Հայերեն   English   Русский  

​Երթևեկել աջ կողմով՝ ձախ ղեկ բռնա՞ծ. երթևեկության սխեմաների միջազգային փորձը


  
դիտումներ: 2367

Հայաստանում վերջին օրերին ամենաքննարկվող հարցերից մեկը դարձան աջ ղեկով մեքենաները:

Դեկտեմբերի 15-ին «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մշակած կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը ՀՀ-ում: Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թ. ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: Որպես հիմնավորում էլ նշվում է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգավոր է:

Աջ ղեկով մեքենաները ճապոնական ավտոաճուրդներից ավելի էժան կարելի է գնել ու բերել Հայաստան, ինչն էլ անում են մեր հայրենակիցները, այդ պատճառով աջ ղեկով մեքենաներն այսքան շատ են: Հանրապետությունում 2017-ի սեպտեմբերի 30-ի տվյալներով գրանցվել է աջակողմյան ղեկով 31 հազար 415 փոխադրամիջոց: Ու պարզ է, որ այս ավտոմեքենաների տերերին դուր չի գալու նման որոշումը: Բայց միևնույն է, վաղ թե ուշ աջ ղեկով մեքենաների շահագործումը ևս արգելվելու է:

Նշենք, որ ԵԱՏՄ անդամներից Բելառուսն ու Ղազախստանը վաղուց են արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն իրենց երկրներում: 2015 թ. հունվարի 1-ին կնքված Մաքսային միության համապատասխան պայմանագրով նույնն առաջարկվում էր նաև Ռուսաստանի Դաշնությանը: Բայց քանի որ ռուսներն ունեին Հեռավոր Արևելքի խնդիրը, որտեղ մարդիկ մեծ մասամբ Ճապոնիայից աջ ղեկով մեքենաներ են ներկրում ու վարում, ռուսները կարողացան հասնել նրան, որ փոքր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների վրա այդ արգելքը չտարածվի, այլ գործի միայն 8 ուղևորից ավելի տանող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վրա: 2018 թ. Ռուսաստանում կշարունակեն շահագործվել արդեն իսկ ներմուծված աջ ղեկով մեքենաները, իսկ դրանից հետո ներմուծվողները պարզապես չեն հաշվառվի: Ղրղըզստանում ևս այս հարցը պարբերաբար բարձրացվում է ու 2020 թվականից հետո, ամենայն հավանականությամբ, Ղրղըզստանում ևս կարգելվի աջ ղեկով մեքենաների շահագործումը:

Ուշագրավ փաստեր երթևեկության սխեմաների վերաբերյալ

Աջ կամ ձախ ղեկով մեքենաների խնդիրն առաջացել է մի պարզ պատճառով: Ճանապարհային երթևեկության երկու սխեմա գոյություն ունի՝ աջակողմյան, որի դեպքում մեքենաները պետք է լինեն ձախ ղեկով, և ձախակողմյան, որի դեպքում էլ մեքենաները պետք է լինեն աջ ղեկով: Այսօր հաստատ չի կարելի ասել, թե ճանապարհի որ կողմով երթևեկելն է ավելի ճիշտ: Մասնագետների կարծիքով, անկախ նրանից, թե ճանապարհի որ մասով ես երթևեկում՝ ամենևին էլ չի ազդում տրանսպորտային հոսքի անվտանգության վրա, դա միայն սովորության խնդիր է:

Աշխարհում ճանապարհների 72 տոկոսն աջակողմյան է, 28 տոկոսն է նախատեսված ձախակողմյան երթևեկության համար: Ընդ որում, աշխարհի վարորդների 66 տոկոսը երթևեկում է ճանապարհի աջ կողմով:

Պատմությունը

Ճանապարհներն ու տեղափոխման միջոցներն ի հայտ են եկել շատ ավելի վաղ, քան ավտոմոբիլները: Մարդիկ վաղուց են մտածել, թե ճանապարհի որ մասով է ավելի լավ տեղափոխվել: Դա որոշվել է երկու գործոնով՝ սոցիալական կարգավիճակով ու այն հանգամանքով, որ մարդկանց մեծամասնությունն աջլիկ է: Մարդիկ քայլել են փողոցի աջ կողմով, որպեսզի պաշտպանեն իրենց աջ ուսին կրող իրերը: Կառքերն ու սայլերը նույնպես վազանցման ժամանակ աջ են ընդունել, քանի որ ձիերի ու գրաստների երախակալները ավելի ուժեղ աջ ձեռքով քաշելն ավելի հեշտ էր: Իսկ զինվորականները քայլել կամ ընթացել են փողոցի ձախ կողմով, քանի որ այդպես հանկարծակի առաջացող վտանգի դեպքում հարվածող աջ ձեռքն ավելի մոտիկ կլիներ հակառակորդին: Եթե անգամ վտանգ կամ սպառնալիք չլիներ և կողքով անցնող մարդը կամ ուրիշ ռազմիկը վտանգ չներկայացներ, միևնույն է, ձախ կողմով նրան շրջանցելն անհամեմատ ավելի հեշտ ու ապահով էր, քանի որ այդ դեպքում զինվորի ձախ կողքից կախված թրի ծայրով աջ կողմով անցնող անցորդին վնասելու հավանականությունը կվերանար: Ու քանի որ ժամանակի ընթացքում զինվորականները սկսեցին փոքրամասնություն կազմել, իսկ ճանապարհին զենք վերցնելու անհրաժեշտությունն էլ քչացավ, կամաց-կամաց գերիշխող դարձավ աջակողմյան երթևեկությունն ու տեղաշարժումը: Իսկ XVII-XIX դարերում տրանսպորտային հոսքերն այնքան մեծացան, որ առաջացավ երթևեկության կողմի ընտրությունն օրենսդրական մակարդակով որոշելու հարցը:

Ինչո՞ւ Անգլիայում որոշեցին անցնել ձախակողմյան երթևեկության

Ձախակողմյան երթևեկության անցնելու մասին որոշումն օրենսդրորեն անգլիական իշխանություններն ընդունել են 1756 թ.: Երկու հիմնական վարկած կա, թե ինչու Մեծ Բրիտանիան անցավ ձախակողմյան երթևեկության:

Առաջինը, այսպես ասած, «հռոմեական վարկածն» է: Ըստ այդմ՝ Հին Հռոմում գործում էր ձախակողմյան երթևեկության կարգը:

Նման մոտեցումը պայմանավորվում էր նրանով, որ հռոմեացի լեգեոներները զենքը բռնում էին աջ ձեռքով, ուստի հակառակորդի կամ ոչ բարեկամի հետ հանդիպման դեպքում շահեկան չէր գտնվել ճանապարհի աջ կողմում: Ու քանի որ մեր թվականության 45 թ. հռոմեացիները նվաճեցին նաև բրիտանական կղզիները, այս «ձախլիկությունը» կարող է Բրիտանիային փոխանցված լինել Հռոմից:

Երկրորդ վարկածի համաձայն, դա պայմանավորված է ծովային կանոններով: Նախկինում բրիտանացիները կարող էին մայրցամաքի հետ կապ ապահովել միայն ծովային ուղիներով, ուստի ծովային ավանդույթները մտել են բրիտանական կղզիների բնակիչների կյանք ու կենցաղ: Հնում անգլիական նավերը հանդիպակաց նավերին պետք է շրջանցեին ձախ կողմով: Եվ կարծիք կա, որ հենց այդ սովորությունն է հետագայում տարածվել ճանապարհների ու երթևեկության վրա: Իհարկե, նավագնացության ժամանակակից կանոններում ամրագրված է աջակողմյան երթևեկությունը, բայց ավանդույթներն ուրիշ էին:

Իսկ ձախակողմյան երթևեկություն ունեցող երկրների մեծ մասը երթևեկության այս սխեման ընտրեց մի քանի պատճառներով: Առաջինը գաղութայնության հանգամանքն էր: Մեծ Բրիտանիան մինչև նախորդ դարի կեսերը հանդիսանում էր հսկա գաղութային տերություն, որտեղ «արևը երբեք մայր չէր մտնում»: Ձախակողմյան երթևեկություն ունեցող երկրների մեծ մասը բրիտանական նախկին գաղութներ են եղել:

Մյուս գործոնը քաղաքական է: Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ դեկրետ հրապարակվեց, որում հանրապետության բոլոր բնակիչներին կոչ էր արվում տեղաշարժվել փողոցների «հասարակ ժողովրդի» հատվածով՝ աջ կողմով: Իսկ երբ Ֆրանսիայում իշխանության եկավ Նապոլեոն Բոնապարտը, այս սխեման դարձավ նաև քաղաքական փաստարկ այն երկրներում, որոնք պաշտպանում էին Բոնապարտին: Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում ու Իսպանիայում հաստատվեց աջակողմյան երթևեկություն: Իսկ Ֆրանսիային դիմակայող երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրո-Հունգարիայում, Պորտուգալիայում հակառակը՝ ընտրվեց երթևեկության անգլիական՝ ձախակողմյան տարբերակը: Հետագայում ձախակողմյան երթևեկությունը պահպանվեց միայն Մեծ Բրիտանիայում: Իսկ Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի քաղաքական բարեկամության համատեքստում այս սխեման հաստատվեց նաև Ճապոնիայում:

Հետագայում՝ XX դարի 60-70-ական թթ., բրիտանական նախկին գաղութներից շատերը, հակառակ նախկին գաղութատիրոջ, անցան աջակողմյան երթևեկության: Իսկ Եվրոպայում վերջին երկիրը, որ անցավ աջակողմյան երթևեկության, Շվեդիան էր: Պատճառը ոչ միայն աշխարհագրական կամ պատմա-քաղաքական էր, այլև տնտեսական: Որովհետև երկրների մեծ մասը, որտեղ վաճառվում էին շվեդական մեքենաները, աջակողմյան երթևեկություն ունեին, հետևաբար այդ երկրների համար արտադրվում էին ձախ ղեկով մեքենաներ: Այդպես ահա Շվեդիան անցավ աջակողմյան երթևեկության:

Ուշագրավ է, որ հակառակը՝ աջակողմյանից ձախակողմյան երթևեկության անցնելու դեպք էլ է եղել: 2009 թ. ձախակողմյան երթևեկության անցավ խաղաղօվկիանոսյան Սամոա կղզին: Դա պայմանավորված էր Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից կղզի ներկրվող աջ ղեկով օգտագործված մեքենաների մեծ քանակությամբ: Սամոացիներն այս քայլին գնացին, որպեսզի զերծ մնան ԱՄՆ-ից ու Եվրոպայից ավելի թանկ ձախ ղեկով մեքենաներ ներկրելուց: Փաստորեն սամոացիներն էլ վերջինն էին անցյալ դարի 70-ականներից հետո, որ խիզախեցին ու այդպիսի արմատական փոփոխության գնացին:

Այսպիսով, պատմությունը հետաքրքիր օրինակներ է մատուցում: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանում գալիք տարվա ապրիլի 1-ից հետո: Հավանաբար ոչինչ էլ չի լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: