Հայերեն   English   Русский  

​Արևային համակարգերը բավականին էժանացել ու հրապուրիչ են դարձել


  
դիտումներ: 6215

Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրների մասին բազմիցս է խոսվել:

Եվ ինչպես նշում են տարբեր մասնագետներ, այդ էներգետիկ անվտանգությունն առաջին հերթին էներգիայի այլընտրանքային ռեսուրսների ներդրմամբ է պայմանավորված: Հեռանկարը, մասնավորապես, վերականգնվող էներգետիկան է: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներն են հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրները, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով: Եվ այս ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, ինչը հարկավոր է նպատակային ու արդյունավետ օգտագործել:

Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ 1 քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտ/ժ, այն դեպքում, երբ միջին եվրոպական ցուցանիշը 1000 կՎտ/ժ է:

Արեգակնային ֆոտովոլտայիկ կայանի ներդրումային ծախսերը 2 տարի առաջ 1 կՎտ-ի համար բավականին թանկ էին և կախված էներգիայի ստացման տեխնոլոգիաներից՝ տատանվում էին 2500-5200 դոլարի սահմաններում, իսկ կենտրոնացված արևային ջերմային կայանների համար ծախսերը՝ 1 կՎտ-ի համար 4000-6000 դոլարի սահմաններում: Իհարկե, Հայաստանում ոչ ոք պատրաստ չէր նման գին վճարել և օգտվել նման թանկ ռեսուրսից: Բայց վերջին երկու տարիներին այս ոլորտն այնքան զարգացավ, սարքավորումների գներն էլ այնպես իջան, որ արդեն այս ոլորտում ներդրումներն արդարացված են:

Դրան Հայաստանում նպաստեց հատկապես «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի ընդունումը: Այդ օրենքով ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը սակագնի 50 տոկոս գնով։ Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։ Ցանցին միանալու համար անհրաժեշտ է սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն՝ ցանցն իրականացնում է նոր սպառողի միացումը։ Այնուհետև տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով։

Սա, ինչպես և սպասվում էր, որոշակի աշխուժություն ու հետաքրքրություն է մտցրել այս շուկայում: Վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ իջել են արևային էներգիա արտադրող սարքավորումների գները, քանի որ նախկինում սեփական՝ մինչև 150 կՎտ հզորությամբ կայան տեղադրելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձ սպառողը պետք է տեղադրեր նաև մարտկոցներ արտադրված էլեկտրաէներգիան «պահեստավորելու» համար, ինչը մոտ 2,5 անգամ մեծացնում էր այս համակարգերի ծախսերը:

Փաստորեն օրենքի ընդունումից անմիջապես հետո արևային կայանների գները իջան մոտ կիսով չափ: Արդեն շատացան նաև այս ոլորտում գործող ընեկերությունները, ընդ որում՝ ոչ միայն արտասահմանյան արտադրանք ներմուծող-վաճառողները: Արդեն տեղում էլ են նման համակարգեր արտադրվում: Միայն վերջին ամիսներին Հայաստանում գործունեություն սկսեցին ծավալել երեք խոշոր արտադրողներ: Ու մրցակցության ֆոնին, նաև տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, էժանացան նաև այս համակարգերը: Ու եթե մի տարի առաջ 1 կՎտ դրվածքային հզորությամբ սարքավորումն արժեր միջինը 1000–1200 դոլար, այսօր վաճառվում է միջինը 700–850 դոլարով, խիստ որակով ու «բրենդային» սարքավորումներն էլ՝ 1000-1100 դոլարով:

Հայկական «Սոլարոն» արևային էներգիայի համակարգեր արտադրող ընկերությունից էլ «Անկախին» տեղեկացրին, որ եթե մի տարի առաջ 1 կՎտ դրվածքային հզորության արևային էլեկտրակայանի շուկայական արժեքը միջինը 1200-1300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր կազմում, ապա այժմ գինը նվազել է և կազմում է 800-950 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Բայց մենք նշեցինք 1 կՎտ դրվածքային հզորության գինը որպես միավոր: Իսկ իրականում, ինչպես մեզ տեղեկացրին «Արփի սոլար» ընկերությունից, մասշտաբի էֆեկտով որքան հզորությունը մեծանում է, այնքան ծախսերը քչանում են:

Այսպես, ամսական միջինը 300 կՎտ/ժ, այսինքն՝ օրական 10 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ընտանիքի կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է մոտավորապես 2,5 կՎտ դրվածքային հզորություն: Դա արդեն կարժենա մոտ 1600-2000 դոլար: Այս ներդրման ետգնման ժամկետը կազմում է մոտ 7 տարի:

Բայց տանը լոկալ արևային համակարգեր տեղադրելու համար կարելի է նաև դիմել լիզինգի օգնությանը՝ լիզինգով ձեռք բերել համակարգն ու տեղադրել առանց սկզբնական ներդրման, իսկ այն գումարները, որոնք այսպես թե այնպես սպառողը պետք է վճարեր ամեն ամիս իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, այս համակարգերը տեղադրելուց հետո առաջացած խնայողությունների հաշվին մարում է լիզինգը:

Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազել են նաև արևային ջրատաքացուցիչների գները: «Արփի սոլար» ընկերությունից մեզ հայտնեցին, որ 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչները ներկայումս արժեն մոտ 360 հազար դրամ (միայն համակարգերը) և մոտ 480 հազար դրամ՝ ներառյալ բոլոր նյութերն ու աշխատանքները, այնինչ մի տարի առաջ այդ համակարգը տեղարդելու համար կպահանջվեր 560 հազար դրամ:

Այնպես որ արևի տված էներգիայից օգտվելը ներկայումս դառնում է հրապուրիչ, եթե չասենք ձեռնտու կամ շահավետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: