Հայերեն   English   Русский  

Քեսաբը հայերի համար կարևոր օջախ է Թուրքիայի դեմ..


  
դիտումներ: 1421

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի երեք սահմանային կետերից «Ալ Նուսրա» և «Իսլամի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվեցին Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա:

Քեսաբը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ առաջին հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1861 թ. Անտոնյան միաբանության հայերի կողմից: Մինչև Առաջին աշխարհամարտն այստեղ 4760 հայ էր բնակվում: Քեսաբին կից 9 գյուղերում ընդհանուր առմամբ մոտ 4000 հայ կար: Այսօր Սիրիայի Լազիկիե նահանգի կազմի մեջ մտնող Քեսաբի բնակչության մեծամասնությունը հայեր են: Քեսաբի և շրջակա գյուղերի հայ բնակչության թիվը մոտ 2 հազար է:

Սիրիական բանակին հաջողվեց վերագրավել այն դիրքերը, որոնք Քեսաբի վրա հարձակված զինյալների վերահսկողության տակ էին անցել, բայց հաջորդ օրը կրկին սկսվեց զինյալների հարձակումը: Իսկ ահաբեկիչների դեմ դուրս եկած սիրիական ռազմական ինքնաթիռը խոցվեց թուրքական կործանիչների կողմից: Քեսաբն ամբողջությամբ տարհանվեց. բնակիչները վտանգից հեռու մնալու համար տեղափոխվեցին Լաթաքիա և մոտակա Էքիզոլուք շրջանը: Փաստորեն, հայաբնակ Քեսաբը հայաթափվում է...

Քեսաբի վրա հարձակման վտանգը, ինչպես նշեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, գոյություն ուներ պատերազմի սկզբից: Իսկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու և Քեսաբի հայաթափման կապակցությամբ ասում է, որ Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և՛ հարվածել Ասադի դիրքերին, և՛ թուլացնել սիրիահայ համայնքը:

Գևորգ ՊետրոսյանԳևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի խոսքով` նախկինում ևս անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, թե Թուրքիան Սիրիայում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ համայնքին, Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող պետության համար կարևոր է, որ հարևան երկրում վերջնականապես թուլացնի հայկական հզոր համայնքը: Եվ արդեն 130 տարի է, ըստ Գևորգ Պետրոսյանի, Թուրքիան ուզում է հայերից մաքրել այս ամբողջ տարածաշրջանը` ընդհուպ մինչև Հաթային կից հայկական բնակավայրերը, որոնք սահմանակից են Թուրքիային:

Այսպիսով Թուրքիայի ակտիվ միջամտությունը Սիրիայի ներքին խնդրին կապված է Անկարայի` հարևան երկրում ազդեցությունը մեծացնելու ցանկության հետ, և այս համատեքստում Քեսաբը, որը նաև աշխարհագրորեն մոտ է Թուրքիային, Անկարայի համար ավելի ձեռնտու կլինի տեսնել առանց հայերի: Որովհետև, ինչպես պարզաբանեց թուրքագետը, Սիրիայի հայերը մեծ հաշվով Ասադի կողմնակիցն են, Ցեղասպանության ուղիղ պահանջատեր են, քանի որ շատերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են, որոշակիորեն փակում են Լաթաքիայի մուտքը Թուրքիայի համար, իսկ Լաթաքիան համարվում է Բաշար Ասադի հենակետը: Վերջապես, այստեղ գործում է «չկա հայ, չկա Եղեռն, չկա խնդիր, չկա հակաթուրքական զանգված» սկզբունքը:

«Թուրքիան այս ամենի համար օգտագործում է ոչ միայն սեփական ուժերը, այլև Սիրիայում պատերազմող իսլամիստներին, վարձկաններին: Հերթական նման դեպքին ականատես եղանք Քեսաբում, որտեղ զինյալները փորձում են առավելություն ստանալ թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ: Հետաքրքիր է, որ հենց այս վայրում թուրքական F-16-երը վայր գցեցին Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-23 կործանիչը, ինչը հերթական անգամ վկայում է Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին,- նշեց Գևորգ Պետրոսյանը և հավելեց:- Խիստ կարևոր է, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս շուտ իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնեն, քանի որ հակառակ դեպքում ժամանակը գործելու է թուրքական կողմի օգտին»: Այսինքն` շատ կարևոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման և զինուժի տրամադրման հանգամանքների վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը:

Շահան Գանտարյան

Իսկ թե ինչու Թուրքիան հենց հիմա որոշեց այս ուղղությամբ հարձակվել, Շահան Գանտահարյանը երկու հանգամանք է նշում: Առաջին` սա պատասխան է վերջին շրջանում Սիրիայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի արձանագրած առաջխաղացմանը: Երկրորդ` այս գործողությունները հետաձգվում էին կամ չէին մեկնարկում` նաև նկատի ունենալով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը: «Չմոռանանք` այժմ Ռուսաստանն ավելի կենտրոնացած է Ուկրաինայի և Ղրիմի հարցերի վրա: Սա կարող է ավելի հարմար պահ լինել Թուրքիայի համար իր տարածքներից զինյալ խմբավորումներ բաց թողնելու»,- գրում է Շահան Գանտահարյանը:
Նա համոզմունք է հայտնում, որ ամբողջ հայությունը` պետություն, Սփյուռք, իր ուշադրության կիզակետում պետք է պահի քեսաբահայության խնդիրը և համապատասխան միջոցների դիմի: Պետություն-սփյուռք կառույցների համակարգված աշխատակարգի անհրաժեշտություն կա: Շահան Գանտահարյանը նշում է նաև բայց մեկ այլ խնդիր. անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն ճգնաժամերի բերումով տարհանվող կամ հեռացող հայրենակիցներին հայրենիք ուղղորդելու աշխատանքներ:

Քեսաբի առնչությամբ Հայաստանի «պատասխանը» Թուրքիային

Ակնհայտ է, որ Սիրիայի այս հայկական բնակավայրին նույնպես դարավոր թշնամու ջանքերով սպառնում է վերանալու վտանգը,: Ու հարց է առաջանում` ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու համար:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Քեսաբի դեպքերից 3 օր հետո նշել է, որ ԱԳՆ-ի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն: Փաստորեն, ոչ միայն Քեսաբի հայաթափվելու ընթացքում, այլև արդեն հայաթափվելուց հետո անգամ հայտնի չէր, թե ինչով է զբաղված ԱԳՆ-ն, ինչ քայլեր է անում քեսաբահայությանն օգնելու ուղղությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի քայլերը, օրինակ, տեսանելի ու հասկանալի էին: Նա դեպքերի ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել, առավոտյան շուտ էլ տեղում իրավիճակին ծանոթանալու և անհրաժեշտ օգնության քայլեր ձեռնարկելու համար պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա, ուր ապաստան էին գտել քեսաբահայերը, հանդիպել է Լիբանանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Իսկ ԱԳՆ-ի քայլերը «հրապարակման ենթակա չեն»:
Սփյուռքի նախարարությունից էլ հայտնեցին, որ նախարարությունը պարբերաբար կապի մեջ է հայ համայնքի հետ, ուշադիր հետևում է Քեսաբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

Ուշագրավ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը Քեսաբում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հարցը ԱԺ-ում քննարկելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներից մեկի առաջարկին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հղում արեց «այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքին` շեշտելով, որ պաշտոնական արձագանքի կարիք չկա:

Լավ է, որ գոնե ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ` որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ` ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ` փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը` միավորել ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:

Սա, իհարկե, բավականին կոշտ հայտարարություն է, բայց ոչ թե պաշտոնական, այլ մի քանի պատգամավորների կողմից: Այս ամենով պարզ է դառնում, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ չէր անմիջապես ու հստակ դիրքորոշում հայտնելու կամ որոշակի քայլեր ձեռնարկելու: Ցավոք սրտի: Այնինչ Թուրքիան, անգամ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, երբ բոլորն ու ամենուր աղաղակում են Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու կամ դրանք ուժեղացնելու վերաբերյալ, շատ հանգիստ կարողանում է իրագործել իր համար ոչ ցանկալի հայկական գաղութները վնասազերծելու խնդիրը:

Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը հնչեց ավելի ուշ` Հաագայում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասաց նա:

Հանրապետության նախագահը հիշեցրել է 1909 և 1915 թվականներին քեսաբահայերին պատուհասած տեղահանություններն ու կոտորածները Թուրքիայի կողմից և ընդգծել. «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության XXI դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»:

Ուշագրավ էր այն, որ նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի իշխանություններին այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար: «Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Սա, անշուշտ, արդեն բավականին ուշագրավ գնահատական ու դիրքորոշում էր, որը նաև որոշակի քայլեր ու հետևանքներ պետք է բխեցնի: Միգուցե հաջորդիվ Հայաստանն ավելի պատրա՞ստ լինի նման իրադարձություններին, որոնք, հատկապես Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, քիչ չեն լինելու, ինչպես երևում է Թուրքիայի վարքագծից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: