Հիլարի Քլինթոնը «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակներում Թրամփի մասին գիրք է կարդացել
Մրցանակաբաշխության վարող Ջեյմս Կորդենը կարճ սկետչ է ձայնագրել մի շարք հայտնիների մասնակցությամբ: Ձայնագրությունում Ջոն Լեջենդը, DJ Khaled-ը, Սնուփ Դոգը և Շերը կարդում են Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գիրքը:
Սյուժեի համաձայն՝ նրանք լսումների են մասնակցում, որպեսզի հաջորդ տարի պայքարեն «Լավագույն խոսակցական ձայնասկավառակ» անվանակարգի համար: Իսկ հոլովակի վերջում հայտնվում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և հատված կարդում գրքից, որ Թրամփը վախենում է, որ իրեն կարող են թունավորել, ինչի պատճառով էլ արագ սնունդ է նախընտրում: Դրանից հետո կադրում հայտնվում է Կորդենը և հայտնում, որ նա լսումների ժամանակ լավագույնն է ճանաչվել: Սակայն ոչ բոլորին է դուր եկել երաժշտությունն և քաղաքականությունն իրար խառնելը:
Այսպես օրինակ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել թվիթերում քաղաքական արտահայտություններով չոչնչացնել հրաշալի երաժշտությունը: