Հայերեն   English   Русский  

​2017 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար. Հրաչ Բերբերյան


  
դիտումներ: 10560

2017 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա հիշեցրեց, որ եղան երկարատև ցրտահարություններ հունվար ամսին, երաշտ՝ ամռան վերջին և աշնան սկզբին: Այնպես որ՝ ասել, թե բարենպաստ տարի էր գյուղատնտեսության համար, չի կարող:

Բերբերյանի խոսքով՝ խնդիրներ կան անասնակերի հետ, բանջարաեղենի հետ, խաղողի արտադրության հետ.«Այն աշխատանքները, որ պետք է կատարվեին մեկ տարի առաջ և ապահովեին գյուղացուն այն ռեսուրսներով, որոնք նա պետք է ներդներ հողի վրա, ցավոք, չեն կատարվել: Արդյունքում ունեցանք քիչ պարարտանյութ: Սակավաջուր տարի էր, նույնիսկ Սևանից ջուր վերցրինք: Ողղակի ինձ զարմացրեց, որ ոռոգման համակարգի ղեկավարներից մեկը հայտարարեց, որ Սևանի ջրով Հոկտեմբերյանն էլ կոռոգվի: Թող բերի և ցույց տա, թե այդ որ ջրանցքով է ջուրը հասնելու Հոկտեմբերյան: Չի կարող նման բան լինել»:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ ՝ գյուղացիներն արեցին, ինչ կարող էին:

«Հաջորդ տարվա համար դեռևս պազր չէ, թե գյուղացին կստանա պարարտանյութ, թե շուկան կազատականացվի: Կարծում եմ՝ պետք է հայտարարվի, որ շուկան ազատ է, և մրցակցության դաշտ բերենք: Պարարտանյութը պետք է վաճառվի խանութներում: Մենք հիմա պարարտանյութի գնի հարցը քննարկում ենք պարսկական ընկերությունների հետ: Հավատացեք՝ դրանց գինը ընդամենը 500 դրամով է տարբերվում Կառավարության բաժանած պարարտանյութից: Սուբսիդավորումը եղել է 200 հազար դրամ»- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա համար ոչինչ չի արվել. ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի. «Կոնկրետ ծրագրեր պետք է մշակել այս երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Արտահանումը պետք է խթանել: Զարգացնել այն ուղղությունները, որոնք պահանջարկ ունեն արտերկրում՝ լոլիկը, ծիրանը և այլն»:

Ըստ նրա՝ 2017–ին դրական քայլ էր հակակարկտային նոր սարքերի տեղադրումը․ «Վերջապես բերեցին նորմալ սարքեր, բայց միայն սրանով չես կարող գյուղատնտեսությունը զարգացնել»։

Անդրադառնալով Հայաստանում վերջերս ձիու և ավանակի մսի վաճառքի կանխմանը, նա նշեց, որ ձիու և ավանակի միս միշտ էլ եղել է, պարզապես պետք է գրել՝ «ձիու միս» և վաճառել, ոչ թե տավարի մսի անվան տակ վաճառել. «Շատ տեղերում ընդունված է ձիու միս ուտելը, անգամ դելիկատես է։ Տավարի միսն էլ է միս, ձիու միսն էլ, ավանակինն էլ»,- նշեց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: