Հայերեն   English   Русский  

Ձյուդոյիստներն Օլիմպավանում պատրաստվում են միջազգային մրցաշարերի


  
դիտումներ: 532

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:

Գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստի, որոնք պատրաստվում են տարբեր միջազգային մրցաշարերի.

«Տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Փետրվարին երեք ստուգատես կունենանք: Նախ Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում կմասնակցի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին, որտեղ մրցելու են շատ ուժեղ մարզիկներ: Դրանից հետո նա ու Արսեն Ղազարյանը Համբուրգում կմասնակցեն 10-օրյա միջազգային ուսումնամարզական հավաքի, այնուհետեւ Գերմանիայի Դյուսելդոլֆ քաղաքում հանդես կգան «Գրան Պրի» մրցաշարում: Ընտրել ենք հենց այս երկու ձյուդոյիստներին, քանի որ նրանք խոշոր մրցաշարերի մասնակցելու ավելի մեծ փորձ ունեն:

Մյուս ձյուդոյիստները, որոնք նոր են հաղթել Հայաստանի առաջնությունում եւ ընդգրկվել ազգային հավաքական, հանդես կգան համեմատաբար թույլ մրցաշարում՝ Ավստրիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:

Այս միջազգային մրցաշարերի արդյունքում կորոշենք, թե որ ձյուդոյիստները Հայաստանը պետք է ներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արմեն Նազարյանը:

Այս տարի ձյուդոյի աշխարհի առաջնությունը կայանալու է Բաքում: Արմեն Նազարյանը նշեց, որ մասնակցության մասին դեռ ոչ մի հստակ որոշում չկա.

«Այժմ կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնության վրա: Հետո պարզ կլինի տարվա գլխավոր ստուգատեսի մասնակցության հարցը: Եվրոպայի առաջնությունից հետո սկսվելու է ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը: Մենք ունենք հեռանկարային մարզիկներ, որոնք կարող են Տոկիո 2020-ի վարկանիշ վաստակել»,- նշեց Նազարյանը:

2018 թվականից ձյուդոյում փոխվել են որոշ կանոններ: Օրեր առաջ Արմեն Նազարյանը մասնակցել է միջազգային սեմինարի, որտեղ ուսումնասիրել են բոլոր նոր կանոնները: Մարզչի խոսքով՝ ոչ բոլոր մասնագետներն են կողմ եղել փոփոխություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: