Հայերեն   English   Русский  

​Թուրքիան իր հսկողության տակ է վերցրել սիրիական երեք քաղաք. Սուլեյման Սոյլու


  
դիտումներ: 523

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է,

որ սիրիական երեք քաղաքներում նշանակվել են թուրք նահանգապետեր և ոստիկանություն: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Սուլեյման Սոյլուն, մասնավորապես, նշել է, որ Սիրիայի երեք քաղաքներ գտնվում են Թուրքիայի հսկողության տակ: Ազեզում, Ջերաբլուսում և Մերալում նշանակվել են թուրք նահանգապետեր, ինչպես նաև՝ ոստիկանության և ժանդարմերիայի ղեկավարներ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել է Սիրիայում «Ժողովրդավարական միությանն» ու Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն այդ կառույցներին ուղարկել են զենքերով լցված բեռնատար մեքենաներ:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: