Հայերեն   English   Русский  

​Ոչ թե ապագայի, այլ արդեն ներկայի արժույթ, որն իրականում գոյություն չունի


  
դիտումներ: 5004

Այս օրերին հայտնի դարձավ, որ աշխարհում ամենից շատ տարածում ունեցող թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն անցել է 10 հազար դոլարի շեմը:

Դրանից ընդամենը մեկ շաբաթ անց արդեն՝ դեկտեմբերի առաջին կիրակի օրը, հայտնի դարձավ, որ բիթքոինի փոխարժեքը պատմական նոր ռեկորդ է սահմանել՝ 11 հազար 830 դոլար: Ճիշտ է, հետո այս կրիպտոարժույթի փոխարժեքը կտրուկ նվազել է, բայց չի իջել 10 հազար դոլարի սահմանագծից և կանգ է առել 10 հազար 549 դոլարի վրա:

Իհարկե, շատերին, հատկապես՝ տարեցներին այս նորությունը ոչինչ չի ասի: Բայց իրականում սա շատ հետաքրքիր ու կարևոր է: Եթե հատկապես հաշվի առնենք, որ օրեցօր բիթքոինների ու դրանցով իրականացվող գործարքների մասին ավելի շատ ու ավելի «խելահեղ» պատմություններ ենք լսում: Օրինակ՝ վերջերս միջազգային լրատվամիջոցներով տարածվեց, որ Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը վաճառքի է հանել լյուքս դասի Rolls-Royce Ghost մեքենա, որի շուկայական արժեքը 160.000 դոլար է: Սակայն տղամարդը շքեղ փոխադրամիջոցի դիմաց ոչ թե կանխիկ գումար, այլ 16 հատ բիթքոին է պահանջում: Արդեն կան նաև մարդիկ, ովքեր իրենց կարողությունը չափում են իրենց ունեցած բիթքոիններով: Միջազգային մամուլը վերջերս գրեց, որ Թեյլոր և Քեմերոն Ուինքլվոս եղբայրները դարձել են աշխարհում առաջին անձինք, որոնց ունեցած բիթքոինի ընդհանուր արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը: Փաստորեն, 36-ամյա եղբայրները դարձել են աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատերերը:

Ուստի արժե իմանալ, թե ինչ է այդ բիթքոինը, ինչպես է ձևավորվում դրա փոխարժեքը, ով և որտեղ է թողարկում այս վիրտուալ արժույթը:

Բիթքոինը (bitcoin) 2009 թ. ստեղծել է Սատոշի Նակամոտո կեղծանունով օգտատերը: Նա է հանդիսանում այս հանճարեղ հայտնագործության հայրը, և նրա անունով սատոշի (satoshi) է կոչվում բիթքոինի 0.00000001 մասը, թեպետ ինքը՝ Սատոշի Նակամոտոն, այն անվանում է բիթքոինային ցենտ: Սատոշի Նակամոտոն աշխարհին առաջարկեց էլեկտրոնային վճարման համակարգ, որը հիմնված է մաթեմատիկական ու թվային հաշվարկների վրա: Սրա գաղափարը թվային եղանակով արժույթի փոխանակումն էր, առանց կենտրոնական իշխանության, որ կարող էր կատարվել վայրկենապես: Դրա համար անհրաժեշտ էր միայն ինտերնետ կապի առկայություն:

Բիթքոինը համարվում է ապակենտրոնացված թվային արժույթ: Այն, ի տարբերություն սովորական արժույթների, որոնք թողարկում են կենտրոնական բանկերը, ոչ ոք չի թողարկում և ոչ ոք չի վերահսկում: Այս թվային արժույթի էմիսսիան իրականացվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր համակարգիչների աշխատանքի միջոցով՝ օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմների հաշվողական ծրագրերը:

Ավելի պարզ ու «մարդկային» լեզվով ասած՝ բիթքոինը թվային արժույթ է: Ֆիզիկապես այդ արժույթը գոյություն չունի, այն կրիպտոարժույթ է, որը ստեղծվել է, գործում է և գոյություն ունի միայն ինտերնետի տիրույթում: Կան միայն հատուկ ռեեստրներ, որտեղ տարվում է այդ կրիպտոարժույթի հաշվառումը և գրանցվում է, թե ով ինչքան բիթքոին ունի և ուր է այդ արժույթը փոխանցում: Այդ ռեեստրներն էլ չեն պահվում կոնկրետ կենտրոնացված վայրերում՝ բանկերում կամ վճարային համակարգերում, այլ միաժամանակ բիթքոինային համակարգին միացած բոլոր համակարգիչների մեջ: Հենց սա է ապակենտրոնացվածության ու անվերահսկելիության էությունը: Այսինքն՝ ոչ մի բանկ, ոչ մի ֆինանսական կամ վճարային համակարգ ու կառույց չի կարող վերահսկել բիթքոինները: Քանի որ այն վիրտուալ՝ թվային փող է, այն հնարավոր չէ կեղծել, չի մաշվում, չի հնանում և այլն: Այդ առումով այն բավականին պաշտպանված է:

Հասկանանք նաև, թե որտեղից են «ծնվում» բիթքոինները: Սովորական փողը թողարկում են պետությունները: Ազգային արժույթները նախկինում երաշխավորված էին ոսկով ու արծաթով, իսկ այժմ ավելի հաճախ դրանք երաշխավորված են տվյալ երկրի ՀՆԱ-ով: Բիթքոինը ոչնչով երաշխավորված չէ, այն զուտ մաթեմատիկա է: Ամբողջ աշխարհում ցանկացած մարդ կարող է իր համակարգչում գործարկել բիթքոին ստեղծելու սկրիպտ՝ ծրագիր, որը գաղտնագրված է, և ինքզինքը զգալ մինի կենտրոնական բանկ, սկսել բիթքոին թողարկել: Բայց հնարավոր չէ այդպես թողարկել մեկ կամ մի քանի միլիարդ բիթքոին: Ընդհանրապես առավելագույնը հնարավոր է թողարկել 21 միլիոն բիթքոին:

Թվային այս արժույթով հնարավոր է վայրկենապես, առանց որևէ միջնորդավճարի կատարել վճարումներ աշխարհի ցանկացած կետում, որտեղ ինտերնետ կապ կա: Անանունը չի նշանակում, թե տրանզակցիան կմնա անհայտ: Բիթքոինով կարելի է վճարել ցանկացած ապրանքի ու ծառայության դիմաց, որոնք հասանելի են ինտերնետում: Ու քանի որ բիթքոիններն արդեն դարձել են բորսայական ապրանք, բորսաներում ակտիվորեն իրականացվում է դրանց առք ու վաճառք, մարդիկ դրանց վրա լուրջ ներդրումներ են անում: Արդեն հազարավոր մարդիկ բիթքոիններով են աշխատում ու բիթքոիններով են վարձատրվում ինտերնետ տիրույթում, ու հենց դա է համարվում նրանց ապրուստի միջոցը:

Ստեղծվելու ժամանակ՝ 2009 թ., բիթքոինն արժեր մի քանի դոլար, 2015 թ. այս կրիպտոարժույթի մեկ միավորը գնահատվում էր 200-300 դոլար, իսկ հիմա, ինչպես արդեն նշեցինք, արդեն հատել է 10 հազար դոլարի սահմանագիծը: Այս առնչությամբ մի ուշագրավ պատմություն կա: 2009 թ. նորվեգացի ուսանող Քրիստոֆեր Կոխը 24 դոլարի բիթքոին էր գնել ու մոռացել: Դրա մասին նա հիշում է միայն 4 տարի անց՝ 2013 թ. ու պարզում, որ իր կարողությունն արդեն հատել է 885 հազար դոլարի սահմանագիծը:

Բիթքոիններով առևտուր՝ փոխանցումներ անելու համար հարկավոր է ունենալ բիթքոինային դրամապանակ: Դրանցում պահվում են թվային կոդերը, որոնցով հնարավոր է տրանզակցիաներ իրականացնել: Ուշագրավ է, որ եթե այդ բանալի-կոդերը դրանց տերը մոռանա, նրա բիթքոիններն ընդմիշտ կկորչեն:

Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ բիթքոինների փոխարժեքի այսպիսի մեծ աճը պայմանավորված է Ուոլ սթրիթի խոշորագույն ֆինանսական ընկերությունների, վենչուրային կազմակերպությունների ղեկավարների հետաքրքրության կտրուկ բարձրացումով այս վիրտուալ արժույթի նկատմամբ: Իսկ Ուոլ սթրիթի ֆինանսիստները հենց այնպես չեն հետաքրքրվում ինչ-որ արժույթով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: