Կառավարման խորհուրդը խամաճիկ է Երևանի քաղաքապետի, մարզպետի ձեռքին. Անահիտ Բախշյան
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
«Հանրակրթության ոլորտում որպես հակակոռուպցիոն ռիսկ գրված է դպրոցների կառավարման խորհուրդների ոչ լիարժեք գործունեությունը: Առաջարկվում է տնօրենների ընտրության, նշանակման հարցը վերանայել՝ բացառելով շահերի բախումը: Այս շահերի բախումը մեր երկրում ամեն քայլափոխի է և դրա համար պետք է ընդամենը շահերի բախման աղբյուրները վերացնել»,- նշում է Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա՝ շահերի բախումները տեղի են ունենում հիմնականում քաղաքական դրդապատճառներով. եթե տնօրենի թեկնածուն իշխող քաղաքական կուսակցության անդամ չէ, նա երազել չի կարող տնօրենի պաշտոնում ընտրվելու մասին. «Կառավարման խորհուրդը խամաճիկ է Երևանի քաղաքապետի, մարզպետի ձեռքին: Կառավարման խորհուրդն անում է այն, ինչը վերևից թելադրում են: Ընդ որում՝ կառավարման խորհուրդի մեջ ծնողներ կան, և այդ ծնողներն իրենց երեխաների կրթական շահը ստորադասելով՝ անում են այն, ինչ իրենց ասում է ամենավերևինը»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Կոռուպցիոն ռիսկի հաղթահարման առաջին քայլը, ըստ Անահիտ Բախշյանի, պետք է լինեի օրենսդրական փոփոխության միջոցով:
«Այս մասին ես խոսում եմ արդեն 7 տարի: 2009 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով գրված է, որ կառավարման խորհուրդը ընտրում է դպրոցի տնօրենին և աշխատանքային պայմանագիրը կնքվում է կառավարման խորհրդի հետ, այսինքն՝ տնօրենն ամբողջությամբ պատասխանատվությունը ստանձնում է կառավարման խորհրդի գլխավորությամբ: Այսօր կառավարման խորհուրդն ընդամենը գործիք է, և երբ մարզպետին կամ քաղաքապետին մոտ քննադատում ես դպրոցի տնօրենի գործունեությունը և պահանջում վերանայել, ասում են՝ ես չեմ ընտրել, տնօրենին ընտրել է կառավարման խորհուրդը: Պատասխանատվության օբյեկտ մեր երկրում չկա»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Մյուս կոռուպցիոն ռիսկը Անահիտ Բախշյանը տեսնում է համընդհանուր ներառական կրթությանն անցնելու որոշման հետ, որը բանախոսը համարում է հեղափոխական քայլ ոլորտի համար՝ միաժամանակ նկատելով, որ պաշտոնյաները, որոնք չեն հավատում այս գաղափարին, փորձում են տապալել կառավարության հաստատած ժամանակացույցը: Նշենք, որ ըստ Կառավարության ՝ 2018 թվականին համընդհանուր ներառական կրթության անցած պետք է լինեն Արմավիրը և Երևանը, իսկ մինչև 2025 թվականը՝ բոլոր մարզերը:
Բախշյանի խոսքով՝ ժանակացույցը ներառված է Երևանի մեկամյա զարգացման պլանում, սակայն քայլեր չեն նկատվում:
«Երևանի դպրոցների ընդամենը 65-ն են վերապատրաստվելու, այն էլ՝ այն հաստատությունները, որտեղ արդեն կա ներառական կրթություն»,- ասաց տիկին Բախշյանը: