Հայերեն   English   Русский  

​Ակնկալիքներն ու իրականությունը հաճախ չեն համընկնում


  
դիտումներ: 8303

Այս տարին էլ է ավարտվում, ու անցնող տարվան հետադարձ հայացք գցելու ժամանակն է:

Անցնող տարին աչքի ընկավ մի խիստ կարևոր իրադարձությամբ, ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա շատերը համարում են լուրջ ձեռքբերում, ոմանք՝ ոչ, տարբեր փորձագետներ խոսում են, որ սրանով Հայաստանն իր համար ԵԱՏՄ-ին այլընտրանք ստեղծեց:

Ճիշտ է դա, թե ոչ, հիմա շատ վաղ է գնահատելը: Որովհետև 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո էլ, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ու ԵԱՏՄ ձևավորմանը մաս կազմելու Հայաստանի «ցանկության» մասին, հատկապես ռուսամետ հակումներով շատ ու շատ գործիչներ, վերլուծաբաններ ու փորձագետներ մեզ «սպառնում» էին տնտեսական հնարավորություններով, պնդում էին, թե 180 միլիոնանոց շուկան խիստ էական է լինելու մեզ համար, կապիտալի, աշխատուժի ու ապրանքների ազատ տեղաշարժը չի կարող դրական ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա: Այդ պնդումները պահպանվում են մինչ օրս: Ու հաճախ որպես փաստարկ նշվում է արտահանման աճը, մեզ վստահեցնում են, թե Եվրասիական ինտեգրումն օգնել է Հայաստանին ավելացնելու արտահանումն ու փոխգործակցությունն արտաքին շուկաների հետ։

Պարզ թվերի արտահայտությամբ, իհարկե, արտահանումը աճել է, որովհետև եթե համեմատենք Հայաստանից արտահանման 2014 և 2016 թթ. ծավալները, ապա պարզ կլինի, որ 2014 թ. Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 519 մլն դոլար, իսկ 2016-ին՝ 1 մլրդ 783 միլիոն, այսինքն՝ բացարձակ աճն ակնհայտ է: Բայց մի՞թե այդ աճը պայմանավորված է ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմենք պաշտոնական վիճակագրությանը:

ՄՄ-ին, իսկ հետագայում՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ՝ 2013 թ., Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 480 մլն դոլար, որից միայն 400 մլն 902 հազար դոլարն է բաժին հասել ԱՊՀ երկրներին, այդ թվում առյուծի բաժինը՝ մոտ 335 մլն դոլարը՝ միայն Ռուսաստանին:

2014 թ., երբ Հայաստանն արդեն Մաքսային միության, իսկ այնուհետև՝ ԵԱՏՄ լիիրավ անդամ էր, Հայաստանից արտահանումների ծավալները կազմեցին 1 մլրդ 547,3 մլն դոլար, որից ԱՊՀ երկրներին բաժին էր հասել ընդամենը 357 միլիոնից քիչ ավելի, դարձյալ առյուծի բաժինը՝ 308 մլն 250 հազար դոլարը՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այսինքն՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո մեր արտահանումները դեպի Ռուսաստան դեռ մի բան էլ կրճատվեցին, ինչը մեր ճապուկ գործիչները պայմանավորեցին Ռուսաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով: Իհարկե, այդ տարի մի փոքր՝ մոտ կես միլիոն դոլարով աճեցին մեր արտահանման ծավալները դեպի Բելառուս ու կազմեցին 9 մլն դոլարից փոքր-ինչ ավելի, Իսկ դեպի Ղազախստան ընդհակառակը՝ նվազեցին՝ դառնալով 7 մլն դոլարից քիչ: Իհարկե, այդ տարի նաև դեպի Եվրոպական միություն արտահանումները մոտ 40-45 մլն դոլարով նվազեցին, բայց էական՝ մոտ 140 միլիոնով աճել էր արտահանումը դեպի այլ երկրներ:

2015 թ. մեր արտահանումների ընդհանուր ծավալը նվազեց ու դարձավ 1 մլրդ 486 մլն, որից ԱՊՀ երկրներ՝ 286, 4 մլն, այդ թվում՝ Ռուսաստան՝ 245 մլն, այսինքն՝ ավելի նվազեց ռուսական ուղղությամբ արտահանումների ծավալը, էլ ավելի նվազեց դեպի Ղազախստան արտահանման ուղղությունը՝ հասնելով մոտ 4,2 մլն դոլարի, նվազեց նաև դեպի Բելառուս արտահանումը՝ հասնելով ընդամենը 6,8 մլն դոլարի: Իսկ օրինակ՝ դեպի Թուրքմենստան այդ տարի արտահանել էինք 17,3 մլն դոլարի ապրանք-ծառայություններ: Դեպի ԵՄ երկրներ 2015 թ. մեր արտահանումների ծավալը կազմել է մոտ 413,3 մլն դոլար, այլ երկրներ՝ 785,8 միլիոն:

Անցյալ տարի՝ 2016 թվականին մեր արտահանումների ծավալը դարձյալ անկում ապրեց:

2017 թվականին հունվար-հոկտեմբերին արտահանումը հասել է 1 մլրդ 745,5 միլիոնի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 19,4 տոկոս աճ: Դեպի ԱՊՀ երկրներ այս տարվա 10 ամիսներին արտահանել ենք 455,7 մլն դոլարի ապրանք-ծառայություններ, որից միայն մոտ 428 միլիոնը բաժին է հասնում ՌԴ-ին. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 43 տոկոս:

Դեպի Ղազախստան ու Բելառուս, ընդհակառակը, արտահանումը նվազել է: Դեպի Ղազախստան արտահանման ծավալների անկումը 9,9 տոկոս էր, Բելառուս՝ 49,8 տոկոս: Այս տարվա առաջին 10 ամիսներին դեպի ԵՄ ենք արտահանել 496 մլն դոլարի ապրանք-ծառայություններ, այլ երկրներ՝ 794 մլն դոլարի:

Այսինքն՝ ակնհայտ է, որ մեր արտահանման հիմնական ուղղությունը ոչ թե ԵԱՏՄ-ն է, այլ ԵՄ-ն ու այլ երկրները: Ու այս առումով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինչքանով է նպաստել, օրինակ, դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալների աճին, այնքան էլ պարզ չէ:

Հիմա այս հարցին նայենք ոչ թե բացարձակ թվերի տեսանկյունից, այլ դրա որակական կողմից: ՊԵԿ-ի հրապարակած մաքսային վիճակագրության մեջ արտահանման կառուցվածքին անգամ հպանցիկ նայելով պարզ կդառնա, որ օրինակ՝ այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից իրոք արտահանումն ավելացել է, բայց թե այդ աճից որքան մասն է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված, մեղմ ասած՝ չի կարելի վստահ ասել:

Դիտարկվող բոլոր տարիներին էլ մեր արտահանումների առյուծի բաժինը կազմել են սնունդը, հատկապես՝ գյուղատնտեսական աապրանքներն ու հանքահումքային արտադրանքը: Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ապրանքների ամենահզոր աճն ապահովել է հանքարդյունաբերությունը: Բայց հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունները Եվրոպան ու Չինաստանն են, առնվազն տարակուսանք է առաջանում, թե ԵԱՏՄ-ն այստեղ ի՞նչ կապ ունի:

Այնպես որ, չարժի ակնկալել, որ եթե ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ենք ստորագրել, անմիջապես եվրոպացիները կսկսեն խոշոր ներդրումներ անել մեզ մոտ, կսկսեն իրար ձեռքից խլել հայկական ապրանքներն ու մեր արտահանումը թռիչքաձև աճ կապահովի: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Առավել ևս, որ Հայաստանը ԵՄ-ի հետ վաղուց ունի գործող GSP+ համակարգը, որը հնարավորություն է տալիս հայկական 6000-ից ավելի ապրանքներ առանց մաքսատուրքի արտահանել դեպի Եվրոպա, բայց մենք դրանից չենք օգտվել:

ՀՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն «Անկախի» հետ մի զրույցում նշում էր, որ Հայաստանն օգտագործում է դա մոտ 1-2 տոկոսով, որովհետև մեր ապրանքների մակարդակը և ծավալը չեն համապատասխանում եվրոպական պահանջներին ու ստանդարտներին: Նա նաև հույս էր հայտնում, որ Եվրոպան մեզ կօգնի, արդիական տեխնոլոգիաներ կբերի Հայաստան, ինչը հետագայում տնտեսական էֆեկտ կունենա: Բայց հետագայում կերևա, թե ինչպես ու ինչքանով օգտվեցինք այդ հնարավորություններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: