Հայերեն   English   Русский  

Ազգային պատկերասրահը ծրագրում է Պաբլո Պիկասոյի նկարները ցուցադրել Հայաստանում


  
դիտումներ: 3739

Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեության բարձրակետը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսի բացումն է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2017 թվականը, խոսեց ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ իրենց գլխավոր նպատակն այս տարի հայկական արվեստը քարոզելն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այս նպատակով անցկացվել է խոշոր ցուցահանդեսներ արտերկրում: Դրանց թվում են՝ «Վասիլի Կանդինսկի. Թափառող ասպետը»( Միլան), «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ»՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան(Մոսկվա), Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդես՝ Տրետյակովյան պետական պատկերասրահ(Մոսկվա), Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդես՝ Բելառուսի ազգային պատկերասրահ(Մինսկ):

Ըստ Արման Ծատուրյանի՝ վաղուց էր հասունացել թվայնացման խնդիրը: Սկսվելու է նաև այդ գործընթացը:

Նրա խոսքով՝ թանգարանի սրահները հիմնականում վերանորոգված են.«Այդ նպատակով ծախսվել է 28 միլիոն դրամ՝ ոչ մի լումա պետական բյուջեից չվերցնելով: Հատուկ իզոլացիաներ են կատարվել, պատուհաններն են փակվել: Խնդրին լուծում է տրվել և այս տարի վերանորոգելու ենք 4-րդ և 6-րդ հարկերը հիմնովին՝ փակելով բոլոր պատուհանները նորագույն տեխնոլոգիաներով և ապահովելով ջերմային ու խոնավության ռեժիմները: Ոչ մեկ կախարդական փայտիկ չունի: 2,5 տարում մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել»:

Բացի այդ, ՀԱՊ մասնաճյուղերում իրականացվել է 42 միջոցառում, Մշակութային կանգառ ծրագրի շրջանակներում՝ 14 շրջիկ ցուցահանդես:

2017 թվականի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80, 000 այցելու, որից 43.529-ը այցելել է պատկերասրահ դիտելու Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը:

Ինչ վերաբերում է գալիք տարում սպասվող իրադարձություններին, ՀԱՊ-ի տնօրենը նշեց, որ նախատեսում են Լևոն Թութունջյանի անհատական ցուցահանդես իրականացնել: Բացի այդ, աշխատելու են ՀՀ-ում իրականացնել Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների ցուցադրություն:

«Մեծ ցանկություն կա Պիկասոյի գործերի ցուցադրություն կազմակերպել Հայաստանում, որը ուրվագծվում է : Բանակցում ենք որոշ թանգարանների հետ, բայց գիտեք՝ ցուցահանդես կազմակերպելը թանկ հաճույք է. կա ապահովագրության հարց, նկարների տեղափոխման հարցը»,- նշեց Արման Ծատուրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: