ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԼՂ հակամարտության շուրջ հայտարարությամբ են հանդես եկել
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկա Ռոջեր Լականի անունից տարածված հայտարարությունում համանախագահ երկրները ևս մեկ անգամ հաստատել են, որ հավատարիմ են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ միջնորդական առաքելության միասնական դիրքորոշմանը և նրանում ամրապնդված ուժի չկիրառման, տրածքային ամբողջականության, իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:
Նրանք ողջունել են հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպված հանդիպումը: «Մենք արտահայտում ենք մե րգոհունակությունը բանակցությունների ակտիվացման առնչությամբ և կողմերին կոչ ենք անում իրենց ջանքերը կենտրոնացնել քաղաքական ճանապարհով կարգավորման հիմնական հարցերի ուղղությամբ փոխզիջումային լուծումներ փնտրելու վրա: Հետագա ձգձգումները միայն կբարդացնեն իրավիճակը և կարող են կասկածի տակ դնել կողմերի՝ հաստատուն համաձայնագրի ձեռքբերմանը հավատարիմ լինելը»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնելով երկրում երկրների նախագահների՝ շփման գծում լարվածության նվազեցման համար հավելյալ միջոցառումներ կիրառելու պարտավորությունները՝ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են անում համաձայնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ներկայիս լիազորությունների ընդլայնմանը:
Բացի այդ, ըստ հայտարարության, պետք է իրականացվեն նաև այն որոշումները, որոնք ընդունվել են 2016 թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ: Փաստաթղթի հեղինակները ողջունել են կողմերի՝ համանախագահների ներկայացրած առաջարկները դիտարկելը, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը: