Հայերեն   English   Русский  

Հիմա արդեն Վրաստան վերադառնալու ցանկություն չկա


  
դիտումներ: 2723

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեի և փոխնախագահ Էթերի Ցոմայայի հետ է:

Համայնքի գործունեությունը Հայաստանում սկսվել է 1997 թ. առաջին նախագահ, ֆիզիկոս Ասաթիանի Թինա Լևանիի գլխավորությամբ: Տարիների ընթացքում բազում ծրագրեր են իրագործվել՝ ի շահ 1988-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմում տուժածների, այդ պատճառով էլ համայնքը կոչվել է բարեգործական: Տիկին Նամչևաձեն ուրախությամբ է հիշում համատեղ գործունեության առաջին տարիները, երբ Թինա Լևանիի հնարավորությունների և աշխարհի տարբեր ծայրերում ապրող ակադեմիկոս ընկերների շնորհիվ կարողանում էին շատ բարեգործություններ անել, որոնք այսօր, ցավոք, իրագործվում են զուտ համայնքի ներսում:

Ներկայումս համայնքի նպատակն է պահպանել ինքնությունը, լեզուն, մշակույթը՝ հնարավորություն տալով քաղաքի տարբեր ծայրերում ապրող վրացիներին ճանաչելու միմյանց: Համայնքի անդամները հիմնականում կանայք են, որոնք ամուսնացել են հայ տղամարդկանց հետ: Աննշան բացառություններով կարելի է հանդիպել նաև հայ կնոջ հետ ընտանիք ստեղծած վրացի տղամարդկանց: Տիկին Նամչևաձեն նշեց, որ Երևանում ապրող բոլոր վրացիներն ուրախությամբ են հավաքվում համայնքում, որովհետև կարոտում են Թիֆլիսը, վրացական երգն ու պարը, խոսքն ու զրույցը: Ուստի համայնքի ստեղծման առաջին տարիներին չի խանգարել անգամ մշտական հավաքվելու վայր չունենալու հանգամանքը: Այսօր «Իվերիան» մյուս համայնքների պես հանգրվանել է ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում, որտեղ ունեն թե՛ հանդիպումներ, թե՛ դասեր, թե՛ միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: Անվճար վրացերեն սովորել ցանկացողները նույնիսկ կարողանում են կիրակի օրերին գալ կենտրոն: Համայնքի նախագահը ցավով փաստեց, որ ֆինանսական հնարավորությունների սղության պատճառով չեն կարողանում շաբաթվա բոլոր օրերին անսահմանափակ ժամանակով հանդիպել: Մտածում էին, որ Հայաստանում կառուցվելիք վրացական եկեղեցուն կից կառույցով կկարողանան վերացնել այս բացը, սակայն դեռևս որևէ առաջխաղացում չկա այդ հարցում:

Ըստ ՀՀ վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ապրում է 617 վրացի: Այս տվյալը տիկին Նամչևաձեն չի ընդունում՝ բացատրելով, որ շատ վրացի կանայք ամուսնանալուց հետո փոխել են ազգանունը հայկականով, ինչն էլ սխալմունքի պատճառ է դարձել: Համայնքի նախագահը պատմեց, որ Հայրենական պատերազմի ավարտից հետո, երբ Երևանը նոր էր սկսում զարգանալ, Թիֆլիսից հրավիրվել են տարբեր մասնագետներ, մտավորականներ, ինչպես նաև զինվորականներ, որոնք էլ մնացել են Հայաստանում: Ինքն էլ 1963-ին է տեղափոխվել՝ ամուսնանալով հայ տղամարդու հետ: Նա, իհարկե, մատնացույց արեց նաև հայ-վրացական բարեկամությունը՝ ավելորդ համարելով անդրադառնալ երկու ժողովուրդների դարերով կողք-կողքի ապրելուն, Թամար թագուհու, Դավիթ թագավորի ծավալած գործունեությանը և այլ իրողությունների: Նա շեշտեց՝ այսօր ամեն ինչ անում են, որ իրենց լուման ունենան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում:

Համայնքի ղեկավարը նաև հայտնեց, որ այսօր ունեն 4-80 տարեկան անդամներ, բայց հիմնականում գերակշռում են միջին տարիքի՝ 30-50 տարեկան կանայք: Ժամանակի ընթացքում ունեցած կորուստներին զուգահեռ՝ վերջին շրջանում երիտասարդները լքում են երկիրը, ուստի այսօր համայնքում չկա առանձին երիտասարդական թև: Զրուցակիցս տեղեկացրեց նաև, որ «Իվերիան», տեխնիկական դժվարություններից ելնելով, գրեթե կապեր չունի մարզերում (Լոռիում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում) և Արցախում ապրող վրացիների հետ:

Սվետլանա Նամչևաձեն կարոտով հիշում է, որ Թիֆլիսում կողք-կողքի ապրում էին տարբեր ազգությունների մարդիկ՝ առանց հաշվի առնելու ազգային պատկանելությունը, որովհետև տիրապետող էր թիֆլիսեցի հասկացությունը: Նա նկատեց, որ Երևանում մարդիկ փակված են տներում, իսկ այն ժամանակ Թիֆլիսում փակ դուռ չկար: Այդ առումով վրացիներին ավելի նման են գյումրեցիները, գուցե նաև այն պատճառով, որ նրանց հետ կապն ավելի սերտ է եղել:

վրացական համայնք

Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև այն փաստին, որ հայերի ու վրացիների կենցաղային, մշակութային կյանքում, նմանություններին զուգահեռ, կան նաև տարբերություններ: «Իհարկե, հայերն էլ են առանձնանում իրենց հյուրասիրությամբ, բայց վրացիներն ունեն հյուր ընդունելու այլ մոտեցումներ: Մեզ մոտ, եթե անգամ փոքր երեխա է ներս մտնում, տան ավագը ոտքի է կանգնում և դիմավորում, ինչը նշանակում է, որ փոքրին էլ պետք է հարգես: Առանձնահատուկ է նաև վրացիների սերը գիտության ու լեզուների նկատմամբ: Այն ժամանակ բոլոր ազնվական ընտանիքներում գիտեին ֆրանսերեն ու գերմաներեն: Ինչ վերաբերում է մշակույթին՝ վրացիները մինչև խոսելն արդեն երգում ու պարում են: Հատկապես յուրահատուկ է նրանց բազմաձայնությունը, երբ 5 հոգով 8 ձայն են երգում»,- ոգևորված պատմում է տիկին Նամչևաձեն և հավելում, որ իրենք լավ հարաբերություններ են պահպանում ազգային բոլոր փոքրամասնությունների հետ:

Համայնքի նախագահը, որ իրեն համարում է ՀՀ լիարժեք քաղաքացի, համառոտ ներկայացնում է անցած ճանապարհը: Երաժիշտ և օտար լեզուների մասնագետ Սվետլանա Նամչևաձեն 6 տարի աշխատել է Քաջարանի երաժշտական դպրոցում որպես տնօրեն և ուսուցիչ, որից հետո դասավանդել է Երևանի ու Էջմիածնի տարբեր երաժշտական դպրոցներում և տարիների ընթացքում երբևէ որևէ խտրականության չի հանդիպել հայերի կողմից: Նա անկեղծորեն խոստովանում է. «Հիմա արդեն Վրաստան վերադառնալու ցանկություն չկա, քանի որ աղջիկս հայ է, թոռս հայ է, ի վերջո, ես արդեն հայաստանցի եմ»:

Այսօր վրացական համայնքի երեխաները սովորում են հայկական դպրոցներում, բայց մեծահասակների հետ գալիս են կիրակնօրյա դպրոց՝ նաև վրացերեն խոսելու, կարդալու, չմոռանալու համար, ինչին մեծապես օգնում են կիրակնօրյայի լեզվի, երգի ու պարի ուսուցիչները: Բայցևայնպես տիկին Նամչևաձեն իրենց սերնդից հետո ձուլման, լեզվի կորստի հետ կապված մտավախություն հայտնեց: Նա նաև նկատեց, որ Թիֆլիսից եկած վրացիները հայերեն կարդալ չգիտեն, այդ պատճառով էլ համայնքի «Իվերիա» թերթը 2004-ից ամիսը մեկ անգամ լույս է տեսնում վրացերեն ու ռուսերեն:

Վրացական համայնքը մասնակցում է ազգային փոքրամասնությունների համար կազմակերպվող ընդհանուր միջոցառումներին, հայկական տոների հետ կապված արարողություններին, ինչպես նաև նշում է վրացական եկեղեցական ու պետական տոները: Վրացական համայնքին հատկացված փոքրիկ եկեղեցի կա Նորագավիթ թաղամասի Ս. Գևորգ եկեղեցու տարածքում, որը, սակայն, ռուս հոգևորական ունի: Ուստի վրացիներն այցելում են այն եկեղեցիները, որոնք հարմար են գտնում:

Ամեն տարի մայիսի 27-28-ը Վրաստանում հավաքվում է վրացական սփյուռքն ամբողջ աշխարհից: 2004-ից նաև Հայաստանից են մասնակցում՝ դառնալով տարատեսակ միջոցառումների ու փառատոների մասնիկը: Եվ միմյանց հետ շփվելով՝ հասկանում են, որ ամեն մի երկիր իր կնիքն է դնում վրացիների էության ու նկարագրի վրա: Բացառությամբ վերջին տարիների՝ եղել են նաև երեխաների համար կազմակերպվող էքսկուրսիաներ ու ճամբարներ:

Զրույցը շարունակեցինք Էթերի Ցոմայայի հետ: Նա պատմեց, որ մայրը հայ է, և հենց նրա ծնողներն են դաստիարակել իրեն: Բայց, մեկ է, Երևան գալու առաջին ամիսներին չէր հասկանում տեղացիներին, քանի որ Թիֆլիսի հայերն այլ կերպ են խոսում՝ օգտագործելով շատ վրացական բառեր: Տիկին Ցոմայան հայ և վրացի կանանց միակ տարբերությունը տեսնում է արտաքինում, այն էլ՝ չնչին: Ըստ նրա՝ երկու ազգությունների կանանց համար էլ ընտանիքը սրբություն է, երկուսն էլ շատ համեղ են պատրաստում, բայց վրացական խոհանոցն ունի առանձնահատկություններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բոլոր ճաշատեսակների մեջ օգտագործում են ընկույզ, սխտոր և համեմունքներ:

Տիկին Ցոմայան խոսեց նաև Վրաստանի և Հայաստանի նկատմամբ իր զգացումների մասին: «Ամեն տարի մեկ-երկու անգամ անպայման այցելում ենք Վրաստան: Գնում ենք ծովափ՝ հանդիպելով շատ հայերի, որոնք իրենց շատ լավ են զգում, որովհետև նրանց բարեհամբույր վերաբերմունք են ցույց տալիս: Համայնքի անդամների մեծ մասը ծնվել է Թիֆլիսում, որի հետ են կապված մեր մանկության ու պատանեկության լավագույն հիշողությունները: Ուստի, ամեն անգամ Թիֆլիս մտնելիս մի տեսակ հանգստանում եմ: Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանի հանդեպ էլ հայրենիքի զգացում ունեմ: Եթե առաջ մտածում էի, որ ինձ ընդմիշտ պետք է ձգի միայն Թիֆլիսը, ապա այսօր Երևանն էլ է այդպիսին դարձել: Ուր էլ որ գնամ՝ ինձ ձգում է իմ տունը, որտեղ երեխաներս ու թոռներս ծնվեցին, որտեղ ապրում եմ արդեն գրեթե 40 տարի: Ուստի շատ եմ ուզում, որ ոչ միայն մեր համայնքից, այլև ամբողջ Հայաստանից երիտասարդները չարտագաղթեն, որ նրանց թիվը գերակշռող լինի համայնքում, որ նոր ընտանիքներ ստեղծվեն, ունենանք մեր համայնքի թոռները: Դրա համար նախ պիտի տնտեսապես զարգանանք: Եվրոպայում և Ամերիկայում լինելով՝ նկատում եմ, որ մարդիկ այնտեղ հանգիստ են, որովհետև նրանց կյանքն ավելի կանխատեսելի է, կարող են որևէ բան ծրագրել, իսկ մեզ մոտ դա հնարավոր չէ, քանի որ կենցաղը խանգարում է, և դրանից էլ ծնվում են շատ խնդիրներ: Ցանկությունս է, որ մարդիկ ավելի բարի լինեն միմյանց նկատմամբ, ավելի հանդուրժող,- ասում է Ցոմայան և ավելացնում:- Լինելով պատմաբան՝ ուզում եմ, որ ոչինչ ու ոչ ոք չկարողանա խաթարել հայի ու վրացու դարավոր բարեկամությունը, քանի որ մենք ուժեղ ենք միասին: Երբ մի երրորդ ուժ է խցկվում մեր մեջ, թուլանում ենք. ո՛չ Վրաստանն է կարողանում ոտքի կանգնել, ո՛չ էլ Հայաստանը: Սիրտս ցավում է այս բացասական երևույթներից, և դեռ տեսանելի էլ չէ՝ երբ կվերանան, որ իսկապես արժանի լինենք մեր անցած ճանապարհին, իսկ մեր ապագան էլ պարզ լինի ու երջանիկ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: