Հայերեն   English   Русский  

Վազաշեն-Պառավաքար ճանապարհը դարձյալ կրակի տակ էր


  
դիտումներ: 1133

Վազաշեն-Պառավաքար հանրապետական նշանակության գործող ճանապարհը այս պահին բաց է և երթևեկելի: Այս մասին Անկախ-ի թղթակցին հայտնել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Նա նշել է, որ երկու օր առաջ հակառակորդը կրակել է ճանապարհի ուղղությամբ, ինչի պատճառով փակվել է վտանգավոր ճանապարհահատվածը, երթևեկը իրականացվել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհով, որի ասֆալտապատման աշխատանքները դեռևս ավարտված չեն:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհի կառուցումը հետաձգվել է մինչև գարուն: "Տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինուժը կրակել է ճանապարհով անցնող ավտոմեքենայի վրա, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ամեն դեպքում չեմ բացառում նաև հանգամանքը, որ կրակոցը դիրքերի ուղղությամբ է եղել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակվել է ճանապարհը, բայց հիմա արդեն բաց է",-նշել է սահմանամերձ համայնքի ղեկավարը: Բերդ-Իջևան-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենաների վարորդների խոսքով, նախորդ օրերին ստիպված են եղել երթևեկել այլընտրանքային ճանապարհով, որի շինաշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, սակայն, ըստ նրանց, ձյուն լինելու դեպքում ճանապարհը կլինի անանցանելի, ուստի տուն տանող միակ ճանապարհը մնում է գործող Վազաշեն-Պառավաքարը, որի գլխավերևում՝ բարձունքին, հայկական դիրքերին մոտ տեղակայված է հակառակորդի հենակետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: