Հայերեն   English   Русский  

Ցնցումներով լի Իրանը Հայաստանի անվտանգության շահերից չի ելնում. իրանագետ


  
դիտումներ: 935

Դեկտեմբերի 28-ին Իրանում տեղի ունեցան որոշակի հուզումներ, որոնք սոցիալական շեշտադրումներ ունեին, սակայն հետագայում քաղաքական երանգներ ստացան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը` անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:

Սա անմիջապես որսաց ԱՄՆ-ն ՝ փորձելով իր աջակցությունը ցուցաբերել ԻԻՀ-ում ցույց անող մարդկանց:

Անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իրանական հարցը բարձրացրին և փորձեցին քննարկում սկսել: Իրանագետի համար այդ քայլը անհասկանալի է, քանի որ որևէ լուրջ իրադարձություններ տեղի չէին ունեցել՝ բախումներ չէին եղել: Ցուցարարների նկատմամբ ուժի կիրառում չէր եղել, և բողոքի ակցիաները ժամանակի ընթացքում հանդարտվել էին: ՌԴ-ն և Չինաստանն իրենց ավանդական դիրքորոշումը հայտնեցին`ասելով, որ դա Իրանի ներքին խնդիրներն են.« Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողքին սովորաբար կանգնող Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ, ՄԱԿ-ում այս անգամ սատարեցին Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումը և կոչ արեցին չխառնվել ԻԻՀ ներքին գործերին»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ երկրի ներսում կան լուրջ խմորումներ, հատկապես կառավարության՝ պահպանողականների և չափավորների միջև:

Իրանագետի դիտարկմամբ՝ Իրանում երկրորդ ժամկետ ստացած նախագահների համար միշտ էլ այդ շրջանը համեմատաբար բարդ է անցնում: Ռոհանին բացառություն չէ.«Սրա պատճառն այն է, որ երկրորդ ժամանակահատվածում նախագահների հեղինակությունը այնքան մեծ է լինում, որ հոգևորականությանը թվում է, թե նրանք ստվեր են գցում իրենց վրա: Այսպիսով, փորձ է արվում նախագահի հեղինակությունը նվազեցնել»:

Տիկին Իսկանդարյանը գտնում է, որ Իրանում ցույցերի ու դժգոհությունների իրական հիմքն այն էր, որ Ռոհանին առաջարկում էր հարկման դաշտ բերել հոգևոր մի շարք կառույցների: Պատահական չէ, որ ցույցերը սկսվեցին ավանդաբար կառավարամետ Մաշադից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, իրանագետը նշեց՝ ՀՀ-ին խիստ անհրաժեշտ է կայուն և անցնցում Իրան: «Լավ կլինի, որ Իրանում լինեն ժողովրդավարական բարեփոխումներ, որ այն լինի ավելի թափանցիկ և քիչ կոռումպացված: Եթե ցնցումներ լինեն և Իրանը կորցնի վերահսկողությունը`շատերը կարող են օգտվել իրավիճակից`վեր հանելով թե´ քրդական, թե´ Ատրպատականի խնդիրները, կտանեն մասնատման: Ցնցումներով լի Իրանը Հայաստանի անվտանգության շահերից չի ելնում, մանավանդ, որ նման ցնցումների դեպքում երկրից արտահոսք կսկսի, որի մի մասը կբռնի ՀՀ ուղին. Արդյո՞ք մենք պատրաստ կլինենք փախստականների այդքան մեծ հոսք ընդունել: Բացի այդ, կձախողվեն նաև տնտեսական համատեղ ծրագրերը»,- նշեց իրանագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: