հաշվարկներ լինեն, ամեն ինչ ճիշտ մտածված լինի, բայց պարզվի, որ չնախատեսված այնպիսի հանգամանքներ, խոչընդոտներ կան, որոնք չէիր էլ կարող ենթադրել: Դա սկզբում, իհարկե, որոշ դժվարություններ կստեղծի, բայց եթե արդեն մտել ես այդ ամենի տակ, երբ արդեն բացահայտել ես խնդիրներն ու խոչընդոտները՝ պետք է գոնե այդ ժամանակ սկսես խելամիտ գործել ու ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց երբեք չնահանջել, չընկրկել: «Միգուցե ճանապարհիդ վերջում,- ժպտալով ասում է մեր զրուցակիցը,- պարզվի, որ գործդ պետք է փակես, վերջակետ դնես, բայց երբ ճանապարհի կեսից հետ կանգնես, այդպես էլ չես իմանա՝ վերջը լա՞վ կլիներ, թե՞ վատ»: