Հայերեն   English   Русский  

Ո՞ւմ շահերից չի բխում արտեզյան խորքային ապօրինի հորերի կոնսերվացումը


  
դիտումներ: 1942

«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում:

Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:

Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը

Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:

Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:

«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:

Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:

Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր 237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:

«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:

«Ձուկը ջրում բազար են անում»

Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…

Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:

«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:

Արդեն սեպտեմբերի 6-ին` նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…

Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:

Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա

Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:

Նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:

Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:

Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: